hexnar kirakosyan

Շորժա, թարգմանաբար` հույս

Շորժա՝ գողտրիկ ու արևոտ մի գյուղ, որին գրկել ու գրկած պահում են երեք հսկա լեռներ, և ինչպես մայրը կպաշտպաներ իր զավակին, այնպես էլ նրանք են պաշտպանում մանկության հուշերով լի բնակավայրս: Չորրորդ կողմից գյուղը շրջապատված է Գեղամա թագուհու ջրերով: Հանգիստ, քաղաքային եռուզեռից հեռու մի փոքրիկ գյուղ է Շորժան, բայց և այնքան ջերմություն կա այստեղ, այնքան ուրախություն, կարոտել եմ գյուղիս ամեն մի ծառը, ծաղիկը, օդն եմ կարոտել, արևածագն ու մայրամուտը:

Երկու տարի է անցել այն օրից, ինչ ավարտել եմ դպրոցս, բայց այնքան եմ ուզում նորից աշակերտ լինել, սեղանների վրա փորագրել իմ ու մտերիմ ընկերուհուս անունները, ուսուցիչներիս եմ կարոտել, ուզում եմ բարկացնել նրանց, իսկ հետո ներողություն հայցող, անմեղ հայացքով նայել նրանց ու ժպտալ:

Բնակավայրս առանձնանում է մյուս բնակավայրերից իր բնակչության ունեցած մարդկային որակներով ու չափանիշներով: Այստեղ մարդիկ ապրում են միմյանց հետ հաշտ ու համերաշխ: Հարկ եղած դեպքում թև ու թիկունք լինելով մեկը մյուսին։

Մի քիչ էլ խոսեմ Գեղամա գեղեցկուհու մասին: Այնպես եմ ուզում քնել ու առավոտյան արթնանալով իմ սենյակում՝ ձգել վարագույրը մի կողմ ու տեսնել արևի առաջին շողերից փայլող ու ժպտացող հարազատ դարձած լիճը: Այն օրվա տարբեր ժամերին տարբեր երանգներ է ստանում՝ մեկ կապույտ է, ինչպես ջինջ երկինքը, մեկ զմրուխտի է նմանվում, իսկ քամու ժամանակ գորշ գույն ստացած ափերն է ծեծում:

Ինչպես արդեն ասացի՝ Շորժան երեք կողմից շրջապատված է իր անդորրը հսկող սարերով, որոնցից մեկի գագաթին կա մի հինավուրց, կիսաքանդ եկեղեցի, որտեղից կարծես Աստծո աչքը հսկի գյուղն ու բնակիչներին: Այսօր զբոսաշրջության կարևոր կենտրոններից մեկն է դարձել բնակավայրս: Ահա և Շորժան (ի դեպ, թարգմանաբար նշանակում է հույս):

Սիրում եմ Շորժան՝ բնակավայրս, իմ ծննդավայրը: