valentinaChilingaryan

Շնորհավոր ծնունդդ, մա՛մ

Երբ մտնում եմ տուն, բացականչում եմ` «Մա՞մ…», իսկ դու պատասխանում ես՝ «ջա՜ն»: Էդ «ջանը» ամեն ինչ արժի: Օրինակ` կարող եմ օրական երեք հատ խնձոր, երկու աման փոփքորն, չորս հատ պաղպաղակ ու վեց հատ չուպիկ չուտել, միայն թե օրեկան տասն անգամ լսեմ այդ բառը: Դե, վերջինը խաբեցի, առանց չուպիկ չեմ կարող:

ՄԱ՛Մ, ինձ միշտ հետաքրքրել է, թե դու ինչպե՞ս ես հասկանում, որ քաղցած կամ տխուր եմ, կամ պապան մոտակայքում է, թե ոչ: Մեկ- մեկ թեման «ցրելու» համար ասում ես` ՄԱՅՐԸ ամեն ինչ հասկանում է, դու էլ մայր  կլինես, ապա կհասկանաս` մի քիչ տխրում եմ: Լուրջ եմ ասում, չեմ ուզում ինձ պես երեխա ունենալ, որը բծախնդիր, հարցասեր, շատախոս, «կոտոշներով» ու քնկոտ կլինի: Ես էդ երեխուն չեմ կարող պահել: Ախր, ո՞նց կարելի է այդքան մեծ համբերություն ունենալ, ընդունել իմ բոլոր սխալները ու անընդհատ սովորեցնել, հոգնած կամ բարկացած ժամանակ չդադարել աղոթել, շարունակ կրկնել` ճիշտ ուղին ցույց տալով:

ՄԱ՛Մ, ինձ նաև հետաքրքրել էր, թե ինչու են արթնանալուց հետո իմ այտերը ցավում ու մազերս թաց լինում: Վերջերս տեղեկացա, որ էսքան ժամանակ ինձ քնից արթնացրել ես այտերս քաշքշելով ու սառը ջուր լցնելով, իսկ դու ասում էիր, որ այտիս վրա եմ քնել և շոգից է, որ մազերս թաց են… Քանի առիթ կա, ասեմ` էս ձախ այտս շատ է ցավում, երևի էս ձախը շատ ես կսմթել, հաջորդ անգամ աջին կխփես` էդ մեկը էդքան շատ չի ցավում:

Հա ՄԱ՛Մ, քո նման խոհարար էլ չկա էս աշխարհում: Ես էդ ոլորտում անզոր եմ: Դու հաճախ ես ասում, որ պիտի անպայման սովորեմ: Բայց դե ես միշտ հակաճառում եմ, ասելով`իմ ընտրյալը գիտնական կամ քաղաքական գործիչ է լինելու, ու մենք ռեստորաններում ենք ճաշելու: Բայց ես հասկացել եմ, որ պիտի սովորեմ էդ ուտելու «բաները» ուտել: Է՜հ, ասում եմ ուտել` սովորել: Կգնամ գրախանութ, մի քիչ էլ խոհանոցային գրքեր կառնեմ, որ դրանք էլ կարդամ: ՄԱ՛Մ,  կսովորեմ, բայց չեմ խոստանում, որ քեզ պես տոլմա, խինկալի, գրիլ, բրնձով փլավ, բորշչ ու ոսպով ապուր, տապակած կաղամբ կպատրաստեմ:

ՄԱ՛Մ,  դու ասում ես, որ ես կոպիտ եմ, բայց մեր մեջ ասած` ես մեղք չունեմ, ինչ արել-չեն արել, էն պապայի գեներն են արել: Բայց ես շատ ուրախ եմ, որ բոլորն ասում են, որ մեծանալով նմանվում եմ քեզ: Էս  անգամ էլ պապիկենց տանը, ձերոնք գիտեին, թե կարող եմ քո նման բիսկվիթ պատրաստել` գործի դրեցին: ՄԱ՛Մ, մի քիչ եմ վառել, բայց ասել եմ, որ իրենց տված թավան լավը չէր, մի խոսքով, հավատացել են:

Հիմա քեզ գրում եմ շատ հեռվից` կարոտախտով տառապելիս, և ուզում եմ շնորհավորել ծնունդդ: Գիտես, որ դու իմ ողջ կյանքն ես, իմ հպարտությունը ու լույսը մթության մեջ: Գիտեմ, որ, եթե մութ գիշեր լինի, լուսաբացը դու ես բերելու, կամ եթե պատուհանիս տակ  անձրևները չդադարեն, դու ես կապելու ծիածանը ու արև բերես ինձ: Թող բոլորը իմանան, որ իմ բոլոր հաջողությունների գաղտնիքը դու ես:

Այո՛, ես ունեմ ՄԱՅՐ, որը հավատում է ինձ ու իր հավատով ուժ տալիս պայքարելու: Նաև գիտես, որ չեմ սիրում ասել՝ «ես քեզ սիրում եմ», «ես քեզ պաշտում եմ», դրանք քեզ համար շատ հասարակ ու ծեծված խոսքեր են: Միայն կուզեի ասել` կներես արած ու չարած արարքների համար և արտասանած  ու չմտածված խոսքերի համար: Շա՜տ երջանիկ եմ, որ ծնվելուց շատ առաջ, քեզ եմ ընտրել որպես մայր: Որովհետև, ես առանց քեզ անկարող եմ գոյություն ունենալ:

ՄԱ՜Մ, դու էս աշխարհում միակ մարդն ես, ում մասին չեմ կարողանում երկար գրել: Երևի նրանից է, որ զգացածս ունակ չեմ բառերով արտահայտել:

ՄԱ՜Մ, խնդրում եմ միշտ ժպտա: ՄԻՇՏ, ՄԱ՜Մ: Դու քո ծնունդով ծնունդ ես տվել երեք խենթերի ու մի սիրո, որը կապում է քեզ ու պապայիս:

ՄԱ՜Մ, հիշո՞ւմ ես, չէ՞, ՄԻՇՏ կժպտաս: