zarine kirakosyan

Ո՞վ ես դու

Ու հնարավոր է, որ կողքի մի անհայտ կամ հայտնի մոլորակի վրա երկու տեղաբնիկ նստել, գլուխը դրել են ծնկներին (եթե նրանք էլ մեզ նման ծնկներ ունեն), ծիծաղելով նայել են մեզ, որտեղ մենք իրար կոչել ենք ռուս, թուրք, չինացի, փարիզեցի, լոռեցի ու սարիթաղցի, իսկ իրենք ուղղակի՝ երկրացիներ:

Իրենք նայել ու չեն հասկացել, թե որն էր Մակեդոնացու, Նապոլեոնի, Տիգրան Մեծի ու Չինգիզխանի արշավանքների իմաստը, եթե դրանից մեր մոլորակի չափերն իրենց աչքին չէին մեծանում:
Իրենք նայել ու չեն հասկացել, թե ինչու այդ գնդի վրա ապրող մարդիկ չհավատացին Գալիլեյին, երբ ասաց՝ երկիրը կլոր է, բայց հավատացին, որ մեծ կրիաների վրա են ապրում, իրենք նայել ու ամեն նոր ու կարևոր քայլ անողի մեջ բարեկամի են տեսել: Չեն հասկացել, թե ինչի համար են մարդիկ սահմաններ ստեղծել ու ինչի համար են այդ գծերի երկու կողմերում մարդիկ մահանում՝ զենքերը ձեռքներին, գծերը հետ ու առաջ տալով, իրենք տեսել են Մեքսիկայից Ամերիկա անցնող բոլոր միգրանտներին, հետո անհասկանալի հայացքով նայել են մեզ, հետո՝ իրար, ու ուսերը թափ տվել։

Իրենք քմծիծաղ են տվել, երբ Արքիմեդը ասել է «էվրիկա», հուզվել են առաջին շոգեքարշի ծխից ու հնարավոր է՝ այդ ընթացքում երաժշտություն են լսել, ծիծաղել են հավերժական շարժիչ ստեղծող գիտնականների վրա ու հայտնվել են Ժյուլ Վեռնի ու Լեոնարդոյի երազներում, պատմել լուսնի շուրջ պտտվելու հնարավորության ու ինքնաթիռի մասին, ու փոշմանել մի ինչ-որ երկուհազարմեկյան սեպտեմբերի 11-ի: Իրենք գիտեն, թե որտեղ է Չարենցի անհայտ գերեզմանը, տեսել են կրակի համար քարերն իրար շփող մեր նախնիներին ու Արտեմիսի տաճարը վառող Հերոստատին, իսկ հետո նայել են թաշկինակի համար մեռած Դեզդեմոնային նույն անհասկանալի հայացքով ու էլի ուսերը թոթվել:

Իրենք լսել ու չեն հասկացել մեզ, չեն հասկացել մի գնդի վրա 5000 լեզուներով խոսելու իմաստը, չեն հասկացել սևամորթների ստրկությունը, իսկ հետո ցանկացել են երկնքից մի աստղ վերցնել ու դնել Լինկոլնի ճակատին ու կատաղած երկնքից մի քար էլ Հիտլերի գլխին տալ:

Իրենք տեսել են Լենոնին ու ասել՝ վերջապես, հիպիներին տեսնելիս մտածել են, որ մի տեղ ուրիշ մոլորակի վրա հանդիպել են երևի, իրենց էլ է դուր եկել Էլվիսի «Բլու շուզը», ու Վան Գոգի «Աստղալից գիշերը»։ Նրանք նայել են այլմոլորակայինների մասին բոլոր ֆիլմերը ու չեն հասկացել՝ ինչու չենք հավատում իրենց գոյությանը, եթե հավատացինք ծառերի՝ հոգիներ ունենալուն։ Մեր ստեղծած այլմոլորակայինների կանաչ կերպարների վրա ծիծաղել են հայելու դիմաց, ու ասել “oh no!”: Եթե սատանան «պրադա» է կրում, միգուցե այլմոլորակայինները անգլերեն են խոսում, ինչ կա որ։

Իրենք չեն հասկացել «հայրենիք» բառը, չեն հասկացել կայսրերին, նախագահներին, արքաներին, ցարերին ու ավելի շատ՝ սուլթաններին: Հերոսներ չեն փնտրել մարտի դաշտերում, որտեղ մարդիկ իրար սպանում են: Չեն հասկացել Քրիստոսի, Բուդդայի, ու Մուհամեդի հետևորդներին, ատել են ինկվիզիցիան, չեն հասկացել Խաչակրաց արշավանքը, բայց սիրել են Սուրբ Ծնունդը, չգիտես՝ ինչու: Իրենց էլ է դուր եկել կաթոլիկ եկեղեցու Սուրբ Ծննդյան երգերը, ու հա, հնարավոր է մի պահ ցանկացել են երկրացի լինել, բայց Աֆղանստանում, Սիրիայում ու Մոսկվայի մետրոյում, Հերոսիմայում ու Բեռլինի պատի վրա իրենք սկսել են մեզ էլի չհասկանալ:

Մեզ հետ քանդել են Բեռլինի պատը, Լենոնի հետ գրել են “War is over if you want it” երգը:
Իրենք չեն հասկանա մեզ, իսկ մենք մեղավոր չենք, որ էս աշխարհին տիեզերքից չնայեցինք էդպես էլ, չտեսանք մեր փոքրությունը էդ հեռուներից, ու «ո՞վ ես դու» հարցին, անունից, ազգությունից ու կրոնից առաջ չպատասխանեցինք՝ մարդ: