lilit vardanyan

Շտապելու ամիս

Արդեն դասերի ավարտն է, բայց ես ամեն օր չեմ իջնում բակ և գիրք կարդում, ինչպես միշտ, արձակուրդներից առաջ: Հարցազրույցն էլ երեք շաբաթ է չեմ հասցնում անել: Զգացել եմ, որ վերջերս անընդհատ շտապում եմ, ու օրերը ավելի արագ են անցնում: Դրա համար որոշեցի մի պահ մոռանալ շտապելու մասին ու հասկանալ, թե ինչու է այդպես:

Մայիս է: Մայսիսին շատ են ծնունդները, տոն օրերը: Ես անգամ հաշվել եմ, թե քանի մարդու ծնունդ գիտեմ այս ամիս: Ասեմ, որ դրանք իմ տասը մատների մեջ չեն տեղավորվել: Արդեն այնքան տորթ եմ կերել, որ հաշիվը կորցրել եմ: Կերել եմ ՝ շոկոլադե, մրգային, սովորական խմորով, բիսկվիթով տորթեր: Նաև զեբր, թռչնի կաթ: Չմոռանանք խորովածի մասին: Դե, ես տորթեր շատ եմ սիրում, ինձ հետաքրքիր էր տորթ փորձելը, բայց երևի էլ մի ամիս տորթ չեմ ուզի:

Հենց այդ ծնունդների ու առիթների պատճառով էլ իմ ժամանակը սկսել է արագանալ: Ես դասերը արել եմ նախօրոք, որպեսզի կարողանամ ողջ օրը ազատ լինել:

Ընկերուհուս վերջին անգամ իր ծննդյան օրն եմ տեսել: Դե, մայիսի ծնունդներից մեկի ժամանակ: Բայց խնդիրը դասերը չեն, այլ ծնունդները: Այս ընթացքում ընկերուհիս ինձ մի անգամ էր զանգել:

-Ալո:

-Ալո, բարև կորած մարդ:

-Բարև, էսօր կիջնե՞ս,- հարցրեց ընկերուհիս:

-Նոր եմ էկել տուն: Վաղը մամայի ծնունդն ա, մյուս օրը՝ Նանեի:

Դասերի ավարտն է: Մի շաբաթ անց կսկսվեն քննությունները: Ես էլ շտապում եմ ավարտել դասերը, որպեսզի հասցնեմ պատրաստվել քննություններին: Գալիս եմ տուն, դաս եմ անում ու մինչև որոշում եմ՝ որ քննությանը պարապել, օրը մոտենում է ավարտին:

-Լիլիթ, տարվա վերջն ա, լավ սովորի,-ասում են ծնողներս:

-Դասերը քիչ են, քննություններին ենք պատրաստվում:

Օրերն այնքան են արագացել, որ իմ գրքի էջերը մի ամիս է սկսվում է 200-ով:

Այսօր դասերից հետո հազիվ հասա տուն: Այնպես էր անձրևում, որ ավտոմեքենաները լողում էին փողոցում: Հետո գնացի ֆոտոյի պարապմունքի: Քանի որ քիչ դաս ունեի, պլանավորել էի պապիկի հետ հարցազրույց անել:

-Լիլիթ, էսօր պետք ա գնանք Խաչիկ հոպարենց տուն, որ տեսնենք իրա թոռներին,-ասաց տատիկս:

Ես էլ փոքր երեխաներին շատ եմ սիրում: Չկարողացա մերժել:

Ժամը 10:30 հասա տուն: Արագ արեցի ֆրանսերենի տնայինը:

-Վայ, էսօր հարցազրույց պիտի անեի,- հիշեցի ես:

Արդեն ուշ էր: Դրա համար էլ հիմա ես շտապելով գրում եմ այս նյութը՝ պատճառաբանելով, թե ինչու ես ոչինչ չեմ հասցնում անել: