armik grigoryan

Ոստիկանից լրագրող

Օյ, բարդ ու դժվար ընտրություն՝ լրագրո՞ղ, թե՞ ոստիկան։ Մանկուց ես որոշել էի՝ ոստիկան և վերջ։ Կամ չէի որոշել, մաման էնքան էր ասել՝ իմ աղջիկը ոստիկան ա դառնալու, ես էլ համոզվել էի։ Բայց մի քիչ մեծանալով հասկացա, որ չէ, ոստիկանը և ես լրիվ տարբեր բևեռներ ենք։

Հիմա ես հոգուս խորքում, եթե անկեղծ, դեռ ցանկություն ունեմ ոստիկան դառնալու, ու հնարավոր է՝ վերջին պահին հենց այդպես լինի։ Բայց ինչո՞ւ եկա կանգնեցի հենց այս ընտրության վրա։ Այս հարցին հստակ պատասխան չկա, ուղղակի ցանկություն ունեմ այնպիսի մասնագիտություն ընտրելու, որ տարբերվեմ բոլորից։ Տարբերվեմ իմ հրապարակած նյութերով։

Հիմա լրագրությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ։ Պակասում է եթերի կուլտուրան։ Ահավոր են հայերենի աղավաղումները։ Հիմա նույն վերաբերմունքով կարդում են զոհված զինվորի ու ինչ-որ երգի պրեմիերայի մասին։ Էլ չեմ խոսում` սերիալների, անիմաստ և անբովանդակ հաղորդումների մասին:
Իմ կարծիքով, եթե ավելի հետաքրքիր հաղորդումներ եթեր հեռարձակվեն, օրինակ՝ իմ հասակակիցներին օգնեն մասնագիտության ընտրության հարցում, մենք ավելի հեշտ ընտրություն կկատարենք։ Չէ՞ որ փոփոխությունը միշտ էլ հետաքրքիր է։

Իմ սիրած լրագրողներից էր Արա Գյուլերը, նա, ճիշտ է, ավելի շատ հայտնի է իր լուսանկարներով, բայց ունի նաև հետաքրքիր հոդվածներ։ Նա տարբերվեց բոլորից, ստեղծեց իրենը։ Նա չէր վախենում խոսել Ստամբուլում հայերի և նրանց դժվարությունների մասին։

Ես ցանկություն ունեմ իմ նյութերում բարձրաձայնել այնպիսի կարևոր հարցեր, որոնք մոռացված են։ Ես բնույթով պայքարող եմ, և եթե ես իմ առաջ նպատակ եմ դրել, ես դրան կհասնեմ։ Ես դեռ շատ նյութեր կհրապարակեմ տարբեր թեմաների շուրջ։