Ոչ ֆորմալ կրթության նոր շարք Վեդիում

Վեդու «Station Anticafe» նախաձեռնությունը սկսել է դասընթացների շարք, որի նպատակն է ունենալ ավելի ակտիվ ու պահանջատեր երիտասարդներ։

Ոչ ֆորմալ կրթությունն այնքան էլ տարածված չէ Վեդիում, դրա համար նախաձեռնության հիմնադիր անդամների նպատակն է այն դարձնել պարբերական բնույթ կրող երևույթ իրենց քաղաքում։

Դասընթացների շարքը սկսվել է «Փիչինգ-սթարթափ» դասընթացով։

Դասընթացի ընթացքում Վեդու տասը երիտասարդներ սովորել են, թե ինչ է փիչինգն, ու ինչ հմտություններ են անհրաժեշտ գրագետ փիչինգ անելու համար։

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

16-ամյա Քրիստինեն նշում է, որ «փիչինգ» բառն առաջին անգամ լսել է հենց դասընթացի ժամանակ, սակայն հիմա արդեն կարող է նորարարական գաղափարները ճիշտ ներկայացնել ու, այսպես ասած, գաղափարը «լավ վաճառել»։

Ըստ 23-ամյա Հասմիկի էլ՝ նման միջոցառումները քաղաքին ու երիտասարդներին շատ են անհրաժեշտ, քանի որ նման հանդիպումներից հետո երիտասարդները ոգևորվում են և ուզում համախմբվել ու քաղաքին նոր գույներ տալ։

Երիտասարդները դասընթացի ընթացում մասնակցեցին հատուկ վարժանքների, որոնց միջոցով նոր գիտելիքներն ավելի գործնական դարձան։

«Հատուկ վարժանքի ժամանակ մենք բաժանվել էինք թիմերի ու պետք է 10 րոպեում պատկերացնեինք մի իրավիճակ, իբր վերելակում հանդիպել ենք մեր երազանքների բարերարին և ունենք ընդամենը 3 րոպե մեր գաղափարը ներկայացնելու համար, որպեսզի այն հավանության արժանանա ու ֆինանսավորվի։ Ճիշտ է, մենք սկզբում լավ չէինք պատկերացնում, թե ինչպես պետք է դա անենք, սակայն երբ դասընթացավարը ավելի մանրամասն բացատրեց քայլերի հաջորդականությունը, արդեն կարողացանք համոզել, որ մեր գաղափարն իրոք շատ անհրաժեշտ է»,- նշում է ավագ դպրոցի աշակերտուհի Անուշ Մանուկյանը։

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Դասընթացին միացավ նաև Վեդու համայնքապետ Վարուժան Բարսեղյանը, ով ողջունեց երիտասարդների նախաձեռնությունն ու ասաց, որ իր համար ևս այս թեման անծանոթ, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ու անհրաժեշտ է։

Դասընթացներն անցկացվում են «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Առաջին դասընթացը վարել է Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործման շահերի պաշտպանության և ծրագրի տեղական համակարգող Նոննա Մարգարյանը։