arxiv

Ոտնաձայներ

-Հաստա՞տ եք որոշել,- հարցրեց տատիկս:

-Այո, հաստատ:

-Դե, լավ:

Մենք տատիկիցս խնդրել էինք, որ նա այս գիշեր իր փոքրիկ ննջասենյակը տա ինձ ու եղբորս: Նա և կրտսեր եղբայրս՝ Հովնանը, պետք է մյուս սենյակում քնեին:

Եվ ահա մենք պառկեցինք. Մուշը մի քիչ փիլիսոփայեց և իր սովորության համաձայն շատ արագ քնեց: Տատիկս և Հովնանը նույնպես քնեցին, և տանը վառված լույս չմնաց: Իսկ ես, չգիտես ինչու, չէի կարողանում քնել: Բավականին ցուրտ էր, բայց ես քրտնել էի: Սակայն չնայած դրան, ավելի ու ավելի խորն էի մտնում վերմակի տակ: Հանկարծ հիշեցի, որ ուղիղ դիմացս հայելի կար դրված և բավականին մեծ: Հիշեցի ընկերներիս պատմությունները այն մասին, որ գիշերը նրանց մեջ սատանաներ են հայտնվում: Ես աչքերս փակեցի ու գլուխս թաղեցի բարձի մեջ:

Հանկարծ, կարծես հատուկ ինձ խելագարեցնելու համար, միջանցքից ոտնաձայներ լսվեցին: Իսկ մեր սենյակի դուռը գտնվում էր միջանցքում: Եվ քայլերը այնքան էլ սովորական չէին, այլ, ինչպես լինում են Վան Դամի ֆիլմերում, երբ ֆիլմի հերոս «տղեն» հանդիսավոր քայլերով գնում է թշնամուն սպանելու: Իհարկե, դա կարող էր լինել, այսպես կոչված լսողական խաբկանք, բայց այդ պահին ես ոչ միայն խաբկանքի մասին չէի մտածում, այլև նույնիսկ, թե ինչպես կարելի է բացել բերանը: Բայց ես զգացի, որ «Վան Դամը» իր հանդիսավոր քայլերով գալիս է դեպի դուռը, ես դա միանգամից հիշեցի և այնպես թափահարեցի Մուշին, որ վերջինս գլուխը խփեց պատին:

-Հենց դրա համար էլ դա կոչվում է դեդուկտիվ մտածելակերպ,- փնթփնթաց նա և նորից քնեց:

Ես սկսեցի դողալ և ցնցվել, չհանձնվեցի և սկսեցի աղաչել Մուշին, որ արթնանա: Բայց անօգուտ: Ես լռեցի: Սակայն անընդհատ ուզում էի տատիկին կանչել, բայց դիմանում էի: Քայլերը մտան խոհանոց: Ես դիմացա, դիմացա, սակայն երբ խոհանոցում ինչ-որ բան դրխկաց, իմ համբերության բաժակը լցվեց:

-Տա-ա-ատի-ի-ի՜կ,- բղավեցի ես այնպիսի ձայնով, որ պատերը դղրդացին: Մյուս սենյակից ձայն չլսվեց: Ես նորից կանչեցի, երբ ինչ-որ մեկն ուժեղ դմփոցով խփեց դռանը: Ես կրկին բղավեցի, բայց այս անգամ՝ ոչ տատիկ:

-Մա-ամա-ա՜,- լսվեց իմ բարձր բղավոցը, և այս անգամ պատերի դղրդյունին ձայնակցեց լուսամուտների զրնգոցը:

Սակայն ներս մտնողն ընդամենը տատիկն էր:

Հետո այլևս չեմ պատմի, քանի որ շատ եմ ամաչում, իսկ խոհանոցի դրխկոցը սառնարանի հռնդյունն էր: Ոտնաձայները մնացին գաղտնիք, և գուցե մի հարյուր տարի հետո տատիկի տան մասին կասեն. «Լեգենդների համաձայն՝ այստեղ ապրել է ամենասարսափազդու ուրվականը…»: