margarita ghazaryan

Ովքե՞ր են ծնողները

Ովքե՞ր են իրական ծնողները․ նրա՞նք, ովքեր կյանք են տալիս, թե՞ նրանք, ովքեր տալիս են ծնողական սեր ու ջերմություն։ Ասում են՝ ծաղիկը խնամողինն է, ոչ թե ցանողինը, և ծաղկի անուշ բույրն ու գեղեցկությունը հենց խնամողն է վայելում։

Երբ Արամը ծնվեց, բոլորն ուրախացան, ընտանիքի առաջին զավակն էր, այն էլ տղա, ինչպիսի՜ երջանկություն։ Մեկ տարի անց ընտանիքին միացավ երկրորդ որդին։ Կրկին մե՜ծ երջանկություն։ Իդեալական թվացող կյանք է, չէ՞։ Մայրը երկուսի հանդեպ էլ ջերմ զգացմունքներով էր լցված։ Մոր համար երեխաների միջև ի՞նչ տարբերություն կարող է լինել։ Երկուս էլ իրենն էին, և իր շարունակությունը հենց այդ երեխաներն էին։

Բայց բոլորին էլ տրված չէ իրենց «շարունակությունը» տեսնելու հնարավորությունը։ Այդ նույն ընտանիքում, երբ մի կին ուրախանում էր իր զավակներով, մյուսը գիտակցում էր, որ երբեք այդ նույնը զգալ չի կարողանալու։ Այդ երկու կանանց սկեսուրն ու սկեսրայրն էլ ստիպված էին ամեն օր բախվել մի որդու երջանկությանն ու մյուսի դժբախտությանը։ Գիշեր-ցերեկ մտածում էին, քննարկում։ Երջանկությունն ամբողջական չէր։ Գոնե մի ելք չկա՞ր, ինչպե՞ս կարող էին ընտանիքում հավասարակշռություն ապահովել։ Իսկ եթե երեխա որդեգրեի՞ն, ախր, իրենց միս ու արյունը չէր լինի, խորթությունը, միևնույնն է, զգացվելու էր։ Բայց մյուս որդին արդեն երկու զավակ ուներ, իսկ եթե․․․

Որոշեցին մեծ երեխային՝ Արամին, տալ իր հորեղբոր ընտանիքին։ Նրանք կպահեին, կմեծացնեին, միևնույնն է, իրենք երեխան չէին կարողանալու ունենալ, գոնե կիմանար, որ իր եղբոր զավակն է, էլի իրենց արյունն է, իրենց համար հարազատ երեխա է։ Փոքր տղան դեռ նորածին էր, կենսաբանական մոր կարիքն ավելի շատ ուներ, իսկ Արամին ավելի հեշտությամբ կկարողանային պահել։

Մայրը՝ Սուսանը, համաձայն չէր, իր երեխային ինչպե՞ս տար ուրիշին, անընդհատ լաց էր լինում, փորձում ընդդիմանալ, բայց նրան ո՞վ կլսեր։ Ընտանիքի ավագներն արդեն որոշել էին, ոչ մեկի ընդդիմությունն ու կարծիքը հաշվի չէին առնելու։ Վճիռը կայացված է․ Արամին տվեցին իր հորեղբորն ու նրա կնոջը։

Սուսանի շփումն Արամի հետ խիստ սահմանափակ էր, արգելված էր նրան շատ տեսնելը, գրկելը։ Ստիպված էր համակերպվել, տեսնել, թե ինչպես է իր որդին ուրիշին մամա անվանում ու զսպել արցունքները, համբերատարությամբ լռել։ Անցան տարիներ, բոլորը լռում էին այս պատմության մասին, Արամը չպետք է իմանար, բայց մայրը կարո՞ղ էր լիարժեք համակերպված լիներ։ Իհարկե, ո՛չ։ Ամեն անգամ Արամին տեսնելիս կամ նրա անունը լսելիս աչքի առաջ գալիս էր այն պահը, երբ երեխային իր գրկից վերցրին ու տվեցին Անահիտին՝ Արամի նոր մայրիկին։ Անցան տարիներ, Արամը ինքն արդեն իր ընտանիքն ուներ, բայց նոր էր իմացել, որ այն մարդիկ, որոնց համարել է իր ծնողները, իրականում իրենը չեն։ Որքան էլ իրեն իսկապես շատ են սիրել ու ամեն ինչ արել են իր ու իր նորաստեղծ ընտանիքի բարօրության համար, այնուամենայնիվ, իրենից թաքցրել են ճշմարտությունը։ Ասում են, որ մոր սրտում միշտ էլ ներում կգտնվի, իսկ ինչո՞ւ ոչ մեկը չի խոսել զավակի ներման մասին։

Ներեց․․․ Մի՞թե չներելն ավելի հարմար տարբերակ կլիներ։ Ո՛չ, նրանք, ովքեր կարողանում են ներել, շատ ավելի հանգիստ ու ներդաշնակ կյանք են ունենում։ Բայց մի հարց մինչև կյանքի վերջ շարունակեց տանջել նրան։ Ի վերջո՝ ովքե՞ր են ծնողները։