Ուզո՞ւմ ես լուսանկարել…

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Ես կանգնած եմ Կոթի գյուղի փողոցներից մեկում ու ֆոտոախցիկը ձեռքումս պինդ սեղմած նայում եմ դիմացի մառախուղների մեջ կորած սարին:

-Էս սարի հետևում հենց իրանց սարն ա, հիմա էլ, որ գիշերները կրակում են, ստեղից են կրակում,- պատմում էր մեր թղթակից կոթեցի Տիգրանը, մինչ ես քարացած-կանգնած նայում էի սարին, որի հետևում մի տեղ մառախուղների մեջ կորել էր «իրանց սարը»: Հիմա սպասում եք, որ երևի ցույց կտամ այդ ֆոտոն: Ձեզ հետ չի՞ լինում որ կանգնում եք մի տեսարանի առջև, որ հաստատ կնկարեիք, իսկ դուք ուղղակի կանգնում նայում եք: Ինձ հետ հաճախ է լինում, չգիտեմ ինչու է այդպես:
Ու մինչ ես ֆոտոապարատս ձեռքումս ամուր պահած լսում էի Տիգրանին, Կոթիի այդ թաղից Լաուրա տատիկը, ում մենք խնդրել-համոզել էինք հավաքել գյուղի տարեցներին (նրանք կպատմեին պատերազմի տարիների իրենց ապրումների, ինչու չէ, նաև հիմիկվա, քանի որ առանձնապես շատ բան չի փոխվել այնտեղ` կրակում են, զանգում էր տարբեր մարդկանց, թե բա` ի՞նչ դաշտ, եկեք, մեր մասին ուզում են ֆիլմ նկարահանեն:

Այդ կնոջ տանը կառուցել էին թաղի ապաստարանը, խնդրել էինք իրենց հավաքվել հենց այնտեղ: Սարի մոտ կանգնելուց մի քանի րոպե առաջ ես արդեն մտել էի այդ վայրը: Տարօրինակ է, որ զարմանում էի, երբ սահմանամերձ գյուղերի երեխաները պատմում էին փակ տարածքների, մանավանդ, ապաստարանների հանդեպ իրենց ֆոբիաների մասին, քանի որ հիմա էլ հիշելուց սկսում եմ անհամաչափ շնչել ու վախենալ: Ընդհանրապես վերջերս զգացած իմ բոլոր զգացողությունները տարօրինակ կերպով նման են իրար:
Երևի հիմա մտածում եք` ինչ կապ ունի այս ամենը ֆոտոյի հետ: Ֆոտոյի մասին իմ նյութը ես սկսում եմ այն րոպեից, երբ սարի դիմաց կանգնած էի ու ոտնաձայներ լսեցի` մեկը մոտենում էր: Շրջվեցի: Գյուղացի կին էր` ծեր, հազիվ քայլելով մոտենում էր ինձ: Հուզվել էր, երբ իմացել էր, որ մի քանի երիտասարդ եկել են իրենց ապաստարանը նկարելու, ու շարունակ կրկնում էր, որ երազում է` երբեք չտեսնենք այն ամենը, ինչ իրենք են տեսել: Ֆոտոյի մասին իմ նյութը սկսվում է այն ժամանակ, երբ հազար վեց հարյուր յոթանասուն ապրում ես ունենում այդ մի քանի ակնթարթում, բայց ֆոտոապարատդ տանում ես աչքիդ ու նկարում:

Մի քանի րոպե հետո մերոնք արդեն ապաստարանում էին: Ես երկար ժամանակ չէի մտնում ներս, մինչև մի պապիկ եկավ, ով ասում էր, թե ինքն է սարքել ապաստարանը: Իր հետևից ներս մտա: Մտա այն ժամանակ, երբ Լաուրա տատիկը պատմում էր իր ամուսնու մասին, որը այն պապիկի հետ, ում հետ մտել էի ներս, սարքել էին այդ ապաստարանը: Հետո պատմում էր, որ մի օր թոռներն էին հյուր եկել, ու այդ գիշեր սկսել են կրակել: Պապն էլ բոլորին իջեցրել է ապաստարան, զանգել է տարբեր տեղեր, որպեսզի կրակոցների վերջանալուն պես թոռներին տանեն գյուղից ու այդ մտքերից հիվանդացել է, մինչև հիմա ծանր հիվանդ է: Չեք պատկերացնում, չէ՞:
Այդ պատմությունները լսելով մարմնովդ սարսուռ է անցնում, ուզում ես գոռալ, լացել, քեզ պատեպատ տալ, բայց միայն կարողանում ես ֆոտոապարատը տանել աչքիդ ու չխկացնել,  հետո մի ամբողջ կյանք քեզ մխիթարելով, որ պահ ես վավերագրել, մարդկանց, պատմություններ:

Հա, էդպիսի բան է, երբ չես կարող խառնվել, ինչ-որ բաներ հարթել, խնդիրներ լուծել: Դու կողքից ես նայում` ֆոտոխցիկիդ անցքից: Պատմության մեջ շատ դեպքեր կան, երբ դոկումենտալիստ լուսանկարիչներն իրենց ֆոտոների միջոցով կարողացել են ինչ-որ բան փոխել, կյանքեր փրկել: Հա, ես մոռացա ասել, որ դոկումենտալ ֆոտոյի մասին էի պատմելու այս անգամ, չնայած երևի արդեն գլխի էիք ընկել: Եսիմ…