Ուզում եմ չեմպիոն դառնալ

Ես զբաղվում եմ ըմբշամարտով: Պարապում եմ մեր գյուղում` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում մոտավորապես երեքուկես տարի: Շիրակը առհասարակ շատ չեմպիոններ ունի թե ըմբշամարտի, թե ծանրամարտի մեջ: Դե, այս օրերին Եվրոպայի առաջնության հաղթողներն էլ դա են վկայում: Երևի դրա համար էլ երեխաները շատ ոգևորված պարապում են, ուզում են իրենք էլ չեմպիոն դառնալ:

Լուսանկարը` Արաքսյա Ալեքսանյանի

Լուսանկարը` Արաքսյա Ալեքսանյանի

Միայն այն է վատ, որ չունենք բոլոր հարմարությունները: Պարապում էնք մոտավորապես երեսուն հոգի և տարբեր տարիքի, ամեն օր բացի կիրակի օրվանից: Ունենք երկու խմբակ՝ մեկը մեր գյուղում և մյուսը՝ հարևան գյուղում` Մարմաշենում:

Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ գնացի ըմբշամարտի: Մեկ օր առաջ անհամբեր սպասում էի, թե երբ էի գնալու պարապմունքի: Մտածում էի, թե ինչ ենք անելու, ինչպես ենք պարապելու: Սկզբում ծանոթացա իմ մարզչի հետ, իսկ հետո որոշ երեխաների, որոնց դեռ ծանոթ չէի: Ավարտվեց պարապմունքը գնացի տուն, այնքան ոգևորված էի, որ գիշերը չքնեցի: Բացվեց առավոտը, գնացի դասի, քունս տանում էր: Ամեն րոպեն մեկ հորանջում էի: Դասերից հետո վազեցի տուն, որպեսզի շուտ հասնեմ պարապմունքի: Պարապմունքի ժամանակ մեր մարզիչը այնպիսի անուններ էր տալիս, որոնք ինձ անծանոթ էին: Այդպես մեկ տարի տևեց: Մի օր էլ, երբ հերթական անգամ գնացի պարապմունքի, մարզիչս ինձ ասաց , որ երեք օր հետո գնալու եմ մրցումների: Ես չգիտեի՝ ուրախանայի, թե՞ տխրեի, որովհետև վախենում էի: Եկավ այդ օրը, և ես պարտվեցի: Տխուր էի, լաց էի լինում, բայց իմ ընկերը հաղթեց, և ես մի քիչ  ուրախացա, որ գոնե ընկերս հաղթեց: Բայց ընկերներս և մարզիչս ինձ ոգևորում էին, որ շատ չտխրեմ: Շուտով մեկ այլ մրցումներ էին: Այս անգամ ես հաղթեցի, և շատ ուրախ էի: Մի օր էլ պարապմունքի ժամանակ ոտքս ուժեղ ցավաց. վախենում էի, որ լուրջ բան եղած չլինի: Նաև վախենում էի, թե ընտանիքիս անդամները էլ չթողնի գնալ պարապմունքի: Բայց երբ ոտքս լավացավ, նորից գնացի պարապմունքի:

Ես սիրում եմ սպորտը և հավատում եմ՝ մի օր ես էլ կհասնեմ մեծ հաջողությունների: