arxiv

Ում վիճակն է ավելի ծանր

Երևի կարդացել եք քույրիկիս՝ Արփինե Գրիգորյանի «Ծանր վիճակի»-ի մասին:

Նա տասներորդցի է, ամբողջ օրը պարապում է և, ինչպես ինքն էլ գրել էր, միակ փրկությունը երաժշտություն լսելու մեջ է գտնում: Մի կերպ համոզել ենք, որ երաժշտություն լսելիս ականջակալներ դնի ու մեզ չխանգարի: Իսկ երբ ականջակալներ է դնում, սկսում է բարձր ձայնով բաղաձայն երգել: Ես, մայրիկս, հայրիկս տարբեր սենյակներից բղավում ենք, որ ձայնը կտրի, բայց նա մեզ չի լսում: Սկսվում է աղմուկ-աղաղակ, բայց դա դեռ ոչինչ: Պարապելու համար սեփականացրել է իմ գրասեղանը, այդպես դասերս էլ կարգին չեմ սովորում: Դա էլ ոչինչ: Քնելուց հեքիաթի փոխարեն լսում եմ ֆիզիկայի տեսություն, վերջին երազս տրանսֆորմատորների մասին էր: Երբ բողոքում եմ, ասում է, թե միևնույն է, այդ դասը անցնելու եմ, երբ մեծանամ: Այն ժամանակ ավելորդ տեղը չեմ սովորի:

Բանավոր դասերից հետո անցնում է գրավորներին: Մինչև գիշերվա երեքը լույսը վառ է թողնում: Լույսի տակ քնել չի լինում:

Հեռուստատեսային իմ սիրած հաղորդումների ժամերը համընկնում են քրոջս սիրած հաղորդումների ժամերին, ստիպված զիջում եմ, որովհետև ուրիշ ժամերի նրան հեռուստացույց դիտել չեն թողնում: Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ շաբաթը մեկ վազում եմ նրա համար տետր ու գրիչ առնելու, պատկերը պարզ կդառնա:

Ոչինչ, մյուս տարի կգա իմ պարապելու հերթը, կհասկանա, թե որն է իսկական ծանր վիճակը:

Էվելինա Գրիգորյան, 16տ., 2002թ.