Ուզո՞ւմ ես լուսանկարել. մաս 2

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դուք հավանաբար արդեն անում եք լուսանկարչության մեջ ձեր առաջին փորձերը: Իսկ հենց ինքը` լուսանկարչությունը, իր առաջին փորձերը արել է 1800-ականներին: Նրա ծննդյան օրը համարվում է 1839 թվականի օգոստոսի 19-ը, երբ Ֆրանսիայի ակադեմիայի նիստի ժամանակ հայտարարվեց, որ ոմն Լուի Դագերի հաջողվել է ստանալ և պահպանել լուսային պատկերը: Սակայն այս անգամ, նույնպես, նրա մասին ավելի ուշ:

Հա, ի՞նչ էի ասում: Լուսանկարչությունը հիմնադրվել է այդ ժամանակ, բայց դրա հիմքում ընկած առանձին դետալներ ստեղծվել են ավելի շուտ:

Դուք բոլորդ էլ ոչինչ չանելու հետևանքով խցիկը ձեր ձեռքում պահած, կամ կախած պարանոցից, մատներով տրորում եք այն «ապակին» ու մի մեծ տգեղ մատնահետք թողնում դրա վրա: Այդ «ապակին» ոսպնյակն է, և եթե իմանաք, թե ինչ երկար և կարևոր պատմություն ունի, կսկսեք ավելի նուրբ վերաբերվել դրան` չփչացնելով ձեր լուսանկարները:

Ուրեմն այսպես, ոսպնյակը առաջին անգամ օգտագործել են Օլիմպոս լեռան վրա կրակ ստանալու համար, իսկ Շրիմանը գտել է Տրոյա քաղաքը և պեղումների ժամանակ գտել է ի՞նչ, այո` ոսպնյակ: Հետագայում այն օգտագործել են մանրադիտակներ ու աստղադիտակներ պատրաստելիս, և վերջապես ձեզանից ոմանք կրում են օպտիկական ակնոցներ: Ավելի ուշ ստեղծեցին օբյեկտիվ: Առաջին անգամ օբյեկտիվ ստեղծեց Ֆոկլենդերը:

Լուսանկարի մյուս բաղադրիչների` լուսազգայուն նյութերի մասին առաջինը իմացել են ալքիմիկոսները:

Երևի հիշում եք, որ ես հաճախ ակնարկում էի մի մարդու մասին, ով ստեղծել էր ինչ-որ …..տիպ: Այո, այո դագերոտիպ: Այդ ժամանակ լուսանկարն այդպես էին անվանում: Պատկերացրեք, որ հիմա դուք ձեր ընկերոջը ասեիք ոչ թե «արի` ինձ լուսանկարի», այլ` «արի` ինձ դագերոտիպի»: Ծիծաղելի է, չէ՞: Հիմա պատկերացրեք, որ իրարից առանձին երկու մարդ ստեղծում են սենյակի մեծությամբ տեսախցիկ, բայց նրանցից առաջինը կարողանում է մնայուն պատկեր ստանալ, երկրորդը` ոչ:

Մի օր այն երկրորդը իմանում է առաջինի հաջողության մասին, նրա հետ համաձայնության գալիս: Նրանք զարգացնում են այդ տեխնոլոգիան` հասցնելով գիտական բացահայտում ճանաչելու շեմին, բայց գյուտը դեռ չգրանցած, առաջինը մահանում է, և բացահայտումը վերագրում են երկրորդին: Խճճվեցի՞ք, ուրեմն…

Սենյակի մեծությամբ տեսախցիկը կամերա աբսկուրան է` առաջին ֆոտոխցիկը, որը բառացիորեն նշանակում է` մութ սենյակ: Առաջինը Ժոզեֆ Նիսեֆոր Նեպսն էր, ով պատկերը կարողացել էր ամրացնել ասֆալտի լաքով պատած պղնձե թիթեղի վրա: Իսկ երկրորդը` Լուի Դագերն էր, ով Նեպսի հետ աշխատելուց հետո միայն կարողացել էր ամրացնել պատկերը, բայց արծաթե թիթեղի վրա: Ի դեպ, Դագերի տեխնոլոգիայի «դարաշրջանը» տևեց ընդամենը տասը տարի, քանի որ արծաթե թիթեղը թանկ էր, և պատկերն էլ երկար չէր պահպանվում:

Հավանեցի՞ք պատմությունը:

Այսքանից հետո դուք երևի ուզում եք իմանալ, թե ո՞րն է առաջին լուսանկարը: Այն արել էր հենց Նեպսը, բայց լուսանկարը չի պահպանվել, այդ պատճառով էլ առաջինն է համարվում Նեպսի մեկ այլ լուսանկար` «Տեսարան պատուհանից»: Մարդիկ ցնցված էին այն փաստից, որ պատկերը, որը նրանք տեսնում են, նկարել է ոչ թե նկարիչը, այլ արևի շողերը, որոնք մի փոքր անցքից ընկել էին լուսազգայուն նյութի շերտի վրա: 

Երևի այս ամենի մեջ ձեզ համար ամենաշոկայինը այն էր, որ ձեր ձեռքի փոքր, կամ գուցե ձեզ համար մեծ թվացող խցիկը ի սկզբանե եղել է ձեր մի սենյակի չափ, որը լուսավորված է եղել միայն մեկ փոքր անցքով: Ինչևէ…

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Հիմա մեզ համար շատ հեշտ է, մի քանի անգամ չխկացնում ենք և հենց տեսախցիկի էկրանին, կամ համակարգչով էլ նայում ենք մեր լուսանկարները: Բայց առաջ, եթե ուզում էիր տեսնել քո լուսանկարը, պետք է քո ձեռքերով երևակեիր այն, կախեիր մինչև չորանալը, տպեիր, քիմիական նյութերով լվանայիր, նորից չորացնեիր: Ի դեպ այժմ դեռ կան լուսանկարիչներ, ովքեր շարունակում են ժապավենով նկարել, և հենց իրենք երևակում են սեփական լուսանկարները: Այդ կերպ նրանք զգում են իրենց պատկերացրած կադրի լուսանկար դառնալու ողջ կախարդական գործընթացը: