anush mkrtchyan

Շենիկի ՏնաՇենը

Գյուղում ապրելու ամենամեծ առավելությունը քաղաքից չլինելն է, իսկ քաղաքից լինելու միակ առավելությունը՝ քաղաքից լինելը:

Երբեք չեմ փայլել երաժշտական ունակություններովս, թեև ինձ մեծ երգչուհի էի համարում ՝ սանրը ձեռքիս: Չնայած երաժշտական լսողությու չունենալուս, մայրս միշտ ինձ դաշնակահար էր պատկերացնում, տատս էլ ՝ քանոնահար: Երևի, եթե գյուղում չլինեի, ստիպված կլինեի նոտա սովորել ու որևէ գործիք նվագել, բայց գյուղս փրկեց ինձ:

Ի պատասխան իմ անտաղանդ կերպարի, գյուղում շատ երեխաներ կան, որոնք արվեստի հետ մեծ առնչություն ունեն: Իմ միակ տաղանդը՝ քիչումիչ գրելն է, և թունդ սուրճ պատրաստելը:

Ու այդ շատ ու շատ երեխաներ՝ զարգանալու ու կատարելագործվելու հնարավորությունից զրկված լինելով, իրենց տաղանդը ներդնում են դարպասներին կավիճով նկարելու ու դպրոցական հանդեսներին՝ բերանը բացել-փակելու մեջ:

Երևի կհամաձայնեք, որ դպրոցում երեխաները ոչ միշտ են իրենց ազատ դրսևորում , ու շատ տաղանդներ մնում են անհայտ: Հենց այս տաղանդներին որոնելու ու բացահայտելու ձգտումով էլ մի երկու ընկերներով որոշեցինք գյուղում զարգացման կենտրոն բացել:

30 տարվա ստաժավոր ուսուցիչներից հետո 15 տարեկան աղջկան «ուսուցչի» դերում դժվար է պատկերացնել: Խնդրել եմ, որ ինձ ազգանունով կամ «ընկեր»- ով չդիմեն. ինձ իմ անունը դուր է գալիս:

Կենտրոնի անունը բավականին ոգևորիչ է Շենիկի «ՏնաՇեն» ակումբ: Երեխաների թիվը գնալով շատանում է, ու դրան նպաստում է ծրագրի անվճար լինելը: Ակումբում աթոռներ չունենք, մենք նստում ենք բարձերին, խոսելուց կանգնել պետք չէ, իսկ ձեռքի փոխարեն՝ մատ ենք բարձրացնում:

Մենք գտել ենք գյուղի երեխաներին «դաշնակահար» ու «քանոնահար» դարձնելու մեր բանաձևը: Դրա համար նոտա սովորել պետք չի, պարզապես պետք է հավատալ ու չսահմանափակել մեզ գյուղի ներսում, ինչու չէ՝ ձգտել քաղաքին, բայց լինել գյուղացի: