ani v. shahbazyan malishka

Շուտով

«It’s the most wonderful time of the year»: Հուսով եմ՝ երգելով կարդացիր, թե չէ Andy Williams-ը կնեղանա: Ես էլ: Էս երգը լսելուց մի տեսակ Նոր տարվա շունչ եմ զգում, բայց անջատելուց հետո՝ ոչ մի բան: Ախր, հեչ Նոր տարվա շունչ չկա, է: Մի քանի օրից կսկսվի մարդկանց եռուզեռը: Իսկ ես տանը վերմակս գրկած կնստեմ ու ֆիլմ կնայեմ: Հա, մեկ էլ տոնածառ դնելուց ես էլ կխառնվեմ ու գոնե մի խաղալիք անպայման կկախեմ, դե դա Նոր տարվա օրենքներից է, չէ՞: Մեկ էլ Նոր տարվա օրենքներից է ուտելը, չէ, շա՜տ ուտելը: Դե, կարծում եմ՝ մարդկանց 90%-ը դրա համար է սիրում Նոր տարին: Հա, էլի կերեք, բան չասացի, բայց հո մենակ դրա համար չի՞ Նոր տարին: Նոր տարին նաև բարեկամներին տեսնելու համար է: Գալիս են, հեռու-հեռավոր, սկզբից նախ ծանոթանում ես, հասկանում ես, որ այդքան էլ բարեկամ չեն, իսկ նրանք ասում են.

-Էս ինչքա՞ն ես մեծացել, էսքան երեխա էիր:

Ու դու ուզում ես ասել.

-Մարդը աճող օրգանիզմ ա, դա նորմալ երևույթ ա:

Բայց, դե, չես ասում: Կամ որ գալիս գրկում են դարերով: Մի անգամ մեր բարեկամը էնպես գրկեց, որ ակնոցս մխրճվել էր ու օգնություն էր խնդրում: Մի երկու ժամ որոնելուց հետո վերջապես գտա ու ուշքի բերեցի: Չգիտեմ՝ ասածներս բողոք, թե քննադատություն կընդունեք: Ոնց ուզում եք: Իսկ հիմա ասեմ, թե ինչն եմ սիրում:

Մանդարինի հոտը:

Երբ ցրտից սառած տուն եմ գալիս, մտնելուն պես ակնոցիս ապակիները սպիտակում են ու բան չեմ տեսնում: Մերոնք սկսում են ծիծաղել:

Երբ թարթիչներիս ձյուն է նստում:

Երբ ժամը 00:00-ին երազանք եմ պահում ու հետո մոռանում եմ, թե ինչ երազանք էի պահել:

Նվերներ տալ ու ստանալ:

Հրավառություն նայել:

Երբ առանց ակնոց նայում եմ տոնածառի լույսերին:

Հա, մեկ էլ «չարազի» միջի «ֆստուշկան» եմ սիրում: