aniharutyunyanarm

Ո՞ւր կորան երեխաները

   Ասում են` ժամանակները փոխվել են: Ժամանակները փոխվե՞լ են: Ինչպե՞ս են փոխվում ժամանակները, հետաքրքիր է: Եթե, օրինակ, չլիներ ժամանակի վրա մարդու ազդեցությունը, ինչո՞վ կտարբերվեր 1905 թվականը 2019-ից: Փոխվում են մարդիկ, ոչ թե դարը, ժամանակները, կյանքը կամ աշխարհը: Փոխվում են մարդիկ` ինչ-ինչ գործոններով ազդելով ու փոխելով նաև թվարկվածները: Օրինակ` իմ գյուղը նույն գյուղն է, ինչ եղել է տասը տարի առաջ, երբ ես իմ մանկությունը թողեցի ինչ-որ ուրիշ ժամանակում ու տեղափոխվեցի պատանեկություն: Գրեթե նույնն է, որովհետև ժամանակի հետ մարդիկ որոշ փողոցներ լուսավորել են, տեղ-տեղ ասֆալտ են շռայլել, որ անձրևոտ եղանակներին գոնե հնարավոր լինի ոտքով քայլել, ոչ թե փոքրիկ նավակով տեղաշարժվել, մի քանի տների տանիքներ են նորոգվել, թե չէ` մնացած ամեն ինչ նույնն է` Գևորգի տունը իր տեղում է, դաշտերը միշտ մշակվում են, ծերուկները` ձանձրանում: Գյուղը մնում է նույնը, մարդիկ` փոխվում: Փոխվում են ու փոխում գյուղի կյանքը, որովհետև հարևանի բակում երեկոյան մարդիկ շատ քիչ են հավաքվում, երեխեքը մեր մանկության խաղերը էլ չեն խաղում, տներում իսկական վառարաններին նոր ջեռուցման համակարգեր են փոխարինում: Չեմ ասում` վատ է, որ մարդիկ ձգտում են հնարավորինս հեշտացնել իրենց կենցաղը, բայց գյուղը կորում է, ծխի հոտը քիչ-քիչ պակասում է:

   Գյուղի փողոցներից կորում են նաև երեխաները, իսկ ո՞ւր. տեղավորվում են համակարգիչների հարմարավետ աթոռներին, կամ բազկաթոռներին` սմարթֆոնները ձեռքներին: Երեկոյան, երբ երբեմն քայլում եմ ինչ-որ տեղ գյուղում, թվում է, թե ինչ-որ գերբնական ուժով երեխաները անհետացել են ու, չգիտես ինչու, մնացել եմ միայն ես: Իսկ ես, երբ երեխա էի, ընկերներիս հետ անտեսում էինք անգամ այն, որ մեր փողոցով ամենաշատն էին մեքենաներ անցնում, ու հենց փողոցի մեջտեղում գործնագործ էինք խաղում, բռնոցի, երեկոյան հավաքվում էին նաև փողոցի ավելի մեծ երեխեքը` անգամ մինչև 20 տարեկան, ու սկսվում էին լուրջ առաջնությունները` պահմտոցիի, այգեպանի կամ կարմիր կոճակի: Հիմա չգիտեմ էլ, թե ինչպե՞ս կարձագանքեն 10-15 տարեկանները, եթե նրանց առաջարկեմ, օրինակ, բռնոցի խաղալ:

   Մանկությանս լավագույն խաղերից մեկը «ճամբարն» էր: Դե, ոչ այնքան խաղ, որքան ամենամյա մեծ միջոցառում, որ կազմակերպվում էր փողոցից ինչ-որ մեկի բակում: Ճամբարը իր մեջ նախ ընդգրկում էր տարբեր մրցույթներ` ով ավելի արագ մի մեծ բաժակ ջուր կխմի, ով արագ վարունգ կուտի կամ մի տուփ քաղցր թխվածք և այլն: Սա ճամբարի ամենաինտրիգային մասն էր ու իմ ամենասիրելին, դե, որովհետև ուտելու գործ կար: Հետո պարի, երգի մրցույթների ժամանակն էր` իմ ամենաչսիրածը, որովհետև ես մի քիչ անտաղանդ էի: Տարիքով ավելի մեծ երեխեքը կազմակերպում էին նաև ցուցադրություններ` հիմնականում հագուստի, ու պարզվում է, որ տարիներ անց մեր հորինած հագուստները` հին վարագույներից շրջազգեստներ, պապիկի վերնաշապիկներից զգեստներ և այլն, այսօր մոդայի լավագույն ներկայացուցիչներն են: Ամենաշատը, որ տպավորվել է հիշողությանս մեջ, փոքրիկ գունավոր թղթերն էին, որոնք փակցնում էինք երկար թելերի վրա ու կապում ամբողջ բակով մեկ` մեր գլխավերևում: Թղթերը միշտ փողոցի երեխեքից մեկի մոտ էին լինում, ամեն տարի վերցնում էինք նրանից, ու ինձ թվում էր, որ դրանք հենց հատուկ մեր ճամբարի համար էին պատրաստվում, դրանից հոգիս փառավորվում էր, բայց հիմա հիշում եմ նաև, որ դրանք ինչ-որ պահածոների` դեռ չօգտագործված պիտակներ էին, բայց ոչինչ, ես ինձ խաբված չեմ համարում: Ճամբարն ավարտվում էր պարով ու մեծ, համեղ տորթը կիսելով. դե հասկացաք՝ էլի իմ ամենասիրելի հատվածներից։

Մենք մանկությունից յուրահատուկ հիշողություններ ունենք` ամեն փողոցին ու բակին հատուկ ավանդույթներով, խաղերով ու աղմուկով, ու հիմա հաճախ եմ ուզում երեխաներին փողոցներում տեսնել` դասերից հետո մինչև ուշ գիշեր` ուժասպառ, փոշոտված ու սոված, ուզում եմ, որ որոշ ժամանակով ինձ իմ մանկություն տեղափոխեն:

Ո՞ւր եք կորել, երեխեք: