ella mnacakanyan yerevan

«Որբանոց»

«…Որբանոցը, որտեղ մենք ապրում ենք, ավելի ճիշտ՝ շնչում, մեզ զրկել է որևէ զգացմունք ունենալու հնարավորությունից, որովհետև հետխորհրդային Հայաստանի բոլոր «առաջնորդները» ջանք ու եռանդ չխնայեցին, որ երկիրը դառնա ռոբոտների գործարան: Ինձ երբեմն թվում է, որ այդ բոլոր «առաջնորդները» մի մարդ են՝ տարբեր ժամանակներում: Այդ «առաջնորդները» միայն գեղեցիկ բառակապակցություններ գիտեն՝ «հպարտ քաղաքացի», «ստեղծագործ ազգ», «երեք հազար տարվա մշակույթ», «առաջին քրիստոնյա ժողովուրդ»… Դրա համար էլ այդ հպարտ, ստեղծագործ, արվեստասեր ու, վերջապես, հավատացյալ ժողովրդի զինվորները սայլակին են…»:

Էդգար Կոստանդյանի «Որբանոց»-ն եմ կարդում: Առաջին անգամ՝ չնայած նրան, որ տարուց ավելի կլինի՝ ուզում էի կարդալ: Սովորաբար մարդիկ սկսում են որևէ գիրք ընթերցել արձակուրդի ընթացքում, իսկ ես, բոլոր գործող օրինաչափություններին ի հակառակ, անում եմ դա արձակուրդիս հաջորդող հենց առաջին երկուշաբթի, երբ թվում է՝ աշխարհում չկա ավելի անտանելի բան, քան առավոտյան շուտ ժամը 7-ին արթնանալը: Բայց դե՜, գիրքը հիմա է ձեռքս ընկել, և ուրեմն, լավ է ուշ, քան երբեք: «Որբանոց»-ի մասին գրում եմ այն կարդալը չավարտած ու գոնե կեսին չհասած անգամ: Սկզբներում եմ: Գրում եմ, ու դա գուցե սխալ է, որովհետև միշտ կարծել եմ, որ որևէ գրքի, ֆիլմի, սերիալի կամ նույնիսկ մարդու մասին կարելի է կարծիք հայտնել այն ավարտելուց, նրան ճանաչելուց հետո միայն, երբ բացահայտած կլինես նկատելի բոլոր դրական ու բացասական կողմերը: Բայց գրում եմ հիմա, որովհետև «Որբանոց»-ն ինձ արդեն կտրել տարել է իր մեջ սևով սպիտակի վրա գրված բուն տեքստից, ու առանց մտքերս գրի առնելու՝ պարզապես անիմաստ կլիներ շարունակվող նախադասությունները կարդալ, միևնույնն է, երբ մտքով ուրիշ տեղ ես, ոչինչ չես հասկանում:
Իրոք: Այս հպարտ, ստեղծագործ, արվեստասեր ու, վերջապես, հավատացյալ ժողովրդի զինվորները սայլակին են: Նախադասություն, որը չափից դուրս ցավոտ է ու նույնքան էլ ճշմարիտ: Զինվորները սայլակին են՝ հաճախ ոչ թե թշնամու գնդակի, այլ ներքին կռիվների, ինքնահաստատման փորձերի, զինվոր-հրամանատար անառողջ հարաբերությունների պատճառով: Զինվորները սայլակին են, իսկ նրանց ապագան՝ մշուշում, որովհետև «սայլակավորների» ապագան հազվադեպ է հստակ լինում մեր երկրում: Իսկ ես շարունակում եմ կարդալ.

«…Ուսանող տարիներին մենք երազում էինք լավ երկրի մասին («ավելի լավ» երկրի մասին չի խոսքը), սիրում էինք մեր որբանոցը, երազում էինք այն բոլորի փոխարեն, ովքեր դադարել էին երազել, իսկ այսօր, երբ մենք ենք դադարել երազել, մեր փոխարեն էդ անշնորհակալ գործն էլ ոչ ոք չի անում, որովհետև երազանքների դիարան է էս երկիրը, էստեղ չի կարող երազանք ապրել…»։

Ես կարդում եմ ու զուգահեռաբար մտածում, որ չէ՛, իրենց փոխարեն ուսանողական տարիներին երազողներ դեռ կան, որ մենք էլ ենք երազում լավ երկրի մասին (երբեմն անգամ չտարանջատելով «լավ»-ն ու «ավելի լավ»-ը), երազում ենք՝ նույնիսկ առանց կռահելու դրա՝ անշնորհակալ գործ լինելու մասին, երազում ենք, որովհետև հիմա մեր հերթն է երազելու, դրան զուգահեռ գործելու՝ հավատալով, որ երկիրը երկիր է, երազանքների դիարան չէ, ու էստեղ կարող է երազանք ապրել, դեռ մի բան էլ՝ իրականություն դառնալ:

«Մեր ժողովուրդը հեշտ է հավատում. դա հատուկ է հավատը կորցրածներին…»։