Ովքեր են մեր նոր թղթակիցները

milana gevorgyanԵս Միլանան եմ` հասարակ մի աղջիկ, ով ապրում է իր ստեղծած աշխարհում: Ես սիրում եմ իմ աշխարհը: Սիրում եմ մարդկանց, սիրում եմ կյանքը, ամեն բան սիրում եմ: Արմատներով մաքրամաքուր արցախցի եմ ու հպարտ եմ դրանով: Թեև ես երբեք չեմ եղել Արցախում, բայց այն ինձ համար հարազատ տուն է: Չեմ հարգում կեղծավոր մարդկանց ու իրենց բոլորից վեր դասողներին: Ինքս անկեղծ մարդ եմ ու համոզված եմ` ինչպես ես լինեմ դիմացինիս հետ, նույնը նրանից ստանալու եմ: Չեմ բողոքում ոչ մի բանից, բացառությամբ՝ մեր իշխանություններից: Ընկերասեր եմ: Ունեմ թե՛ տղա, թե՛ աղջիկ ընկերներ: Սիրում եմ նրանց անչափ: Սիրում եմ աշխույժ կյանքը, սիրում եմ շատ աշխատել, գալ ու հոգնած, ինձանից գոհ պառկել մահճակալին, նայել աստղերին ու երազել: Ինչպես ընկերներս են ասում՝ կյանքին նայում եմ «վարդագույն ակնոցով» ու դրա համար մի օր, միգուցե, թևերս կկոտրվեն: Չեմ հավատում, որ երբևէ կարող եմ կոտրվել, որովհետև որքան լավ տրամադրվես, այնքան առաջ կարող ես գնալ, ու կյանքը հենց նրանով է կյանք, որ այստեղ թե՛ դժվարություններ կան, թե՛ ուրախ պահեր:

Չնայած նրան, որ ես ունեմ «վարդագույն ակնոց», նաև ռեալիստ եմ: Ամեն բան անելուց առաջ տասը չափում եմ, մեկ՝ կտրում: Սիրում եմ դիտել ֆիլմեր: Ամեն ֆիլմից հետո «գողանում» եմ լավ մտքերն ու պահում ինձ: Անկեղծ կլինեմ՝ ես չեմ կարողանում կարդալ պատմական գրքեր: Դրա փոխարեն դիտում եմ պատմական ֆիլմեր ու դրանցից ավելի շատ բան սովորում: Ճիշտ է, բարկանում եմ ինձ վրա, որ չեմ կարողանում կարդալ դեռևս 7-րդ դասարանում հանձնարարված «Վարդանանքը», բայց խոսք եմ տվել ինքս ինձ, որ պիտի անպայման մոտ ժամանակներս կարդալ: Սիրում եմ կարդալ ժամանակակից գրականություն, ռուսական գրականություն կամ այնպիսի գրքեր, որտեղ նկարագրվում է մարդը, հասարակ կյանքը:

Երաժշտության հարցում անունս դրել են «անճաշակ»: Ու այսպիսի անվանում եմ ստացել այն բանի համար, որ լսում եմ տարբեր ժանրերի երգեր՝ սկսած ռոքից, վերջացրած դասականով: Շատ արագաշարժ եմ, որովհետև ուզում եմ ամեն ինչ հասցնել կյանքում:

Հիմա կասեք՝ մենակ լավ բաներ է էս աղջիկը գրում իր մասին: Թերություններ նույնպես ունեմ, բայց շատ շատ եմ աշխատում դրանք շտկելու ուղղությամբ: Ես երբեք չեմ սիրում, երբ ինձ օգնում են: Ամեն բան փորձում եմ ինքս անել (բայց մի կողմից էլ համոզված եմ, որ առանց մամայի կկորչեմ): Իմ խնդիրները ոչ ոքի չեմ պատմում, ինքս եմ ուզում գլուխ հանել, ինչի համար ինձանից կարող են նեղանալ: Ունեմ մի հատկանիշ, որը և դրական է, և բացասական: Ես ներողամիտ եմ ու հիշաչար չեմ: Դրական է նրանով, որ բարությանս մի մասն է կազմում այս հատկանիշը: Իսկ բացասական՝ նրանով, որ շատ հաճախ կարող եմ ներել այն մարդկանց, ովքեր տվյալ պահին դրան արժանի չէին: Թերություններիցս մեկը այն է, որ երբեմն շարժվում եմ սրտիս թելադրանքով, ու դա շատ հաճախ խանգարում է ինձ առաջ գնալ: Բայց դա դրական հատկանիշ էլ է, չէ՞: Ինձ շրջապատող մարդիկ ասում են, որ ես նեղացկոտ եմ, բայց ես շարունակում եմ պնդել ու ինքս ինձ խաբել, որ դա այդպես չէ: Եթե անգամ այդպես է, նեղանալս երկար չի տևում:

Ապագա լրագրող եմ: Բոլորը պնդում են, որ իմ ընտրած մասնագիտությունը շատ դժվար է ու ավելի լավ է՝ փոխեմ որոշումս: Չեմ կարող հրաժարվել իմ ընտրած մասնագիտությունից, որովհետև սիրում եմ Հայաստանը ու կարող եմ օգնել իմ հայրենիքին այս մասնագիտության շնորհիվ՝ տարբեր հարցեր բարձրաձայնելով ու դրանց լուծումները փնտրելով:

Միլանա Գևորգյան, 16 տ.

***

zavenԻմ անունն է Զավեն: Ուզում եմ մի քիչ պատմել իմ մասին: Մանկուց եղել եմ չարաճճի և հետաքրքրասեր երեխա: Մինչև հիմա սիրում եմ արկածներ ունենալ: Նաև ունեմ շատ մեծ թերություն՝ շատախոսությունը: Այո, ես շատախոս եմ, բայց իմ կարծիքով դա վատ չէ: Ես կարողանում եմ ազատ արտահայտվել, արտահայտել իմ մտքերը և զգացմունքները: Չեմ կարողանում ստել: Լինում են դեպքեր, երբ ես ենթագիտակցաբար ստում եմ, բայց չեմ կարողանում թաքցնել դա: Երբ ես ստում եմ, դեմքս կարմրում է այն պատճառով, որ ամաչում եմ այդ ստից:

Մի օր տանը մենակ էի: Անգործությունից վերցրի մի ծաղկաման և սկսեցի խաղալ դրանով: Պատահական ջարդեցի այն: Շուտով մայրս աշխատանքից հոգնած եկավ տուն և հարցրեց.

-Այս ո՞վ է արել, ինչո՞ւ ես կոտրել այս ծաղկամանը:

-Ո՞վ, ե՞ս… էդ ես չեմ արել, մա՛մ,- վախեցած պատասխանեցի ես:

-Բա ո՞վ,- բարկացած շարունակեց մայրս:

-Ես չգիտեմ, չգիտեմ,- կմկմալով ասացի ես: Եվ այդ ժամանակ դեմքս կարմրեց: Մայրս դա տեսնելով ասաց:

-Ոչինչ, լավ, բալե՛ս, մի՛ կարմրի:

Թեև ես շատախոս եմ և չեմ կարողանում ստել, դա ինձ չի խանգարում լինել ինչպես բոլոր իմ հասակակիցները: Ոչ ոք չպիտի ամաչի իր բնավորությունից: Ամեն մեկը յուրահատուկ է յուրովի: Բայց կամաց-կամաց պետք է շտկել այն բոլոր գծերը, որոնք մեզ ստիպում են կարմրել:

Զավեն Աբրահամյան 13տ.