Որտեղ է խոսքի ազատությունը

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Նման հռետորական բողոք-հարցեր հաճախ եմ լսում ու կարդում մարդկանց ֆեյսբուք-ստատուսներում. «Այ, Եվրոպայում հո սենց չի՞, Արևմուտքում մարդիկ խոսքի ազատություն ունեն», ու նմանատիպ այլ ոգևորված հայտարարությունները գնալով ավելի հաճախակի են հանդիպում, և երբեմն, ինչն ինձ համար էլ ավելի զարմանալի է, այնպիսի մարդկանցից, որոնք որոշ ժամանակ ապրել են արևմտյան աշխարհի որևէ երկրում կամ առնվազն հաճախ այցելել են:

Ես էլ իմ համեստ, բայց բավականին մտածված հայտարարությունն եմ ուզում անել, որքան էլ որ դա վիճելի հնչի. եթե որևէ տեղ գոյություն ունի խոսքի ազատություն, ապա դա մեզ մոտ է: Ասեմ ավելին` Արևմուտքում այն ընդհանրապես գոյություն չունի:

Արևտմյան ցանկացած երկիր խոսքի ազատության առումով ոչնչով չի զիջում նույն ԽՍՀՄ-ին, շատ հարցերում նույնիսկ գերազանցում է: Ցանկացած միջին քաշային եվրոպացի և ամերիկացի աշխատում է ավելորդ անգամ բերանը չբացել` կրակը չընկնելու համար: Եվ խոսքը հեռուստատեսությամբ ելույթ ունենալու մասին չէ: Նույն Ամերիկայում, օրինակ, երբ սկսեք որևէ նախադասություն արտասանել, որը նույնիսկ ամենահեռավոր կերպով վերաբերվում է սևամորթներին, մինչև նախադասության ավարտին հասնելը դուք, ամենայն հավանականությամբ, կկորցնեք ձեր աշխատանքը, որովհետև ռասիստ եք: Նույնիսկ քաղաքական առումով կոռեկտ «աֆրոամերիկացի» տերմինը լսելիս սրճարաններում մարդիկ թույլ ցնցվում են ու շրջվում` Աստված չանի, գան բոլորիս բռնեն: Աբսուրդն այն աստիճան է զարգացել, որ որոշ վախվորած կերպարներ անգամ Եվրոպայի սևամորթներին են երբեմն անվանում աֆրոամերիկացի, ինչը պարզապես ծիծաղելի է:

Որևէ կարծիք ունեք համասեռամոլների մասի՞ն: Նույնիսկ եթե այն զուտ դրական է, և դուք ուզում եք խոսել ձեր անսահման սիրո մասին նրանց հանդեպ, ավելի լավ է` լռեք, որովհետև որևէ մեկը, միևնույն է, որևէ վիրավորական բան կգտնի ձեր խոսքերի մեջ, և վաղը ևեթ ձեզ երկրից «կաքսորեն»:

«Իմ լավագույն ընկերը հրեա է» նախադասության համար ձեզ նույնպես չեն գովի. դուք պարզապես չար քսենոֆոբ եք ու մոլի հակասեմիտ, որովհետև ձեր այդ նախադասությամբ ուզում էիք ասել, թե հրեաների հետ ընկերություն անելը դժվար է, իսկ դուք մեծահոգաբար ընկերություն եք անում նրանց հետ:

Այդ ո՞վ օգտագործեց «մահմեդական» բառը: Կրոնական ֆանատի՞կ եք: Չե՞ք ուզում, օրինակ, խոշոր տուգանք մուծել ձեր էքստրեմիստական արտահայտությունների համար և, ձեռքի հետ, սուլոցով դուրս թռչել աշխատանքից: Կարևոր չի, թե ինչ էիք ուզում ասել, ձեր ալժիրցի հարևանին դուր չի եկել այն, որ խոսում եք իր կրոնի մասին: Եվ, ընդհանրապես, ինչ-որ կասկածելի տեսք ունեք, հը՞: Ձեր դեմքից զգացվում է, որ դուք որոշակի կարծիք ունեք Հոլոքոստի վերաբերյալ, խոսե՞նք այդ մասին:
Եթե կարծում եք, թե չափազանցնում եմ, ահա մի վառ ապացույց. մի անգամ մի հեղինակավոր կազմակերպություն որոշեց գնել մեր ստուդիայի ֆիլմերից մեկի ցուցադրության իրավունքները, բայց մի պայմանով, որ մենք պետք է հանենք ֆիլմի համար հարցազրույց տված մասնագետներից մեկի կտորը: Երբ մենք հիմնավորում պահանջեցինք (բա կարող ա՞ գիտեք պատվերով համերգ ա ստեղ), նրանք բացատրեցին, որ այդ մարդը չորս տարի առաջ տված մեկ այլ հարցազրույցում ասել է, թե այդքան էլ հիացած չէ համասեռամոլներով և, եթե իրենց ցուցադրության ժամանակ այդ մարդու դեմքը երևա, կստացվի, որ իրենք անուղղակի կերպով համաձայն են նրա մտքերի հետ: Մեր խոսակցությունից հետո նրանք «օճառով լվացվեցին և երեք անգամ խաչակնքեցին», որովհետև տվել էին այդ մարդու անունը:

Բռնատիրական ժողովրդավարության ու հանդուրժողականության ծայրահեղ դրսևորման նման դեպքեր մեր աշխատանքում շատ են պատահում, պարզապես բոլորի մասին չեմ ուզում պատմել` մարդկանց խայտառակ չանելու համար:

Չնայած մեր հասարակության բազմաթիվ թերություններին և կենցաղի ու մշակույթի «կուստուրիցական աբսուրդությանը»` մենք ունենք անփոխարինելի մի առավելություն` շփման ադեկվատություն, երբ կարելի է իրերն անվանել իրենց անուններով, խոսել ցանկացած թեմայով (հաշվի առեք` ես նկատի չունեմ վիրավորանքներ հասցնել այս կամ այն հասարակական շերտի հասցեին, այլ հենց խոսել), կատակել` առանց մեղադրվելու գոյություն չունեցող հետին մտքի համար: Ինձ դուր է գալիս, որ մենք կարող ենք պատմել «հայը, ռուսը, վրացին» անեկդոտներից որևէ մեկը և չհամարվել քսենոֆոբ կամ նացիոնալիստ: Խանութ մտնելիս կանանց ճանապարհ տալով` ուրախ եմ, որ հաջորդ օրը ծանուցում չեմ ստանում դատարանից` ամեն տեսակ սեքսիզմով զբաղվելու մեղադրանքով:

Շատերը շփոթում են խոսքի ազատությունը ուրիշներին անպատիժ հայհոյելու ու վիրավորելու հնարավորության հետ, բայց ես նկատի ունեմ պարզապես ազատ շփումը, որն Արևմուտքում գնալով ավելի ու ավելի քիչ է հանդիպում:

Անկեղծ խոսքի հնարավորությունը մեր ունեցած ամենաթանկ հարստություններից մեկն է, և ես վայելում եմ այն ամեն օր: Դրա վառ ապացույցն այն է, որ իմ հայրենակիցներն այս գրածը կարդալիս պարզապես կծիծաղեն, իսկ շատ արտասահմանցիներ (եթե հայերեն կարդալ իմանան) անմիջապես կզանգեն ոստիկանություն: