diana ayvazyan

Ուշացած բարև, աշուն

Ինչքա՜ն ժամանակ է՝ սպասում եմ, որ աշունը հյուր գա իմ սիրուն քաղաքին: Տաքուկ աշունը, որ նրան սիրեմ այնքան շատ, ինչքան սիրում եմ իմ ամենաքաղաքը:

Մայթերին արդեն թափվել էին տերևները, երբ ես զգացի աշնան սպասված գալուստը:

***

Ժամանակ չեմ կորցնում և շտապում եմ աշնան հետ հանդիպելու:

Փողոցը դատարկ է: Բարեկամներս կարծես կորել են գեղեցկության մեջ և թաքնվել այնտեղ, որ աշունն էլ ավելի ներթափանցի հոգուս մեջ:

Քայլում եմ փողոցով: Միայնակ ու հանգիստ, ասես ինձ կտրել եմ աշխարհից ու նետվել աշնան գիրկը: Ոտքերիս տակ խշխշում են դեռ նոր թափված տերևները: Նրանք կարծես սփոփում են ինձ, որ միայնակ չեմ:

Այո, կրկին աշուն է… Հերթական աշունը, որ իր հետքն է թողնելու օրագրիս էջերում ու կարոտից կծկված հոգուս մեջ: Խենթերի եղանական է աշունը՝ մեկ բաժակ թեյով, գրքերով ու սեղանին թափված տետրերով, որոնց էջերում կչորանան դեղնած տերևները:

Քայլում եմ լուռ: Այս անգամ աշունն է խոսում: Բառեր էլ չունեմ պահված, որ ձոնեմ նրա անբացատրելի խորհրդավորությանը: Քայլում եմ ու միակ բանը, որ ի զորու եմ անել, աշունը վայելելն է…

Նրա խոսքերն ու երգերը կպահեմ տետրերումս, որ մինչ նրա կրկին վերադառնալը չմեռնեմ կարոտից։

Եվ ահա, կրկին աշուն է, իսկ Հախվերդյանի «Մեր սիրո աշունը» անկասկած կկրկնվի։

Աշնան սերենադ

Ամեն տեղ գույներ են՝ պայծա՜ռ, լուսավոր,
Խշշոց է ամեն տեղ, տերևների երգ…
Աշունն է եկել, քաղաքը գրկել
Կարոտած մի հին բարեկամի պես։

Դարձել է գունեղ քաղաքը տխուր,
Մայթերն ամաչկոտ լցվել են սիրով,
Ես էլ միգուցե այս նույն տոնի մեջ
Իմ բարեկամին գրկեմ սրտամոտ։

Միգուցե  դուք էլ աշնան երգիս տակ
Գաք ինձ մոտ, ինչպես աշունը՝ քաղաք,
Ու ինչպես քամուց քշված տերևներ,
Գանք մեր աշնան մոտ ու իրար գրկենք,

Ինչպես աշունն է մեզ սովորեցրել…