sona zaqaryan

Ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, ուղղակի՝ տարբեր

Երբ իմացա, որ հնարավորություն եմ ունենալու ԱՄՆ-ում սովորելու, առաջին բառը, որը մտքիս եկավ, դա դպրոցն էր։ Անընդհատ հարցեր էի տալիս նախորդ տարիների Ֆլեքս շրջանավարտներին, որպեսզի ինչքան հնարավոր է՝ շատ բան իմանամ դպրոցի ու կրթական համակարգի վերաբերյալ։ Ամեն ինչ շատ հետաքրքիր, հեշտ և միևնույն ժամանակ, շատ բարդ էր թվում։ Բայց դե, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել։

Սկզբում, երբ սկսեցի այստեղ դպրոց հաճախել, շոկի մեջ էի, որովհետև ամեն ինչ իրոք շատ տարբեր էր, բայց քիչ-քիչ հարմարվեցի, և հիմա ամեն ինչ լրիվ սովորական է դարձել։

Ամերիկյան դպրոցն ու կրթական համակարգը իրոք շատ տարբեր են ու հետաքրքիր։

Օրինակ, ամերիկյան դպրոցում կա մի բան, որը Հայաստանում շատ աշակերտներ են ցանկանում ունենալ։ Գուշակեցի՞ք՝ ինչի մասին է խոսքը։ Եթե ոչ, ապա ասեմ, որ խոսքը կողպվող պահարանի, այսպես ասած լոքերի (locker) մասին է։ Լոքերը իրոք շատ պետքական բան է, չնայած շատ աշակերտներ անգամ այն չեն օգտագործում։ Ես անձամբ օգտագործում եմ, քանի որ այնպիսի ծանր գրքեր ունեմ, որ պետք է առնվազն ծանրամարտ պարապեմ դրանք դասարանից դասարան անընդհատ տանել-բերելու համար։ Բայց դա սկզբում էր, հիմա էլ արդեն չեմ զգում դրանց ծանրությունը, բավականին լավ ծանրամարտիկ եմ դարձել։ Ծանր գրքե՞ր։ Այո՛, ծանր գրքեր, բայց բնականաբար ոչ տասնհինգից ավելի առարկաների համար, քանի որ աշակերտները այստեղ սովորում են ընդամենը 7-8 առարկա։ Եվ իհարկե, ամեն օր նույն դասացուցակով։ Կարծում եմ այստեղից եզրակացրեցիք, որ բոլոր առարկաները այստեղ պարտադիր չեն։ Պարտադիր կարող են լինել ամենաշատը չորս առարկա, որոնց մեծ մասը հիմնականում նույնպես ընտրությամբ են։ Օրինակ, պետք է պարտադիր սովորել կա՛մ Միացյալ Նահանգների պատմության, կա՛մ Միացյալ Նահանգների կառավարման համակարգի մասին։

Հնարավոր է ընտրել ոչ միայն առարկաները, այլև որոշ դեպքերում դրանց մակարդակները։ Օրինակ, Իսպաներեն 1-ը սկսնակների համար է, իսկ Իսպաներեն 2-ը` ավելի լավ իսպաներեն իմացողների և այլն։

Ի դեպ, օտար լեզվի մասին։ Շատ ամերիկացի աշակերտների համար երկրորդ լեզու սովորելը (որը սովորաբար իսպաներենն է լինում) իրոք շատ բարդ է։ Շատերը անգամ զարմանում են, երբ իմանում են, որ շատ փոխանակման ծրագրի աշակերտներ երեքից ավելի լեզուների են տիրապետում։

Հայաստանում սովոր ենք, որ ամեն դասարան իրար հետ դաս անի, բայց այստեղ այդպես չէ։ Քանի որ առարկաները ընտրովի են և մակարդակներով, ապա ամեն մի դասաժամի կարող ես լինել տարբեր տարիքի ու դասարանների աշակերտների հետ։

9-12-րդ դասարանները համարվում են ավագ դպրոց։  9-րդ դասարանի աշակերտները կոչվում են freshman, 10-րդ դասարանցիները՝ sophomore, 11-երը՝ junior և վերջապես 12-ները՝ senior։

Դասաժամերի տևողությունները տարբեր են լինում, իսկ դասամիջոցները հիմնականում կարճ, այնքան կարճ, որ հազիվ ես հասցնում մի դասարանից մյուսը գնալ։ Իսկ կարո՞ղ եք ասել, թե ո՞րն է դպրոցում ամենասպասված և սիրելի ժամը։ Դե իհարկե, լանչի (ճաշի) ժամը։ Չնայած շատ աղմուկին և երկար հերթերին, սա դպրոցում ամենասպասված ժամն է։

Մի քիչ էլ գնահատման համակարգից խոսեմ։ Թվերի փոխարեն գնահատումը այստեղ տառերով է ու տոկոսներով։ Գնահատում են՝ A, B, C, D, F։ A-ը համարվում է ամենաբարձր գնահատականը, իսկ F-ը՝ ամենացածրը։ Տոկոսային հարաբերությամբ որոշվում է, թե որ տառն է քո գնահատականը։ Իսկ տոկոսները կազմվում են թեստերի և տնայինների հավաքած միավորների արդյունքում։ Իմ դպրոցում 90%-ից բարձրը համարվում է A։ Ինչու եմ կոնկրետ իմ դպրոցը նշում, քանի որ տարբեր դպրոցներում գնահատման համակարգը կարող է տաբեր լինել։

Չնայած այսքան տարբերությունների պատճառով կարող ենք շատ համեմամատություններ անել, բայց չեմ ուզում ասել, որ Հայաստանի կրթական համակարգը լավն է ԱՄՆ-ի կրթական համակարգից, կամ հակառակը, քանի որ յուրաքանչյուրն էլ ունի իր թերություններն ու առավելությունները։ Եվ ինչպես մենք՝ փոխանակման ծրագրի աշակերտներս ենք սովոր ասել. «Ոչ ավելի լավ է, ոչ ավելի վատ, ուղղակի տարբեր է»։