valentina chilingaryn

Ոչ իրավական տեսություն

Ժամանակն է գիտակցելու այն փաստը, որ ես ծնվել եմ պերֆեկցիոնիստների ընտանիքում՝ հայրս, ով չափազանց ճշտապահ ու պատասխանատու է, և մայրս, որը պարզապես շնչում ու արտաշնչում է օրենքներ հարգելով։ Էս վերջերս, ուսուցիչներիցս մեկը ասաց, որ ես և իմ հասակակիցները մի տարիքում ենք, երբ բոլորս ծնողներից պահանջում ենք սեր ու քնքշանք, որովհետև սա մի ժամանակահատված է, երբ երեխաները կարոտ են սիրո և ջերմության։ Եսիմ, ինձ համար աննորմալություն կլինի պահանջել էդ սերն ու քնքշանքը ծնողներիցս, որովհետև էդ մի տեսակ նյարդայնացնող է։ Օրինակ, ես չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ գրկել կամ համբուրել մորս կամ հորս։ Իրենց հետ իմ խոսակցությունները մեծ մասամբ պաշտոնական են ստացվում, որովհետև երևի չեն ընդունում էն փաստը, որ երկու նորմալ մարդկանցից կարող է ծնվել ոչնչի հետ կապ չունեցող աննորմալ։

-Կլինի՞ էսօր դպրոց չգնամ, մա՛մ։ Էսօր մի տեսակ զզվում եմ դպրոցից։

-Դու միշտ ես ատում դպրոցը, չկա իրավական մի կետ, որ քեզ թույլ տա առանց պատճառի բացակայել դպրոցից։

-Հա բայց, իմ զգացմունքները դպրոցի նկատմամբ ինչի՞ պիտի իրավականորեն հաստատվեն, էդ խնդրի սրտային հատվածն ա, հասկանո՞ւմ ես, մա՛մ։

-Մենք խոսում ենք օրենքից, սենտիմենտալ հատվածը տեղ չունի էստեղ։

-Մա՛մ, դու խառնում ես ամեն ինչ։ Կլինի՞ ասես՝ չէ փոքրիկս, եթե չես ուզում, մի՛ գնա։

Խորը շունչ քաշեց ու գնաց սենյակից։ Եթե գոյություն ունենար մի սարք, որը փաստացի կուսումնասիրեր ուղեղիս հոգեբանական անկյունը, ապա էնտեղ կգերակշռեին մամայի «օրենքով, դու պետք է ․․․» -ով սկսվող նախադասությունները։ Մեկ մեկ, ինձ թվում է, որ Գալուստ Սահակյանի «Երեխաները պարտավոր են մեծանալ» ասույթը իմ մասին է գրված։ Երևի դրա համար չեմ պահանջում, էսպես կոչված, սերն ու քնքշանքը, կամ էլ պահանջում եմ, ուղղակի ես չգիտեմ, որովհետև ինձ համար անհնար է էդ տեսանկյունից ծնողներիս պատկերացնելը։ Գրողը տանի, կամ հայրս։ Չեմ հասկանում, ո՞նց կարող է մարդ այդքան ճշտապահ լինել։ Մի անգամ, էնպես ստացվեց, որ պիտի աշխատանքից հետո ինձ վերցներ, ու ես պիտի 19։30 լինեի մետրոյում։ Անց 32 հասա։

-Բարև, ո՞նց ես։

-Բարև,- ու լռեց։

Հասկանում էի, որ հեսա պապայի հրաբուխը կժայթքի, ուղղակի ի տարբերություն մամայի հրաբխի, որն արտահայտվում է գոռոցներով, պապայինը միայն ջղային հայացքներ են։

-Դու մահմեդակա՞ն ես։

Չհասկացա սկզբից, մահմեդականությունը ի՞նչ կապ ունի խոսակցության հետ, որովհետև պապան կրոնի հետ սեր էլ չունի։ Գուցե մահմեդականները ուշանո՞ւմ են հենց 2 րոպե, դրա համար։ Եսիմ։ Ամեն դեպքում լռեցի։

-Քանի րոպեում ես մաթեմի խնդիր լուծում։

Էստեղ նենգորեն հասկացել էի, որ հեսա էն լեկիցան ա սկսվելու, որ 2 րոպեում կարող էի մաթեմի 1 խնդիր լուծել, անգլերեն 3-4 նոր բառ սովորել, գրքի 1 էջ կարդալ, դրա համար վստահ ասացի՝ դե 5, ինչի՞։

Մյուս անգամ երբ պիտի ընտանիքով ընթրեինք, արդեն մաման գլուխս լցրել էր, որ 18։30 տանը լինեմ, որովհետև օրենքով էդպես է։ Էս անգամ չգիտեմ, սահմանադրությամբ թե օրենսգրքով, բայց ոնց որ մաման ա ասում ՝ իր օրենքով։ Անց 36 մտա տուն, բոլորն ինձ էին սպասում, փչացրեցի ընտանեկան ընթրիքը, էլի ջղային հայացքներ, կիսատ ափսեներ, մեծ կորուստ թվացող իրավիճակներ։

Չսովորեցի ծնողներիս համար լինել ճշտապահ, մինչդեռ շրջապատում կամ դպրոցում ասում են՝ պատասխանատու եմ։ Երևի դրա համար է, որ ատամնաբույժս հենց սահմանված ժամանակից 15 րոպե ուշ է սկսում իր գործը, ուզում եմ հայրիկի նման ջղային հայացքներ նետել, բայց չեմ կարողանում, որովհետև արևի պես ժպտում է, ու էդտեղ մոռանում եմ ինչ պիտի ասեի։ Դե էդ ա էլի, սեր ու քնքշանք պահանջող երեխա եմ։ Երևի հենց մերոնք էս նյութը տեսնեն, մաման էլի կասի՝ դու օրենքով իրավունք չունես առանց իմ համաձայնության իմ մասին նյութ գրել, պապան էլ բան չի ասի, որովհետև ինքը չի իմանա, որ սահմանված ժամին պիտի նյութս կայքում լինի, թե չէ կասեր, ուշացար 3 րոպե, 35 վայրկյան, 19,5 միլիվայրկյան։ Ես էլ կցինիկանայի էլի, ու կասեի՝ ուշ-ուշ եմ գալիս, բայց ոչ ուշացած։

Օրենքներով ու պարտականություններով հագեցած օրվանից հետո, էլի ֆեյսբուքի էջս էի թերթում, հանդիպեցի ԱԺ-ի մի ելույթի, որտեղ մի կին պատգամավոր նշում էր. «Բանակ գնալու կարողությունը երեխաները դպրոցից պետք է ձեռք բերեն»: Սկզբից խորը շունչ քաշեցի, հետո ասացի` «Վախ, հորս արև», հետո ոչինչ բարձրաձայն չասացի` մտքիս մեջ բարկացա: Առհասարակ, քաղաքական նորություններ հանդիպելիս, աշխատում եմ արագ թերթել ու չխորանալ, որովհետև մեկ-մեկ ինձ թվում է, որ ԱԺ-ի շատ խորհրդակցությունները, ոնց որ էն կորած գյուղի ժողովներից լինեն, երբ հավաքվում են գյուղի իգիթները ու որոշում արժի՞ կովին մորթել, թե մի քիչ էլ սպասել մինչ կաթնատվությունը մեծանա: Գուցե վիրավորական հնչի, ա՜յ, մարդ` գուցե չհնչի էլ, բայց ամեն դեպքում ասեմ` իմացեք, նման տպավորություն է ստեղծվում: Ելույթի վերոնշյալ նախադասությունը ուղեղիս ծալքերում առաջացրեց Error 404, հետո մտածեցի, թե դենդրիտներս սխալ են ընդունել էդ տեղեկատվությունը ու աքսոններս էլ սխալ փոխանցում են կատարում: Մի խոսքով մտածեցի, թե իրենց internet connection is poor է: Բայց, հենց սկսեցի ինձ update անել, հասկացա, որ ամեն ինչ կարգին է իմ նյարդային ազդակների հետ:
Շարունակելով այս ցնդաբանությունը (սիրելի՛ խմբագիր, չջնջես այս բառը, եթե մտածում ես խեղճ նեյրոններիս մասին) ու փորձելով հասկանալ դրա էությունը, եկա այն եզրակացության, որ բանակի գիտակցումը պետք է սկսել մանկապարտեզից, պետք է երեխաներին սովորեցնել լինել անհանդուրժող, որ պատերազմի լուծումը զենք վերցնելն ու կռվելն է, սովորեցնել հպարտանալ ու ուրախանալ թուրքի արյունով և ապրել այն ենթագիտակցությամբ, որ թուրքերը, ադրբեջանցիները, պարսիկները բոլոր ազգերը բացի հայերից, ու հա երևի «սիրելի» ռուսներից, մարդիկ չեն, դրանք զուտ ֆիզիկական քարեր են, որոնք չունեն սիրտ, զգացմունք ու հոգի: Դասագրքերը մեզ սովորեցնում են լցվել հավերժական չարությամբ, հպարտանալ Սամվելով, ով հայրենիքի համար սպանեց ծնողներին, միայն բավարարված զգալ, երբ թուրքը մեռած է կամ հայը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում այլ «թշնամի» ազգի հանդեպ: Ցինի՞կ եմ: Չէ, ուղղակի ուզում եմ, որ երեխաներին չխառնեն հիմար ու անիմաստ քաղաքական կռիվներին: Մնացել էր` դպրոցից երեխաները ձեռք բերեին բանակ գնալու կարողությունները: Կլինի՞ ոչ մեկին դեռ փոքր ժամանակվանից չդատապարտեն բանակ գնալու պարտավորության կամ էլ թուրքի ու ադրբեջանցու նկատմամբ ատելությամբ:
Որպես ՀՀ քաղաքացի, ես չեմ ցանկանա դպրոցում լսել կոչեր պատերազմի ու բանակի կարևորության մասին, ես ուզում եմ լսել խաղաղության քարոզներ, որ դա էական չէ, թե մարդն ինչ ազգ է, մարդը բարձրագույն արժեք է, անկախ իր էթնիկ պատկանելությունից: Ես ուզում եմ, որ ընդունվեն այնպիսի խելամիտ քաղաքական որոշումներ, որոնք երկիրը չեն տանի դեգեներացիայի: Ես նկատի չունեմ` եկեք բանակը ցրենք, նստենք տանը ու անպաշտպան սպասենք: Ես ուղղակի ուզում եմ, որ ձգտենք նրան, որ գա մի օր, երբ բանակ գնալը պարտավորություն չլինի, որ չվախենանք, երբ մտածենք՝ այ, եթե տղաս չգնա, ո՞վ պիտի սահմանը պահի։ Չէ, թող գա մի օր, որ զգանք խաղաղության բույրը, ոչ թե ատելության անդուր հոտը։ Գուցե այդ օրը շատ հեռու է, բայց հաստատ սարերի հետևում էլ չէ։ Ընդունվեն Էնպիսի քաղաքական որոշումներ, որոնք երկիրը կտանեն խաղաղության, որ բանակի դերը էդքան էլ մեծ չի լինի երկրում, որ բոլորս մեր ընկերներին, եղբայրներին, զարմիկներին բանակ ճանապարհելուց միայն հպարտություն ապրենք, առանց վախի մթնոլորտի, որ էլ չենք տեսնի: Ախր, էս սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն էր: Լավ, սերը ձեզ պահեք, ո՞ւր ա հանդուրժողականությունը: Գուցե շատ խորացա, գուցե էդ նախադասությունը նման ենթատեքստ էլ չուներ, բայց ես էսպես եմ կարծում բանակ գնալու կամ չգնալու հետ կապված։ Ու վատը էն ա, որ էս նույն ատելությունը միայն հայերի կողմից չի, «թշնամի» ազգերն էլ պահը բաց չեն թողնում։ Բայց եղածը ընդամենը հիմար քաղաքական կռիվներ են, որոնց չարժե խառնվել։ Տեսնես, կգա՞ մի օր, որ կհասնենք էն գիտակցական մակարդակին, որ յուրաքանչյուր ազգին բնորոշ հատկանիշ չկա, որ միանշանակորեն զատի տարբեր ազգերին։ Բոլորն էլ հասարակ մարդիկ են, տարբեր արտաքին հատկանիշներով, տարբեր բնավորության գծերով ու տարբեր կարծիքներով։

Պետք չի լրջանալ։ Էսքան բան։