davit gorgoyan

Շնորհակալ եմ, քիթս վկա

Մաթեմատիկայի պարապմունքից քամված՝ քարշ էի գալիս փողոցներով մի քիչ ցրվելու համար։ Մենակ ես էի, մութը՝ շուրջս, ցուրտը՝ ներսումս, ֆունկցիան՝ գլխումս, Մեսչյանը՝ ականջներումս, ու երկու մոտ յոթ տարեկան երեխա՝ հող ուտելիս։ Նկատեցին։ Նրանցից մեկը թքեց ու վազեց, կանգնեց դիմացս։ Կարգին «բայեվիկ» տիպ էր։ Հագին՝ կարմիր Spider-Man-ով ռետուզ, ընդ որում երկու գծերը դիմացը, թույն մարզակոշիկներով, դարչնագույն վերարկուն կիպ հագած, «դուխով» գլխարկով, հեղափոխական ականջներով։ Սադրիչ հայացքով նայեց ինձ, քիթը աղմուկ-աղաղակով քաշեց վերև (իզուր), կծած խնձորի կեցվածքով ու պարտատիրոջ առոգանությամբ ասաց.

-Բարև, ապեր։

Հավատացեք, ինձ ոչինչ չէր մնում անել, քան ծնկելն ու խոնարհվելը։

-Բարև, պուճուր։

-Պուճուրը դու ես, ես կարգին տղա եմ։ Նայ` ինչ մեծ ա մուսկուլներս։ Համ էլ փեջը էսօր ես եմ վառել,- քիթը վեր տնկեց իր վեհությունն էլ ավելի ընդգծելու համար, նորից քաշեց, թևով տարավ ձախ, աջ ու բավարարված զգալով՝ հոկտեմբերյանցու խաղաղությամբ լռեց։

-Լավ է, էս ինչ ուժեղ ես։ Պարապո՞ւմ ես։

-Հա, բոքսի եմ գնում,- աչքերը փայլեցին որպես Զևսի նորանշանակ նախարար։

-Երնեկ թե նույն էնտուզիազմով խոսեի դրա մասին քո տարիքում։

-Հը՞ն։

-Բան չէ, աբորիգեն։ Ապրես, լավ ես անում։ Պարապի։ Տղեն իրան պաշտպանել պիտի իմանա, հետո ինչ, որ տասնութերորդ դարում չենք։

Մոտ հինգ տարի առաջ կլիներ…

-Ժամանա՜կ։ Հանգստանում ենք։ Դուք շարունակեք, էդ ձեզ չի վերաբերում։

-Բայց պա…

-Շարունակի՛։

-Բայց արյուն ա գալիս։

-Կռիվ անելուց է՞լ ես ասելու՝ արյուն ա գալիս։

Վնգստոցս ելավ բաց թողած հարվածից։ Դպրոցում վատ չէի սովորում՝ միտքս մարզած էր, բայց ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու է հայրս զույգերիս ընտրում ինձնից տարիներով մեծ ու քաշով ծանր մարզիկներից, որը և պատճառ էր այն բանի, որ ատում էի բռնցքամարտը։ Մրցումներից տուն էի մտնում կապտած մարմով ու արյուն կորցնելու պառճառով՝ գլխապտույտով։

Պարտության արցունքներից աղի բան չկա աշխարհում։ Այդ օրը ատեցի հորս։ Հայհոյեցի։ Մտքումս, իհարկե։ Ես անգամ պատասխանելու իրավունք չունեի, ուր մնաց թե… Ջուր բերելիս աչքերի մեջ չէի նայում՝ որպես մաքսիմալ արհամարհանք, ու դա էլ ինձ հաճույք էր պատճառում։ Այդչափ հիասթափություն մեկ էլ Kinder խաղալիքներս կորցնելիս էի ունեցել։ Չէի հասկանում ստիպելու իմաստը։ Ընդվզում էի։ Մտքումս։ Ինձ նկարելն ավելի շատ էր դուր գալիս։ Խմբում ամենալավը չէի, բայց գոնե ծեծ չէի ուտում։ Մայրս էլ էր կողմ նկարելուն, ի դեպ։ Մայրերին զավակների դաստիարակությունը վստահել չի կարելի։ Մեղք են։

-Զալում ավելի շատ են դաստիարակվում, քան դպրոցում, տանը,- հորս խոսքերն են։

Կյանքում չեմ մոռանա էս ճշմարտությունը, որ լսելուց բացի՝ նաև զգացել եմ։ Բոլոր գաղափարները ձգտում են պերֆեկցիոնիզմի։ Մնացածը դրա մոդիֆիկացիաներն են։ Իսկ հարաբերական հավասարություն ես միայն պարապմունքի վայրում եմ տեսել։ Ճիշտ է, մութ սենյակում անգամ սպիտակ պատերն են սև երևում, բայց ռինգում մեր թշնամի լինելը ավելի շուտ մեր ընկերությունն էր ամրապնդում։ Մարզիկ լինելը կյանքի մի այլ կատեգորիա է։ Դու հասկանում ես ինքդ քեզ, վախերդ, թուլություններդ, դաստիարակվում խիստ հսկողությամբ, սովորում հարգել դիմացինին, օգնել թույլին, հարգել ինքդ քեզ ու ընտրություններդ։ Ոտքիցդ կապած կշռաքարի պես ներքև քաշող երազանքների փոխարեն նպատակներ ես սահմանում ու կոտոշավոր պնդաճակատի պես գլուխդ տնկում, և պարադոքսը նրանում է, որ քեզ չեն սովորեցնում. քեզ հարվածում են, դու սովորում ես։ Մարզիկի համար անհնարինը չկա, կա ընդլայնվելու հնարավորություն։ Դրսում քեզ հարգում են, վախենում, զգուշանում ու վստահում։ Ի վերջո, տարեցին օրենք գրող աթենացին չէր տեղ զիջողը, այլ նորահարսի գլուխը սափրող ու տղամարդու հագուստ հագցնող սպարտացին։

Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ չդարձա, ոչ էլ մատը դնչին դրած նկարիչ։ Ես ուզում ու հասնում եմ: