Mariam Hovhannisyan.Nor kyanq

Ուղղակի դարձած անուղղակիները

Ինձ մեղադրեցին, որ սկսել եմ աշխարհին սև նայել, որ ընդամենը տասնվեց տարեկան եմ ու պիտի ուղղակի ապրեմ։ Ազնիվ խոսք, որոշեցի, որ վերջ. պիտի ուղղակի ապրեմ: Ուղղակի քայլում էի փողոցով…

Մի ութ տարեկան տղա դասն ու դպրոցը թողել ու աղբամաններն է ընկել, որ երեկոյան իր հավաքածը պիտի ներկայացնի ու դրա դիմաց մի կտոր ցամաք հաց ստանա։
Պատռված շորերով, փայլուն աչքերով, մրոտ ձեռքերով, նստած նստարանի ծայրին՝ վաստակած հացն էր ուտում։ Էս ամենը շատ ուղղակի եմ ասում։

Ուղղակի Անդրին ու Նռանեն 3 տարի է՝ հորը չէին տեսել, հարցնողներին էլ, չէ՛, առաջին հերթին, իրենք իրենց էին ոգևորված ու մեծ հավատով համոզում մոր ասած խոսքերը, որ գնացել է խոպան՝ լիքը-լիքը փող աշխատի, որ գա, գնան ռեստորան՝ խորոված ուտելու,
որ իրենց ուզած խաղալիքները ու շորերը առնեն, որ իրենց սառնարանը միշտ լիքը լինի, ու որ իրենք էլ սոված չքնեն։ Իրենք հավատում էին, որ հավատում են մորը։ Էս էլ էր ուղղակի։

Ուղղակի Արա հոպարը մենակ էր ապրում գյուղի իր մեծ տանը, երկու որդի ուներ, որոնց հասցրել էր իրենց նպատակներին, որոնց համար պատրաստ էր հոգին տալ, որոնց սրտի ուզածի չափ երես էր տվել։ Բայց որոնք նույնիսկ չէին բարեհաճում զանգել, դե զբաղված էին (Արա հոպարը էս խոսքերը ասում էր նրանց, ովքեր առյուծի սիրտ էին կերել ու որոշել էին տղերքի հասցեին թթու խոսք ասել, պատառ-պատառ էր անում էդ մարդկանց)։ Բայց էդ տղերքը պատրաստ չէին իրենց հիվանդ հորը տանել իրենց տուն: Դե, իրենք չէին ամուսնացել, որ իրենց կանայք իրենց հիվանդ հորը պահեին։ Բայց իրենք, չգիտես՝ ինչու, որոշել էին, որ էդ մարդը ծնվել էր, որ անդադար աշխատեր ու երկու մակաբույծ մեծացներ։

Ուղղակի մանկատան երեխեքին եմ տեսնում։ Իրենց բարությունը, իրենց երազանքներն ու նպատակաները, իրենց երջանկությունն ու ուրախությունը էն պահին, որ իրենցից մեկը հասնում է երազանքին՝ գտնում է իր տունը։ Էդ երեխեքը չեն ուրախանում, որ էդ պահից սկսած նույն խաղալիքով 30-ի փոխարեն 29-ը կխաղա ու իրենց սիրած շորի հերթը իրենց ավելի շուտ կհասնի։ Իրենք անկեղծ են, իրենք սիրում են իրար անկեղծ ու մաքուր՝ առանց մեզ էդքան ծանոթ արհեստականության։

Էսքան ուղղակի չի կարող լինել։ Ուղղակի ուզում եմ, որ ամեն ինչ էսքան անուղղակի չլինի։