Mane Minasyan

Շնորհավո՛ր տո նդ, Հայաստա՛ն, ի՛մ ե րկիր

Իմ… Ինքնին սեփականացնող բառ է: Իմ երկիրը:
Այս արտահայտությունը լսելիս միանգամից մտքիս է գալիս Հայաստանը, մեր տունը, փողոցը, հողն ու անգամ մեր հարևան տատիկը:

Եթե հայացք գցեմ դեպի մանկություն, կասեմ, որ մի քանի անգամ հնարավորություն եմ ունեցել ապրել արտերկրում, սակայն ծնողներս որոշել են, որ լավ ուղի կգտնեմ միայն իմ երկրում` Հայաստանում:
Ես մի մարդ եմ, ով շատ ակտիվ է, ազատ ու հարմարվող, սակայն այս հատկանիշներն ինձ բնորոշ են միայն այստեղ:
17 տարեկան եմ: Կյանքիս երևի 2-3 տարին է, որ ապրել եմ Հայաստանից դուրս, շնչել ինձ համար օտար օդ, ու արևն անգամ օտար է եղել:
Ես շատ, չէ, շա՜տ-շա՜տ եմ սիրում Հայաստանը:
Հայաստանն ինձ համար մայրս է:
Հայաստանը արևն է, Հայաստանը մեր բակի ծառերն են, անգամ մեր շունը:
Հայաստանը դպրոցն է իմ, նստարանս, գրիչն ու թուղթը:
Հայաստանը լույն է լուսաբացի, իսկ միգուցե` օդը:
Լավ, Հայաստանը նաև դու ես, ընկերուհիս, ուսուցիչս ու մեր դպրոցի պահակը:
Հայաստանը ե՛ս եմ, ե՛ս…
Սահյանը կասեր. «Հայաստա՛ն, անունդ տալիս…»:
Հա, իրոք, Հայաստա՛ն, անունդ տալիս` ես ինձ եմ տեսնում:
Տեսնում եմ դեռ չծնված, երբ փորձում էի ձևավորվել: Տեսնում հենց նոր աշխարհ եկած, տեսնում եմ ինձ օրորոցում, վա՜յ, տեսնում եմ, նոր եմ քայլում, ոտքս մեկ աջ ու մեկ էլ ձախ, մանկապարտեզ եմ գնում ու կրկնում իմ մշտական կարգախոսը. «Քնեմ, հելնեմ, փիլավ ուտեմ, գաս, տանես, հա՞, պապա՛»:
Եկավ, տարավ, էլի բերեց, էլի տարավ ու չբերեց, որովհետև տեսնում եմ ես ինձ դպրոցի դռան առաջ, աչքս թարթում, մեկ էլ հանկարծ ես իմ կրծքի զանգն եմ տեսնում, որ հնչում է վերջին անգամ:
Ավարտում եմ, նոր կյանք մտնում, ոտքս էլի առաջ դնում հենց իմ երկրում` Հայաստանում: Ահա արդեն ուսանող եմ, ուսանում եմ, սովորում եմ, որ զարգանամ ու զարգացնեմ մեր բոլորի հայրենիքը` Հայաստանը:
Հայաստա՛ն, անունդ տալիս ես ինձնից առաջ հենց քեզ եմ տեսնում` պայծառ, վսեմ, վառ գույներով: