Շենգավիթից սահման

Վերնագիրը կարդալուց երևի մտածեցիք ես փշալարեր եմ կտրել և եսիմ ուր գնացել: Չէ, չէ, նման բան չկա՝ գնացել եմ սովորական սահման, որտեղ միշտ կրակոցներ կան, ավելի ճիշտ՝ Տավուշ, իսկ եթե ավելի խորանանք՝ Բաղանիս: Երբ իրերս տեղավորում էր վարորդը տաքսու մեջ, ես օգնելու փոխարեն նայում էի շենքին, շրջակա տարածքին և սպասում, որ շենքի հետևով մետրոն կանցնի՝ մի հատ էլ ձայնը կլսեմ, նոր կգնամ տուն: Բայց ստիպված նստեցի մեքենան: Եթե դա վարորդին ասեի, կասեր՝ տղա ջան, էդտեղ ի՞նչ կա լսելու, որ լսես: Բայց գնացքը ոչ եկավ, ոչ էլ լսեցի, ոչ էլ հավես ունեի բացատրելու, որ կարող է գնամ բանակ ու 2 տարի չլսեմ նրա ձայնը: Թաղամասից դուրս գալիս նայեցի խանութին, որտեղից միշտ հաց եմ առնում, հարակից սուպերմարկետին, որտեղից մեկ-մեկ շոկոլադ էի գնում: Մի քիչ անցանք, տեսա մետրոյի աստիճանները: Վա՜յ, քանի անգամ եմ էստեղով անցել ու սայթաքել շտապելու պատճառով, որ դասից չուշանամ: Լավ դե, ձեր տուն ես գնում: Ժպտա՝ ասացի ինքս ինձ  ու ժպտալով գնացի Բաղանիս:
Շարժվեցինք դեպի գյուղ: Սպասում եմ րոպե առաջ մտնել իմ գյուղ: Չմտածեք, որ ասում եմ գյուղ, ուրեմն կտրված մի տեղ է՝ ոչ, հենց մեր գյուղով է անցնում Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը: Ահա և հասանք գյուղ: Էլի վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ են կանգնել ու չեն կողմնորոշվում, թե որ ճանապահով գնան, որ ապահով լինի, բայց ինչպես մեր գյուղացիք են կատակով ասում.

-Էս մինը վտանգավոր ա, էն մինն էլ «ապասնի», դվորը ուզըմ ես՝ գնա, քու ղսմաթը քու հետ ա:

Երբ հասնում էի գյուղ, արդեն զանգեցի մայրիկիս, որ համով բան պատրաստի՝ գալիս եմ: Էլ չի հարցնում՝ ինչ սարքեմ: Ինքը գիտի արդեն՝ տապակած կարտոֆիլ հավով: Դե, արդեն եկա տուն, տեղավորվեցի, հերթը եկավ դուրս գալուն:

-Պապ, ավտոն կտա՞ս:

-Չէ, տեղ պետք ա գնամ:

-Լավ

Ես դուրս եկա տանից ու սկսեցի ամեն ինչին ուրիշ աչքով նայել, կամ ավելի ճիշտ, երևանցու աչքով: Փաստորեն լիքը հետաքրքիր բան կար մեր գյուղում: Դե, եթե կա հետաքրքիր բան, ապա բացում ենք հեռախոսի խցիկը: Բացում ենք, նկարում և ուղարկում հենց այստեղ, այս կայք, որտեղ կարդում ես նյութս: Ուրախ քայլում էի գյուղով: Հանդիպեցի նրանց, ում երկար ժամանակ չէի տեսել, չտեսա նրանց, ովքեր արդեն գնացել էին արտագնա աշխատանքի: Անցավ մի քանի օր, և էլի ամեն ինչն նույնն է. էլ երևանցու աչքով չեմ նայումգյուղիս: Չգիտեմ ինչու, բայց չէի ուզում վերադառնալ Երևան: Տնից լավ տեղ չկա, ուր ուզում ես՝ գնա: Անգամ եթե գիշերով տանից դուրս գալ չես կարող, որովհետև կրակոցներ կլինեն, վտանգավոր է: Բայց քանի որ ուսանողական արձակուրդներս վերջանում են, պիտի վերադառնամ Երևան:
Կեսօրին տաքսին սպասում էր, և էլի իրերը դասավորելիս մեր տանն էի նայում, բայց չէի սպասում մետրոյի ձայնին: Այ հիմա կարող ես ֆոտոներս նայել: Խոստանում եմ մյուս անգամ ավելի շատ նկարել, որ ավելի լավ պատկերացնես Տավուշի գեղեցկությունը: Ի տարբերություն Երևանի, Բաղանիսում ցուրտ էր, սար ու հանդը՝ ցեխ: Մյուս անգամ: