mushegh kyurekhyan

Ո՞ւմ է պետք լավ գաղափար

Գրեթե ամեն օր նույն ճանապարհով գնում եմ պարապմունքի ու գալիս եմ: Գնալուց դրսում դեռ լուսավոր է և մարդկային շարժ կա Վայքում: Բայց երբ վերադառնում եմ, դրսում միայն երևում են հատուկենտ ու նույն մարդիկ: Նրանք իմ հասակակիցներն են, կա՛մ գնում են պարապմունքի, կա՛մ վերադառնում են: Այնքան եմ տեսել նրանց, որ համարյա գիտեմ, ով որ ժամին է սկսում, ում մոտ է պարապում, երբ է վերջացնում: Բացի մեզանից ոչ ոքի չես հանդիպի Վայքի փողոցներում:

Տխուր է: 

Հորաքույրս ասում է.

-Երբ մենք քո տարիքին էինք, ամեն օր երեկոյան դուրս էինք գալիս զբոսնելու: Այնքան շատ մարդ կար դրսում, որ մայթերի փոխարեն փողոցով էինք քայլում: Այդքան շատ էին: Դուք ի՞նչ եք անում` դպրոցից գալիս եք, գնում պարապմունքի, հետ գալիս ու նստում համակարգչի դիմաց: Դուրս եկեք, աշխարհ տեսեք:

-Վայքում ի՞նչ աշխարհ տեսնել,- նստածս տեղից ելնելով ասացի ես:

-Հա, դու գնա համակարգչիդ մոտ:

-Ու կգնամ,- ծիծաղելով ասացի ես ու գնացի իմ սենյակ:

Թեև հասարակական կազմակերպությունների շատ լինելուն և նրանց ծավալած ակտիվ գործունեությանը, Վայքում չկան ժամանցի վայրեր երիտասարդների համար: Մի անգամ այդպիսի բողոքով դիմեցի ՀԿ-ներից մեկի ղեկավարին:

Նա էլ ասաց.

-Ակտիվ տղա ես, մի հատ ծրագիր գրի, թե ինչ ես ուզում, ներկայացրու, իրականացնենք:

Ես էլ ինձնից գոհ մի հատ «թվանոց բիզնես-ծրագիր» գրեցի ու տարա: Ցանկանում էի Վայքում կինոբար բացել: Երբ հաշվեցինք, թե ինչքան գումար է հարկավոր, պարզվեց` 1500-2000 դոլար է պետք սարքավորումների, տարածքի վարձակալման ու մնացած մանր-մունր ծախսերի համար: Իհարկե, ՀԿ-ն այդքան գումար չէր տրամադրի անհեռանկար գործի համար: Բայց դե, չեմ հանձնվել:
Եթե կան բարեգործներ, որոնք կուզենան ինձ օգնել,ապա կիրագործեմ երազանքս: Բայց հետո էլ մտածում եմ. մի քանի ամսից տեղափոխվելու եմ Երևան` ուսումս շարունակելու ու կանտեսեմ իմ բիզնեսը: Այս տարիքում այդքան մեծ պատասխանատվություն վերցնելու համար առնվազն կա՛մ պիտի լինես գիժ, կա՛մ չափից դուրս ինքնավստահ:

Հ.Գ. Կյանքը դեռ առջևում է, ավելի լավ է` իջնեմ երկնքից ու անցնեմ դասերիս:
 Ահա մաման արդեն բարկացավ:

-Հա, մամ, վերջացրեցի, հեսա կանեմ:
Բայց գուցե կա՞ մեկը, ում կոգեշնչի իմ գաղափարը…