«Ոչ մի կարևոր բան, բայց այդ պահին ծնվեց գաղափարը»

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Նախորդ շաբաթ մենք Ավստրիայում մասնակցում էինք Media Moving Forward ծրագրին։ Դե, դրա մասին ահագին արդեն կարդացել եք մեր կայքում։ Ծրագրի շրջանակներում մեզ հետ էին նաև երիտասարդ ծրագրավորողներ, որոնք մասնակցում էին Mobile Youth App Camp-ին։ Այս ափ-քեմփի ժամանակ ծրագրավորողները ներկայացնում էին իրենց ստեղծած հավելվածները։

Հարցազրույց ափ-քեմփեր (App Camper), երիտասարդ ծրագրավորող Յակոբ Լոբոդեցկիի հետ։ 

-Ներկայացեք խնդրեմ։

-Իմ անունը Յակոբ Լոբոդեցկի է, ես Լեհաստանից եմ։ Սովորում եմ գեոինֆորմատիկա Վարշավայի տեխնոլոգիայի համալսարանում (Warsaw University of Technology), դա կապված է գեոդեզիայի և ՏՏ ոլորտի հետ։

-Ի՞նչ է ափ-քեմփը, և ինչպես որոշեցիք մասնակցել դրան։ 

-Ես այդքան էլ վստահ չէի, թե իրականում ինչ է դա, միայն տեսել էի գովազդը ինտերնետում, որը ինչ-որ մրցույթի մասին էր իմ երկրում։ Իմ հավելվածը արդեն զարգացման որոշակի փուլում էր գտնվում, ես որոշեցի մասնակցել ընկերոջս հետ, քանի որ ես ստեղծել եմ այդ հավելվածը հենց ընկերոջս հետ, դա շատ կարևոր է։ Մենք ոչ մի ակնկալիք չունեինք, բայց ընտրվեցինք։ Դա անակնկալ էր մեզ համար։ Այսպիսով, հիմա ես արդեն հաստատ գիտեմ, որ ափ-քեմփը երիտասարդ մարդկանց, աշխարհի տարբեր անկյուններից եկած ծրագրավորողների հանդիպում է, որի ժամանակ դուք ծանոթանում եք, տեսնում եք, թե ինչպես են աշխատում մյուսները և շատ նոր բաներ եք սովորում։ Այս հանդիպումը շատ հետաքրքիր է, քանի որ շատ մարդիկ աշխատում են լրիվ տարբեր տեխնոլոգիաներով, տարբեր պրոյեկտների վրա, հետևաբար, մենք կարող ենք փոխանակել մեր փորձը։

-Պատմեք խնդրեմ Ձեր հավելվածի մասին։

-Իմ “ReadyToGo” հավելվածը հրավեր է մարդկանց ավելի շատ շարժվելու և կյանքում զբաղմունքներ գտնելու, որովհետև մարդիկ հիմնականում նստած են։ Այսպիսով, իմ հավելվածի հիմնական ֆունկցիան է՝ օգնել վազորդներին գտնելու ճանապարհներ, որտեղ կարող են վազել, քայլել կամ հեծանիվ քշել։ Խնդիրն այն է, որ վազորդները հիմնականում վազում են նույն ճանապարհներով, ինչը պարզապես ձանձրալի է, հետևաբար, նրանց համար իսկապես լավ կլինի գտնել այլ ճանապարհներ, այլ գաղափարներ։ Ավելին, երբ դու, օրինակ, արձակուրդում ես և ոչինչ չգիտես քո շրջապատի մասին, այս հավելվածը կօգնի քեզ գտնելու վազքուղիներ։

Ես ուզում եմ բարելավել իմ հավելվածը, այն կներառի ամբողջ վազելուն պատրաստվելու գործընթացը, օրինակ՝ ցույց կտա օդի աղտոտվածությունը, եղանակային պայմանները, կառաջարկի տաքացնող վարժություններ և այլն։

-Ինչպե՞ս առաջացավ հավելվածը ստեղծելու գաղափարը։

-Կարծում եմ՝ դա ուղեղային գրոհի արդյոււնք էր։ Մենք հանդիպել ենք ընկերների մի խմբով ու խոսում էինք ուսումնական առաջադրանքի մասին, ոչ մի կարևոր բան, բայց այդ պահին ծնվեց գաղափարը։ Մենք մտածեցինք մի բան, որը օգտակար կլինի մարդկանց համար և որը դեռ գոյություն չունի։

-Դուք ինքներդ վազո՞ւմ եք։ Այս հավելվածը հենց Ձեզ համար է՞լ է, թե դուք կարծում եք, որ այն պարզապես լավ բարեփոխում է հասարակության համար։

-Մի քիչ շփոթեցնող հարց է, ես պարբերական վազորդ չեմ կամ պրոֆեսիոնալ մեկը։ Վազում եմ ժամանակ առ ժամանակ, իհարկե, և հենց այդպես էլ փորձարկել եմ իմ հավելվածը, բայց հանդիպել եմ նաև վազորդների հետ, որոնք ուզում էին ունենալ այս հնարավորությունը։ Դա էր իրական պրոբլեմը։ Վազորդները միշտ ասում էին, որ կուզենային ունենալ իմ հավելվածի նման մի բան։

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

-Ինչքա՞ն ժամանակում է ստեղծվել հավելվածը։

-Բացի ինձնից և ընկերոջիցս, այս հավելվածի վրա աշխատում էին ևս 8 հոգի, կար մի փոքր դժվարություն ներգրավվելու հետ կապված։ Բացի դրանից, մենք դասեր ունեինք, դա ամբողջական աշխատաժամանակով աշխատանք չէր։ Կարծում եմ՝ ծրագրավորման փուլը մոտավորապես կես տարի է տևել։

-Ո՞րն էր այդ գործընթացում ամենամեծ դժվարությունը։

-Սկզբում խնդիրն այն էր, որ մենք փորձել էինք ստեղծել մեծ թիմ և հաղորդակցությունը այդքան էլ լավ չէր։ Օրինակ՝ մենք առաջադրանք էինք տալիս ինչ-որ մեկին և սպասում էինք մեկ, երկու, երեք շաբաթ. արձագանք չկար։ Դրանից հետո թիմում մնացինք միայն ես ու ընկերս, և պրոբլեմներն արդեն հիմնականում տեխնիկական էին։

-Իսկ ինչպե՞ս էր ստեղծվել ձեր թիմը դպրոցի՞ց, համալսարանի՞ց։

-Թիմը ստեղծվել էր քոլեջից։ Մենք ունենք ուսանողների ասոցիացիա, կոչվում է “Geoida”։ Մենք պարզապես հարցրել էինք, թե ով է ուզում միանալ մեր ծրագրին։

-Եվ ընդհանուր քանի՞ հոգուց է բաղկացած թիմը։

-Սկզբում մենք 10 հոգի էինք, հիմա, ինչպես արդեն նշեցի, միայն ես և ընկերս։ Մյուսները նույնպես մեծ աշխատանք են կատարել, օրինակ՝ ուսումնասիրել են մյուս նման հավելվածները, հարցուփորձ են արել վազորդներին մեր հավելվածի մասին։ Դրանից ավելի նրանք մեզ օգնել չէին կարող։

-Հասանելի է՞ արդյոք Ձեր հավելվածը ցանկացած երկրում, թե այն աշխատում է միայն Ձեր երկրում։

-Տվյալները Open Street Maps-ից են, որը գլոբալ ծառայություն է, հետևաբար այլ երկրներում նույնպես պրոբլեմներ չեն լինի։ Իհարկե, դեռ շատ աշխատանք կա կատարելու, օրինակ՝ թարգմանությունները, որոնք դեռ արված չեն, բայց կարծում եմ՝ արագ աշխատանք է։

-Խոսենք Media Moving Forward-ից, ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ։

-Նույն ափ-քեմփի շրջանակներում։ Դիմեցի և ընտրվեցի, քանի որ ունեի իմ սեփական հավելվածը։ Եվ հիմա ես այստեղ եմ։

-Այստեղ հնչում են շատ նոր գաղափարներ և կարծիքներ։ Ի՞նչ եք կարծում, դա կօգնի՞ Ձեզ գտնելու նոր լուծումներ Ձեր հավելվածի համար։

-Այո, կարծում եմ։ Իմ խնդիրն այն է, որ ես ունեմ շատ գաղափարներ, բայց վստահ չեմ՝ որ ճանապարհով պետք է գնալ, որպեսզի դարձնեմ իմ հավելվածը յուրահատուկ և հաջողված։ Այսպիսով, ես ունեցա ավելի շատ նոր մտքեր, որոնք կարող են իսկապես օգնել ինձ։

-Ո՞րն էր Ձեզ համար այս օրերի ամենահետաքրքիր մասը։

-Կարծում եմ՝ հավելվածների ներկայացումը։ Ես հնարավորություն ունեցա ներկայացնելու իմը և տեսնելու, թե ինչպես են ուրիշները անում դա։

-Ի՞նչ հետագա պլաններ ունեք։

-Բազմաթիվ պլաններ ունեմ, քանի որ այս նույն ընթացքում ես ստեղծում եմ իմ երկրորդ հավելվածը համալսարանի համար։ Հավելվածը օգնում է շենքերի ադմինիստրացիոն աշխատողներին՝ բանալիներ տրամադրելու ու դրանք հետ ստանալու գործում։ Հիմա շատ ձանձրալի կլիներ, եթե աշխատողները ունենային գրքեր, մատյաններ, որտեղ էլ գրեին մարդկանց անունները, հետո՝ ստուգեին։ Այդ պատճառով էլ մենք ստեղծեցինք այդ հավելվածը, որպեսզի դարձնենք այդ պրոցեսը ավելի արագ։ Սեղանի վրա հարմարեցված կլինի թաբլեթ, որտեղ մարդիկ կգրեն իրենց անունները, կընտրեն սենյակը և կստանան բանալին։ Հուսով ենք՝ մեր հավելվածը կսկսի աշխատել արդեն սեպտեմբերից։

Հարցազրույցը պատրաստեցին՝ Միլենա Խաչիկյանը, Սառա Մարտինսը, Մարիամ Նալբանդյանը