Nelli Khachatryan

Ուղերձ երևանաբնակ հասակակցիս

Բարև, երևանաբնակ իմ հասակակից ծանոթ կամ անծանոթ բարեկամ։ Մի բան ասե՞մ… Ես ապրում եմ Երևանում ՝ վարձով բնակարանում քրոջս և ընկերուհիներիս հետ: Նախանձեցիր ու մտածեցիր, որ դո՞ւ էլ էդպես կուզեիր… Ես էդպես էլ գիտեի, բայց ուզում եմ քեզ մի քիչ պատմել մեր առօրյայի մասին, հետո կորոշես` շատ նախանձե՞ս, թե՞ քիչ:

Դու ուսանող ես: Ես էլ։ Դու ավարտում ես դասերդ, գնում տուն ու կանչում` մամ, իսկ ես գնում եմ տուն ու զանգում մամային։

Դու հարցնում ես` ի՞նչ կա ուտելու, ես հարցնում եմ` ի՞նչ սարքեմ, որ ուտենք։ Ի դեպ, այ հիմա հասկանում եմ, թե մաման ինչի էր ջղայնանում, երբ իր «ի՞նչ եփեմ» հարցին պատասխանում էինք. «Դե մի բան եփի»… Հա, ինչ խոսք, շատ դժվար որոշում է: Չնայած, եթե չգիտես` ինչ եփել, ապա «մեծն փլավին» օգնության կանչիր, որն իր տեսակի մեջ շատ անտեսված, բայց ունիվերսալ ուտեստ է: Թերևս ամենահարգի ուտեստը մեր «երևանյան ընտանիքում» կարտոֆիլն է՝ իր բոլոր տեսակներով: Նպարեղենն էլ մեզ չի թողնում սոված մնալ, իսկ Ճամբարակից ուղարկված «պայոկների» ժամանակ մեր ստամոքսներին հաճելի անակնկալներ ենք մատուցում լոբով, մսով, մրգերով ու ամենակարևորը` քաղցրեղենով, ու ինչպես հայրիկս է ասում. «Ուսանողը զինվորի նման մի բան է: Իրա մոտ միշտ քաղցրն ա պակաս» (դե, երևի հասկացաք, որ հայրս զինվորական է): Չնայած համարձակվեմ չհամաձայնվել, որովհետև հաշվի առնելով այն, որ մենք ենք մեր բյուջեն կառավարում, հավատացեք, մեզ ավելի շուտ կզրկենք լույսից, քան քաղցրավենիքից։

Իսկ դուք երբևէ մի սենյականոց բնակարանում 7 հոգու, 2 թութակի ու մի ծովախոզուկի հետ մնացել ե՞ք: Ո՞չ: Իսկ դռները փակել ու փորձել գինով հարբե՞լ, կամ հեռուստացույցն ու ալեհավաքը ամբողջ տնով մեկ պտտեցնե՞լ, որ կարողանաս սիրելի ֆիլմը նայել: Ճաշը վառե՞լ եք այն աստիճանի, որ միայն մոխիր մնա…

Այս ամենը թողնելով մի կողմ, սովորում ես նոր ընտանիք կազմել… Դե, երբ դու ծնվում ես, դու արդեն ունենում ես «պատրաստի» ընտանիք: Այդ ընտանիքն արդեն կազմավորված է, դու այդ ընտանիքի փոքրիկ անդամն ես, քո մասին հոգ են տանում, ներում քո կամակորությունները, միգուցե որոշ բաներ անում քո փոխարեն: Չեք հավատա, բայց այդ ընտանիքում ես հնարավոր է քրոջս ավելի քիչ էի ճանաչում, քան այս մեկում, որը նոր ենք ստեղծել: Դե, շատ մանրամասներ նրա մասին երևի մայրիկը գիտեր, նա պատասխանատու էր մեզ համար: Հիմա բոլորս ենք պատասխանատու բոլորիս համար:

Դու սովորում ես ապրել մարդկանց հետ, ովքեր ունեն տարբեր կենցաղավարություն, սովորում ես գնալ փոխզիջումների, և չնայած ձեռք բերված նոր ընտանիքի, ավելի ես սկսում գնահատել ծնողներիդ: