Ոստիկա՛ն, կտա՞ս քո սաղավարտը զինվորին

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Անբարոյական քաղաքականությու՛ն, էնպես լավ մուսա ես գրելուս համար։

Կան ներկայացումներ, որ նայելուց հետո ափսոսում ես գումարդ, որ տվել ես տոմսին ու ժամանակդ, որ ծախսել ես։ Այ, այդպիսի ներկայացում էր Ազգային Ժողովի նիստը։ Թատրոնում իմ ամենասիրելի մասը դերասանների խոնարհվելու պահին ծափահարելն է, էդ էլ չեղավ նիստը նայելուց հետո։ Նրանք խոնարհվել չգիտեն, ես էլ իրենց համար ձեռքերս իրար զարկել չգիտեմ։ Անհաջող ներկայացումները խայտառակում են թատրոնը։ Ազգային Ժողով, քեզ լավ զգա, քեզ համեմատում եմ թատրոնի հետ։

«Իմաստուն զինվորը» առակում կաղ ոտքով զինվորին ասում են՝ ինչո՞ւ ես գնում կռիվ, չես կարող փախչել, նա էլ պատասխանում է․ «Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ` փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»։

Էս առակը սովորել ենք։ Մեզ համար մենք կարևոր ենք։ Մենք կանք, մենք մեր պայքարով հեգնում ենք բոլոր չհավատացող ու «անիմաստ է» ասողներին, դասադուլ անելիս ավելի շատ բան ենք սովորում, աչքերը բաց ենք անում, գտնված երազները տալիս ենք երեխաներին, արարում ենք, զզվելի իրականությունը փոխում: Ամենակարևորը՝ բարի ենք, ով հաղթում է չարին։ Ներքին թշնամի չունենք, բոլորս հայ ենք, ուղղակի դավաճան հայ լինելը ավելի վատ է, ստորություն է, սատանայի ծնունդ լինել է, կաշառակեր ու մեղավոր լինել է։

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Մարդիկս, բոլորս էլ տանը նստելու աթոռ կամ բազմոց ունեք։ Մի՛ նստեք ու հետևեք ուղիղ եթերին, վեր կացեք, եկեք մեզ միացեք: Լավ երկիր չունենք, բայց լավ հայրենիք ունենք, տարբերություն կա։ Եկեք հանուն մեր լավ հայրենիքի, հանուն մեր Եռաբլուրում անմահացած տղաների։ Թող ոչ մի մարդ տանը չմնա, որ լուսաբանելու կարիք չլինի։ Լրագրողներն ու օպերատորներին էլ թույլ տվեք գործադուլ անեն, ձեր պատճառով իրենք աշխատում են, ձեր տեղյակ լինելու համար աշխատում են, եկեք ինքներդ տեղյակ եղեք, իրենք էլ գործադուլին միանան։

Մենք արդեն հաղթել ենք․ մեքենաների ազդանշաններով, մերժելու մասին կոչերով, փողոցներում օր անցկացնելով, Հանրապետության հրապարակը գրավելով ու էնտեղից մեզ համախմբողների ելույթների համար ծափահարելով ու բղավելով։ Թմբուկների ձայնը հասնում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին։

Ոստիկանին Սփյուռքը ոչ մի գումար էլ չպիտի տա, մարդ լինելու ու մարդկանց կողմն անցնելու համար մեր օրերում վարձատրո՞ւմ են։ Չէ՛։ Էդ գումարը շա՜տ ավելի կարևոր տեղեր ունի հասնելու։

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Իմ եղբայրը ծառայում է Արցախում ու սահմանը արտաքին թշնամուց պահելու համար չունի էն սաղավարտներից, որոնք ունեն ոստիկանները մեզնից պաշտպանվելու համար։

-Ոստիկա՛ն, կտա՞ս քո պաշտպանիչ սաղավարտը զինվորին։