astgikHunanyan

Շարքային բլբլոց՝ ձեր էկրաններին

Շոգ ա, եկել պառկել ես ուղիղ պատուհանի տակ դրված մահճակալիդ, որ ի՞նչ։ Վայ լավ, եթե անելու ուրիշ ոչ մի բան չունես, սերիալներիդ ու ֆիլմերիդ պաշարն էլ սպառվել ա, իհարկե ներելի ա, հանգիստ պառկիր, շոգն էլ թող գնա գրողի ծոցը, չէ՞ որ հիմա մտքերդ արագ-արագ կսկսեն գալ, լցվել ուղեղդ՝ առանց անգամ հարցնելու, հարմա՞ր ա քեզ, թե չէ։ Նորմալ ա։ Հաշված վայրկյաններ հետո դու կհայտնվես տիեզերքի դեռ չբացահայտված մասում կատվի դեմքով, Հարրի Փոթերի ակնոցով (միայն թե քո ակնոցի ապակիները սև կլինեն) ու Մայքլ Ջեքսոնի կեդերով (եթե իհարկե երբևէ ունեցել է, էլի)։ 5, 4, 3, 2, 1 ու… Վյու, վյու, վյու…

Ո՞նց ա ինքնազգացողությունդ (ռուսերեն ավելի սիրուն ա հնչում), կապը լա՞վ ա էդտեղ, բա ինտերնե՞տը, հուսամ՝ մեր տան ինտերնետից լավ ա, որովհետև եթե չէ, քո տեղը լինեի՝ հետ կգայի։ Գիտե՞ս, հիմա էնքան արագ կմտածես, ինչքան ասենք, փոքրիկ, դեռ նոր վազել սովորած ձիուկ վարելիս, երբ պարսիկ հարբած փղերի մի ամբողջ բանակ հետևիցդ սլանար, իսկ դու Վարդան Մամիկոնյանը չլինեիր։ Հա, հիշում եմ, միշտ էլ ատել ես պատմությունը. համարյա էնքան, ինչքան «սնիկերսն» ես ատում, բայց դա հեչ։

Հիշո՞ւմ ես, երբ ես ծնվեցի, մերոնք մեր վերջին կովը մորթեցին։ Չնայած որտեղի՞ց հիշես, կովիկի նահատակվելու ժամանակ դու անգամ ծնված էլ չէիր։ Ինչևէ։ Ուզում եմ ուղղակի ասել, որ հենց էդ կովի կաթից շատ համով «սնիկերս» դուրս կգար, բայց քո համար ի՞նչ տարբերություն, չէ՞ որ դու «սնիկերս» չես սիրում: Իսկ երբ հինգ-վեց տարեկա՞ն էիր, հիշո՞ւմ ես, հիմարի պես վախեցնում էիր մեր մատղաշ հավերին, ինչից հետո խեղճերը լվիճոտվեցին ու սատկեցին, ի՞նչ «սնիկերս» կլիներ առանց իրենց հավկիթների, բայց դե քո համար մեկ ա, դու «սնիկերս» համարյա այնքան ես ատում, ինչքան վաճառողն է ատում հովանալու կամ տաքանալու պատրվակով խանութ մտած ու ինչ-որ կարևոր բան փնտրողի «ձև բռնած» հաճախորդներին։ Դե, դա արդեն մի ուրիշ արվեստ ա, խելքիդ բանը չի։

Այ, օրինակ՝ ամբողջ օրը համակարգչով խաղ ես խաղում, ու իմիջիայլոց, միշտ նույն խաղը, ի՞նչ էր էդ հիմարության անունը՝ Վարֆե՞յս, Վարդե՞յս, Վար… Բարբարա՞։ Հա լավ, իրականում անունն ինձ այնքան էլ չի հուզում, դու միշտ դրանով ես զբաղված՝ թքած ունենալով թե՛ դասերիդ, թե՛ ապագայիդ վրա, բայց էս ամենի մեջ գիտե՞ս՝ կարևորը որն է, այո՝ այն, որ դու ատում ես, երբ քեզ վրա կրակում ու դուրս են հանում խաղից։ Երևի ավելի պատկերավոր համեմատություն չկարողանամ անել, քան խաղից «թռնելդ» «սնիկերսի» հետ համեմատելն է: Չէ՞ որ տանել չես կարողանում էդ «պոպոկ-պնդուկ-շոկոլադ» երևույթը, որի անունը էդպես հպարտությամբ «սնիկերս» են դրել։ Ու ընդհանրապես, հաց-պանիր-վարունգը 40 անգամ ավելի լավ է, քան դա։ Ալի Բաբայի 40 ավազակներն էլ են ոտով-գլխով համաձայն, իբր էդ ի՞նչ ուտելու բան ա։

Զարմանում եմ՝ որտեղի՞ց քեզ էդքան միտք, ախր, դու մտածել էլ չես սիրում։ Ամեն անգամ, երբ տրամաբանական հարց եմ տալիս, մի քանի վայրկյան չանցած՝ ասում ես՝ չգիտեմ, ասա պատասխանը։ Սիրելիս, ախր, էդ փոքրիկ, բոլոր օրգանները կառավարող բանը մտածելու համար էլ է, հո մենակ «սնիկերս» ատելով չի՞։ Դու էդ խելքից դուրս շատ շաքարավազ պարունակող քաղցրեղենը երևի ատես այնքան, ինչքան ես եմ ատում, ասենք, մեղրը։ Հիշում ես, չէ՞, փոքր ժամանակ գդալի ծայրով մեղր կուլ տալու համար առատ վարձատրվում էի, ու «արդար քրտինքով վաստակածս» վատնում «սնիկերսների» վրա, իսկ դու, չնայած ինձնից մի տարի փոքր էիր (դե, որքան էլ զարմանալի ա, մինչև հիմա մեր տարիքային տարբերությունը մեկ տարին ա), պահանջում էիր, որ քո ներկայությամբ «սնիկերս» չուտեմ, որովհետև դա ահագին տհաճ էր քեզ համար։ Ինչ արած, ճիշտ էդպես էլ անում էի, ու չնայած դու «սնիկերսն» ատում ես համարյա էնքան, ինչքան…

-Ա՞ստղ։

-Հա՞, մամ,-թուհ, հեսա կապը կընդհատվի։

-Էդ ի՞նչ ես անում ախպորդ հետ, հիպնոսո՞ւմ ես էլի։ Չեմ ասե՞լ քեզ՝ ինչ կինոներում տեսնում ես, էդ երեխու վրա մի փորձարկի։ Ու հա, դու քո բաժին «սնիկերսն» արդեն կերել ես, թող ինքն էլ իրանն ուտի, էլի, տնաշեն։ Գիտես՝ շատ ա սիրում։