aneta baghdasaryan

Ուսանողական շինջոկատներ մեզ պե՞տք չեն

Ամառային արձակուրդներին բոլորս ենք սպասում, և ուսանողների մեծ մասը փորձում է գտնել որևէ զբաղմունք՝ աշխատանք, ամառը առավելագույն օգուտով անցկացնելու համար։ Մենք կամավորական աշխատանքներ ենք փնտրում, դիմում ենք տարբեր հիմնադրամների՝ կրթաթոշակի համար, աշխատանքի հայտարարություններ կարդում, ռեզյումե ուղարկում ու գնում հարցազրույցի։ Ամռանը ուսանողներին աշխատանք առաջարկողները շատ են։

Հիմա կասեք՝ հա, լավ է, որ երիտասարդությունն ինքնուրույն է իր գլխի ճարը տեսնում, բայց ավելի լավ կլիներ, որ բոլորս էլ ամռան որոշ մասը զբաղված լինեինք ինչ-որ հանրօգուտ բանով։ Սակայն հարկ է հաշվի առնել այն փաստը, որ մենք ինքներս ենք փորձում զբաղմունք գտնել ամառվա համար, և ցավոք ոչ բոլորին է դա հաջողվում։ Եվ արդյունքում՝ երիտասարդության որոշակի մաս մնում է լրիվ պարապ և անիմաստ ու աննպատակ վատնում իր ազատ ժամանակը։ Ինչո՞ւ Սովետական Միության տարիներին երիտասարդների համար կազմակերպվում էին ճամբարներ ու կամավորական աշխատանքներ՝ բերքահավաք կամ աշխատանքներ շինարարական հրապարակներում, իսկ հիմա ոչ մի նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվում, ու ամեն մեկս իր գլխի ճարն է տեսնում կամ էլ չի տեսնում։

Հայրս պատմում է, որ իրենց ժամանակ ուսանողներին պարտադիր տանում էին կարտոֆիլ հավաքելու, մորս և տատիկիս տարել են խաղողի բերաքահավաքին մասնակցելու։

Ժամանակակից հեղափոխական հասարակությունը կողմնակից չէ սովետական կարգին, և երևի նրանցից քչերը կհամաձայնվեն ինձ հետ, սակայն պետք է մեզ հարց տանք՝ արդյոք սա՞ է այն կառուցողական Հայաստանը, որին մենք այսքան ձգտում ու կոչ ենք անում: Արդյո՞ք լավ է, որ մեր երիտասարդության մեծամասնությունը կատարյալ պարապությամբ է անցկացնում ամառային արձակուրդների երեք ամիսները, և ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում երիտասարդությանը տեղից շարժելու համար։

Կարծում եմ կառուցողական ևս մի լավ քայլ կլիներ այսպիսի մի բան կազմակերպելը, ու կապ չունի՝ ապրում ենք մենք ԽՍՀՄ-ում թե ազատ անկախ Հայաստանում։ Լավ կլիներ մեզ էլ կամավորական խմբերով տանեին գյուղեր, մենք էլ օգնեինք գյուղացիներին՝ հավաքել խաղող ու կարտոֆիլ, մասնակցեինք գյուղական դպրոցների վերանորոգման աշխատանքներին ու մենք էլ զգայինք մեզ ինչ-որ չափով օգտակար մեր հայրենիքին։