Ոչխարների խուզման փառատոնը Սյունիքում

Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի անասնաշուկայի տարածքում տեղի ունեցավ «Ոչխարների խուզման փառատոնը», որի նպատակն էր՝ առավել ճանաչելի դարձնել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տեղական արտադրանքը, ավանդույթներն ու մշակույթը, ինչպես նաև նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Արդեն երեք տարի է, ինչ անցկացվում է փառատոնը: Երկու տարի անընդմեջ անց է կացվել Հալիձոր գյուղում՝ Տաթևի ճոպանուղու հարակից շրջանում, իսկ այս տարի՝ Խոտում: Փառատոնի մասնակիցներին իրենց ուղերձները հղեց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

-Ոչխարաբուծությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն և այժմ էլ հանդիսանում է անասնաբուծության կարևոր ճյուղերից մեկը: Սյունիքի մարզն ունի նպաստավոր պայմաններ ոչխարաբուծության զարգացման համար, և տևական ժամանակահատվածում ձևավորվել է հարուստ փորձ: Պատահական չէ, որ այս գեղեցիկ միջոցառումը, վերջին տարիներին, հենց Սյունիքի մարզում է կազմակերպվում, քանի որ այս տարածքում դարեր շարունակ բուծվել են հայկական լեռնաշխարհին շատ հարմարված և ժողովրդական սելեկցիայի արդյունքում ստեղծված ոչխարի այնպիսի արժեքավոր ցեղատեսակներ, ինչպիսիք են` մարզեղ, խոզբախ և Ղարաբաղի ցեղերը: Ավելին, այս տարածաշրջանը աչքի է ընկել նաև գորգագործության հարուստ ավանդույթներով, որոնցում պատկերվել են զանգեզուրյան ոճին բնորոշ զարդանախշեր,- իր ողջույնի խոսքում ասաց փոխնախարարը,- հարգելի հյուրեր, սիրելի գործընկերներ, թույլ տվեք մեկ անգամ ևս ողջունել արդեն ավանդույթ դարձած «Ոչխարների խուզի» փառատոնի անցկացման կապակցությամբ, ցանկանալ հաճելի օր, ուրախ ժամանց, իսկ փառատոնի մասնակիցներին մաղթել հաջողություններ:

Ողջույնի խոսք հղեցին նաև Տեղական Ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Սյունիքի փոխմարզպետ Վարդան Դավթյանը և այլոք: Փոխմարզպետը հատուկ շնորհակալություն հայտնեց այս հետաքրքիր փառատոնի գաղափարը հղացողներին, մասնավորապես Նորվեգիայի Թագավորության պատվո հյուպատոսին, ինչպես նաև միջոցառման աջակիցներին, կազմակերպիչներին, «Տաթևի Վերածնունդ», «Հայրենիք» հիմնադրամներին, Շվեցարական զարգացման համագործակցության գործակալությանը և իհարկե, Ռազմավարական զարգացման գործակալությանը:

Ոչխարների խուզմանը փառատոնին մասնակիցները Վերիշեն, Սվարանց, Կոռնիձոր, Խոտ, Քարահունջ, Հալիձոր, Գորայք, Նորավան, Բռնակոթ համայնքներից էին: Վիճակահանությամբ ընտրվեց մասնակիցների հաջորդականությունը: Չորսական մասնակից՝ յուրաքանչյուր փուլին մասնակցելու համար: Ժյուրին հաշվի էր առնում ոչ միայն արագությունը, այլև վնասվածքները և որակը: Մինչ իրենց հմտություններն էին ցուցադրում ոչխարների խուզման մասնակիցները, բեմը տրամադրվել էր համերգային խմբերին ու երգիչներին:
Փառատոնի բարձր տրամադրությունը ապահովում էին The time project-ը, լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը, Dj Mish-ը և Անահիտ Ամիրխանյանը և Դավիթ Հակոբյանը:

Շուտով ժյուրին հայտնեց առաջին երեք հորիզոնականը զբաղեցրած մասնակիցների անուները:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Էդգար Զաքարյանը՝ Սիսիանի տարածաշրջանի Շաքի համայնքից, երկրորդ տեղը` Ռոմանոս Սարգսյանը՝ Գորիսի Տաթև համայնքի, Շինուհայր բնակավայրից, իսկ առաջին տեղը զբաղեցրեց ՊավլիկԿիրակոսյանը , Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից:

Հաղթողները ստացան խրախուսական նվերներ, բոլոր մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր:

Արդեն երեք տարի է ինչ մասնակցում եմ փառատոնին, միշտ հետաքրքիր և յուրովի է կազմակերպվում այն: Քանի որ այս տարի միջացառմանը միացել էր նաև Վայոց Ձորը, հետաքրքրությունը ավելի էր մեծացել: Հերթով մոտենում էի տաղավարներին, լուսանկարում, յուրաքանչյուր տաղավար տարբերվում էր: Սեղաններին այնքան հետաքրքիր ձեռագործ աշխատանքներ կային, որ ոչ ոք չէր կարողանում անտարբեր անցնել: Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում էին հատկապես ձեռագործ աշխատանքները: Հետաքրքիր միջոցառումները շատ էին և գրավիչ:

Երեխաների համար էլ կազմակերպվել էին խաղեր, նրանց խաղահրապարակը առանձին էր: Հատուկ երեխաների համար գառնուկներ կային, և նրանք հերթով մոտենում էին, հիանում, շոյում և քննարկում, թե իրենք որ գույնի գառնուկից ունեն, սև՞, թե՞ սպիտակ: Իսկ բատուտի համար իրար հերթ չէին տալիս: Նրանց բատուտի մեջ տեսնելուց, ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ ուզեցի մտնել, բայց ինձ ստիպելով հրաժարվեցի:
Շատ էին նաև օտարերկրյա զբոսաշրջիկները: Մի ռուս աղջիկ մոտեցավ, խնդրեց, որ իրեն լուսանկարեմ, դե չմերժեցի, հեռախոսը տվեց, անցա գործիս: Մի քանի անգամ նկարելուց հետո, եկավ , վերցրեց, նկարները նայեց, խնդրեց, որ մի քանի անգամ ևս նկարեմ, նկարեցի, շնորհակալություն հայտնեց և հեռացավ:

Փառատոնն այնքան հետաքրքիր էր, որ խորհուրդ կտամ չբավարարվել միայն կարդալով և լուսանկարները դիտելով: Հաջորդ տարի այս օրերին հիշեք, նորից է լինելու: Կսպասեմ ձեզ այնտեղ: