anahit badalyan (kapan)

Շտեմարանի գերիները

Հիմա դպրոցականների համար հեշտ չէ: Ավագ դպրոց ոտք դնելուց հետո դպրոցի դասերին ավելանում են նաև պարապմունքները, որոնցից ստացած գիտելիքներով պիտի ընդունվես համալսարան: Եթե անկեղծ՝ այսօրվա դիմորդներին պետք է անընդհատ քաջալերել ու ոգևորել:

Մարդիկ ասում են՝ շտեմարաններն անգիր են անում: Համաձայն եմ, բայց եկեք խոստովանենք, որ առարկայից անտեղյակ լինելով՝ երկու-երեք մասից բաղկացած շտեմարան անգիր անելը հեշտ գործ չէ: Գիտե՞ք՝ ինչու եմ ասում «անգիր անել» և ոչ թե` «սովորել»: Շատերը դպրոցական տարիներին շատ առարկաներ անուշադրության են մատնում, ամիսներով գիրք չեն բացում, չեն սովորում, բայց հենց գալիս է ընդունվելու ժամանակը, քնից արթնանում են, ու գնա` գալիս եմ… Տնտեսագետներ, իրավաբաններ, լրագրողներ ու լեզվաբաններ: Տեսեք՝ ինչ լուրջ է հնչում: Բայց ցավը նրանում է, որ այս լուրջ հնչող մասնագիտությունները կարող են դառնալ ամեն լուրջ-անլուրջ մեկինը: Դառնում են տասներկուերորդ դասարան, սկսում են գնալ մաթեմի, անգլերենի, հայոց լեզվի պարապմունքների (դե, իհարկե, սա բոլորին չի վերաբերում, բայց սրանք այն երեք գլխավոր առարկաներն են, որոնք մի շարք ֆակուլտետներ ընդունվելու համար պիտի յուրացնես): Մեկ ուսումնական տարվա ընթացքում պիտի անգիր անեն մոտ ինը շտեմարան: Գիտե՞ք՝ ահավոր է: Բայց հետո մեկ էլ լսում ես, որ գնացել, քննությունները հանձնել ու բարձր բալերով ընդունվել են՝ իրենց նախընտրած մասնագիտությունը սովորելու:

Հիմա ի՞նչ ասենք. կեցցեն այս աշխատասեր ուսանողնե՞րը, որ կարողացան ինը շտեմարան մեկ տարում անգիր անելով անվճար ընդունվե՞լ, թե՞ մյուսները, որոնք տասներկու տարի սովորեցին, բայց 39-րդ հարցի պատասխանը 40-րդ վանդակում գրելու պատճառով պիտի վճարովի սովորեն: