Ruben Movsisyan

Ուղեղս հոգնել է

Հերթական ավարտական դասարանի պարապող աշակերտի հոդված։ Արդեն ձանձրացել եք երևի, բայց դե, էս էլ ասեմ ու գնամ։

-Ուղեղդ հոգնե՞լ է, Իքս,- ասաց ինչ-որ իգրեկ առարկայի կրկնուսույցը, երբ սույն Իքսը էլ չէր կարող կենտրոնացած լսել իրեն։

Իրոք հոգնել էր Իքսի ուղեղը։ Ինչպե՞ս թե` ուղեղդ հոգնել է, ուղեղն է՞լ է հոգնում։

Հա, հոգնում է, մեր սիրելի Իքսը այօր հասցրել էր լինել զեթ առարկայի պարապմունքին, իսկ այս իգրեկ առարկայի դասն էլ այնքան ձանձրալի է։ Չէ, մեր Իքսը ֆիզիկապես չի հոգնել, հոգնել է նրա ուղեղը։

Ու էսպես լիքը Իքսեր (Իքս 1, Իքս 2) ամեն օր ավելի ուժեղ ու ցավոտ են զգում, որ ուղեղը հոգնել է։

Մեր Իքսը հոգնել է իր հետ ինչ-որ անիմաստ ու անվերջ նվազող երկրաչափական պրոգրեսիա կազմող մնացած իքսերի հաջորդականությունից։ Մի լուսավոր կետ կա՝ որոշ իքսեր առանձնացել են հաջորդականությունից ու դարձել առավել սիրելի։ Իքսը հոգնել է նաև իր սիրելի իգրեկ ու զեթ առարկաների կրկնուսույցներից, որոնք ինչքան էլ լավը լինեն, արդեն հոգնեցրել են իրենց այդ դերում, Իքսը իր նույն ուսուցչին մեծ սիրով կտեսակցի, երբ ընդունելության քննությունները հանձնած կլինի, երբ ուղեղը հանգստացած կլինի։

Իքսը հոգնել է նույն շենքերից, նույն առօրյայից, նույն դեմքերից, նույն ճանապարհներից։ Էն ճանապարհներից, որ արդեն անգիր է արել, ու առանց մտածելու կարող է անգիր ասել՝ քանի քայլ է տնից մինչև շենք։

Ուղեղս հոգնել է, իմ շրջապատ նոր ուղեղներ բերեք, ինձ ու իմ առանձնացած իքսերին տվեք նոր շենքեր ու ճանապարհներ, տարբեր գույների ճանապարհներ։