anahit badalyan (kapan)

Ոգեշնչման աղբյուրը՝ ուսուցիչ

Ուսուցչի մասնագիտությանը միշտ մի տեսակ եմ վերաբերել։ Այդպես էլ դժվարացել եմ հասկանալ՝ իրո՞ք այն այդքան բարդ է ձեռք բերելը, իրո՞ք այդքան գնահատելի է ու այդքան գովասանքի արժանի, որքան ասվում է միշտ։ Մանկուց մեր մեջ սերմանում են այն, թե ուսուցիչը վեհ ու բարձր արարած է, անկրկնելի ու մեծատառով մարդ, հարգանքի ու սիրո արժանի էակ։ Դեռ այն ժամանակվանից, երբ դպրոց ենք գնում, արդեն մեր մտքում ունենում ենք՝ ուսուցիչները ամենից խելացին են, ամենից հոգատարն ու ամենից ամենան։

Չէի ասի, թե այս նախատրամադրվածությամբ ապրելը ճիշտ է։ Նույնիսկ կխիզախեմ ասել՝ սխալ է։ «Ուսուցիչը» կոնկրետ սահմանում ունեցող տերմին չէ, ու ոչ էլ համընդհանուր հասկացություն, ուսուցիչը անհատ է, անհատականություն, և յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է սահմանում իրեն՝ որպես առանձին ու անկախ հասկացություն։

Ցավով պիտի ասեմ, որ վերջին շրջանում (որքանով ես եմ հասցրել նկատել) ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները ոչ այդքան բարի են, ջերմ, օրինակելի և սիրառատ։ Չգիտեմ՝ մեղքը ումն է։ Ասում են՝ նոր սերունդը հարգանք չի ճանաչում, մի կողմից էլ՝ հիմիկվա ուսուցիչները․․․

Այնուամենայնիվ, թաքուն հպարտությամբ պիտի ասեմ, որ իմ սովորելու տարիներին (երևում է, չէ՞, որ այս տարվանից ուսանող եմ դառնալու) ես հազվադեպ եմ հիասթափություն զգացել «ուսուցիչ» ամենակարող ու ամենաուժեղ տերմինից։ Չեմ թաքցնի, զգալու դեպքում շատ ուժեղ եմ զգացել, բայց հավատացեք, որ տասը տարվա դպրոցական կյանքս առանց այդ հիասթափությունների գուցե թերի թվար: Տխուր է, երբ միայն վատն ենք հիշում, այ, դրա համար էլ ուզում եմ այսօր կիսվել լավով, այն ամենալավով, որ հնարավոր էր ձեռք բերել տասը տարիների  ընթացքում:

Ամենալավերի մասին խոսելիս իմ դեպքում թույլատրելի է նաև ստորակետի օգտագործումը, որովհետև իմ ամենալավերը մի քանիսն են, ու ես այնքա՜ն երջանիկ եմ դրա համար: Այսօր կպատմեմ իմ ամենալավերից մեկի մասին, և հույս ունեմ, որ կոգևորեմ ձեզ գոնե այն կեսի չափով, որով նա է ինձ ոգևորել:

-Միսս Թագուհի, դե ինձ լավ բաներ ասեք․․․

-Եթե կյանքը քեզ էսպես փորձություններ է տալիս, փորձիր դրանք պատվով հաղթահարել, ու թող քո ճանապարհին հանդիպած ամեն դժվարությունից կարողանաս պատվով դուրս գալ։

Այս շատ կարճ խոսակցությունը տեղի ունեցավ անցած ամռանը, երբ մենք ավարտում էինք TOEFL-ի վերապատրաստման մեր դասընթացը, ու ինձ թվում էր, որ դա կլիներ իմ ու միսս Թագուհու վերջին հանդիպումը, իսկ ես ուզում էի նրանից վերջին լավ խորհուրդը «կորզել»։

Երկու ամիս անց․․․

-Միսս Թագուհի, եկել եմ․․․

Հիմնական դպրոցս ավարտելուց հետո ես տեղափոխվեցի միջնակարգ դպրոց՝ հեռու քաղաքից, դժվար ու խորդուբորդ ճանապարհով, բայց ջերմ ու նույնիսկ շա՜տ ջերմ: Ու շատ ավելի ջերմ, որովհետև այնտեղ դասավանդում էր հենց միսս Թագուհին:

Քիչ երեխաներ, անսովոր միջավայր, բայց մեկ է՝ անբացատրելի երջանիկ Անահիտ, որովհետև կյանքում ոչ մի անգամ ու ոչ մի ժամանակ ես այդքան սրտատրոփ չեմ սպասել անգլերենի դասերիս, ինչքան սպասում էի այս վերջին տարում: Ես երջանիկ էի այն քառասունհինգ րոպեների համար, որոնց ընթացքում ուժեղանում էի: Այո, իմ անգլերենի դասերը եղել են «մարդաուժեղացման» արագ կուրսեր, որոնք ավելի քան արդյունավետ ու օգտակար գտնվեցին։

Մենք սկսեցինք աշխատել միասին։ Ասում են՝ ես միշտ աշխատասեր եմ եղել, այդ տեսանկյունից մեծ հաշվով նույնն եմ, բայց աշխատելուս ոճն ու ձևը փոխվեցին։

Ես աշխատում էի ամենանվիրական եռանդով՝ շաբաթական երկու քառասունհինգ րոպեի՝ երկու անգլերենի դասաժամի համար։

Ու գիտե՞ք՝ ինչն էր ինձ ավելի շատ ոգևորում: Ես զգում էի, որ միսս Թագուհին էլ է էդպիսին: Հա, արդեն կայացած, հասուն մարդ, բայց նա ինձ հետ հավասար աշխատում էր։ Շնորհիվ միսս Թագուհու ես հասկացա, որ իդեալական ուսուցիչը բնավ էլ նա չէ, ով ամեն ինչ գիտի, այլ նա, ով չիմացած բանը հենց աշակերտի ներկայությամբ կճշտի։ Ու քանի-քանի անգամ ենք դասերի ընթացքում միասին տարբեր բառերի արտասանություն, գործածություն սովորել: Միասին ենք սովորել, ու ես այնքան  հպարտ եմ դրանով:

Միսս Թագուհու շնորհիվ ես սկսեցի ինքս իմ մեջ գնահատել այնպիսի բաներ, որոնք առաջ չէի էլ նկատում, կամ էլ նույնիսկ թերություն էի համարում: Հիշում եմ, երբ առաջին դասը սկսեցի ձեռքերով պատմել։ Մինչ այդ միշտ ասում էին՝ ձեռքերդ հանգիստ թող, ու ես դասը պատմելու ընթացքում ստիպված էի կառավարել անընդհատ շարժվել ցանկացող ձեռքերս։ Իսկ Միսս Թագուհին ասաց․

-Ան, բայց պատմելուդ մեջ ամենաշատը էն դուրս եկավ, որ ձեռքերդ ես օգտագործում: Դա փաստում է, որ նյութը  բնազդաբար անգիր չես անում, այլ հասկանալով պատում ես ու բացատրում էնպես, ինչպես ինչ-որ մեկին ինչ-որ պատմություն կպատմեիր։ Անկեղծ մարդիկ են ձեռքերով խոսում։

Ու այդ օրվանից ես սիրում եմ իմ՝ խոսելու ընթացքում լեզվիցս առաջ ընկնող ձեռքերը:

Ես հպարտ եմ իմ վատ ձեռագրով, որովհետև միսս Թագուհին ասում է, որ վատ է նրանց ձեռագիրը, որոնց միտքը գրչից առաջ է ընկնում։ Իրենն էլ է էդպես։

-Ամեն պարագայում դու ճարտար լեզու ունես, համոզիչ ու գեղեցիկ խոսք, դու շատ սիրուն ես գրում, Ան,- մի առիթով ասաց միսս Թագուհին, ու ես այդ ժամանակվանից սկսեցի ավելի հաճույքով ու սիրով գրել։

-Էլի ֆիզիկա՞, նորից ֆիզիկա՞, միսս Թագուհի, ինչո՞ւ․․․

Մենք անգլերենով սովորում էինք ֆիզիկայի, կենսաբանության, աստղագիտության, փիլիսոփայության, պատմության, պարի, գրականության ու էդպես լիքը  «ություններին» առնչվող դասեր։ Ու մի անգամ միսս Թագուհին ասաց, որ ինձ հետ է ֆիզիկա սովորել։

Դուք՝ ֆիզիկա, իսկ ես՝ այնքան արժեքներ եմ սովորել ձեզնից։ Մենք միասին փորձեցինք դարձնել ինձ less emotional, չգիտեմ՝ ստացվում է, չի ստացվում, դժվար էլ ստացվի, մի տեսակ անհնար է թվում, բայց ես սիրում եմ իմ այն էմոցիաները, որոնք իմ ու Ձեր երկար զրույցների հիմնական թեմաներն էին։ Ես սիրում եմ TOEFL-ի այն հաստ գիրքը, մեր մութ դասարանը, իմ ու Ձեր՝ երեխաների դասից բացակայելու պատճառով մենակ անցկացրած դասերը, շորերիցս կպած վառարանի հոտը ու Ձեր՝ Ան, հեսա մատյանը լրացնեմ, սկսենք-ը։ Ես սիրում եմ իմ՝ Ձեզ երբեմն սեղանին ուժասպառ քնած դիմավորելը ու Ձեր՝«Վեր կաց, զինվո՜ր» արթնացնող կոչը։ Ես սիրում եմ՝ «Ան, մի նոր ծրագիր կա» արտահայտությունը, որից ես զգաստանում էի, հավաքվում ու կենտրոնանում։ Սիրում եմ այն, որ ինձ ճիշտ ուղղություն տվեցիք այն ժամանակ, երբ ես կարող էի ձեռքիցս բաց թողնել կյանքիս ամենամեծ հնարավորությունը։ Անբացատրելի սիրում եմ այն, որ Դուք միշտ available էիք, պատրաստ՝ պատասխանելու իմ ցանկացած տեսակի հարցի։ Այն, որ մենք միասին էինք հագուստ ընտրում իմ քննությունների համար։ Ու այն, որ Դուք հպարտ էիք ինձնով․․․

Ու երբ իմ կյանքի կարևորագույն քննությունից առաջ ասացի՝ միսս Թագուհի, դե մի բան մաղթեք, գնում եմ, Դուք պատասխանեցիք․

-Ես ուզում եմ, որ դու դրսևորես քեզ էնպիսին, ինչպիսին դու իսկապես կաս։ Որ ժպտաս քո լայն ժպիտով ու լինես այ այնքան անկեղծ, որքան դասերի ընթացքում ձեռքերով խոսելիս։ Ուզում եմ՝ բավականություն ստանաս ու վայելես օրը։

Ու այդ ժամանակ ես սիրեցի իմ միջի անկեղծությունը, որից շատ անգամ հիասթափվում էի։

Հիմա, միսս Թագուհի, ես գնում եմ՝ Ձեզ թողնելով իմ անկեղծությունը, իմ լայն ժպիտն ու իմ մարդ տեսակը։ Այն մարդ տեսակը, որի ձևավորման մեջ Դուք անասելի մեծ ներդրում ունեք։

Ես սիրում եմ Ձեզ, իմ ոգեշնչման աղբյուր, իմ թանկ Ուսուցչուհի: