Ուղղությունը՝ Կապան, Պերեմենի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Բարև: Էլի ես եմ՝ Անահիտը, Կապանից: Արդեն պատմել եմ քեզ մեր բարբառի մասին: Իրականում բարբառը միայն մեկն է այն առանձնահատկություններից, որոնցով օժտված է իմ քաղաքը: Ես ինքս էլ չգիտեմ՝ ինչու եմ այսքան սիրում Կապանը: Չնայած՝ տրամաբանական է, այստեղ ես 16 տարվա պատմություն ունեմ: Շատ ու շատ հետաքրքիր վայրեր կան, որոնց մասին կուզեի պատմել: Այսօր ուզում եմ պատմել «Պերեմենի» կոչվող մի թաղամասի մասին: Փոքր ժամանակվանից չեմ հասկացել՝ ինչով է պայմանավորված այս թաղամասի նման տարօրինակ անվանումը: Ճիշտը որ ասեմ՝ հիմա էլ չեմ հասկանում, բայց այն, որ այն իրոք տարբերվող է, փաստ է: Հիմա բացատրեմ՝ ինչով է տարբերվում: Այս թաղամասում շենքերն արտասովոր դասավորվածություն ունեն: Հիմնականում ամեն շենք երկու մուտք է ունենում: Եթե դու շենք ես մտել առաջին մուտքով ու բարձրացել ես, օրինակ, երրորդ հարկ, երկրորդ մուտքով մտնելիս այդ նույն հարկը ոչ թե երրորդն է, այլ, օրինակ, յոթերորդը: Անհնար բան է, գիտեմ: Մի անգամ, երբ հրավիրված էի այդ թաղամասում ապրող ընկերուհուս տարեդարձին, խոհանոցի պատուհանից ներքև նայեցի։ Ուղղակի հետաքրքրիր էր, բակն էի ուսումնասիրում: Ընկերուհուս տունը երրորդ հարկում էր: Հետո, երբ ինքը մեզ իր սենյակն էր ցույց տալիս, սենյակի պատշգամբ մտանք, ու ի՞նչ տեսնեմ․․․ Պատշգամբն այնքան բարձր էր, աննկարագրելի, վախեցա: Հարցրի՝ Իննա, էս ո՞նց, ասաց․

-Դե, բա Պերեմենին էլ սենց ա, էլի։

Համ զարմանալի էր, համ հետաքրքիր: Ներքևից նայելիս այս շենքերի դասավորվածությունն այնքան տարբերվող է: Ասես աստիճանների հաջորդականություն լինի: Մի անգամ լսել եմ, որ նման դասավորվածությամբ շենքեր հանդիպում են մեկ էլ Շվեյցարիայում: Չգիտեմ, հպարտանալու առիթ է տալիս:

Պերեմենին առանձնանում է նրանով, որ այստեղ է գտնվում նաև Դավիթ Բեկի արձանը: Հենց այս առիթով է, որ թաղամասի շենքերի մի մասը Դավիթ Բեկի անունով է կոչված: Դավիթ Բեկի արձանը շատ ու շատ կապանցիների համար ժամադրման վայր է: Եթե անգամ այլ քաղաքից հյուրեր են լինում, զանգում, տան տեղն են հարցնում, ասում եմ՝ թող բերեն Դավիթ Բեկի արձանի մոտ, իջնեմ, դիմավորեմ:

Հուսամ՝ մի օր դու էլ կայցելես Կապան:

Հ․Գ․ Հա, եթե մոլորվես, արի Դավիթ Բեկի արձանի մոտ, գամ, դիմավորեմ․․․