Elen Hakobyan Ararat

Ուսանողի օրագրից. Մենք ետ ենք գալու

Փոխվեցին ուսանողի օրագրի գալիք բոլոր տողերը, որոնք պիտի գրվեին, պիտի դառնային պատմություն: Որպես հասարակ ուսանող պիտի պատմեի ձեզ մի առեղծված, մի օր, մի ժամ, որն իր հետքն էր թողել կյանքումս: Բայց փոխվեց ամեն ինչ՝ իմ, քո ու նրա կյանքերը փոխվեցին, ինչքան որ հնարավոր էր:

Օրը փոխվել էր, աչքերս փակվեցին օրվա ծանր ու տխուր մտքերից։ Քնեցի նույն մտքով՝ հաղթելու ենք, ես երբեք չեմ կասկածել դրանում, ամեն օր եմ այդ մտքով քնել։ Եթե քնեի այդ գիշեր, եթե չտեսնեի այն, ինչ տեսա, եթե չլսեի, չզգայի, եթե ընկերներ չկորցնեի, եթե առաջվանը լինեի… Եվ հիմա եմ զգում, որ ես ոտքից գլուխ վրեժ եմ դարձել։ Ուզում եմ առնել բոլոր նրանց վրեժը, ովքեր չկան, բայց անզորության հանդարտ հոսանքը ինձ միշտ տապալում է այնտեղ, որտեղ կանգնում եմ։

Երբեք ու ոչ մի ազգ չի կարող ասել, որ հասկանում է մեզ, չհավատաք, չի կարող, մինչև իր տանը, իր ծննդավայրում չսպանեն իր հայրենակցին, եղբորը, հորը, սիրուն մի բանի համար միայն։ Մեր դեպքում «հանցանքը» հայ լինելն էր։ Դժվար է հայ լինելը, ու հիմա եմ հասկանում միայն, թե ինչու։

Հուսահատության մի դառը զգացում համակեց ինձ։ Զգացի՝ նորից հաղթեցինք աշխարհին, նորից վազեցինք արդարության ետևից ու նորից մենակ մնացինք, աշխարհն էլ սփոփեց մեզ, որպես պարտվող։

Ու այսօր մենակ ենք թողնում քեզ, ինչպես մենակ են թողնում տան փոքրին, բայց ում ամենից շատն են սիրում, ում ատամներով պաշտպանում են, բայց մի օր անզորությունից լքում են ու գնում, որ ավելի լավը դարձած ետ գան։ Մենք էլ թողնում ենք քեզ, քո հողի վրա ընկավ ընկերս, եղբայրս, հարազատս, գրկի՛ր նրանց, սու՛րբ պահիր նրանց արյունը ու սպասի՛ր։ Մենք ետ ենք գալու։ Չգիտեմ՝ քանի օրից, քանի տարուց, բայց գալու ենք։

Երազանքս գրկելու եմ ու ապրեմ, ամուր գրկելու եմ քեզ չտեսած, քեզ հետ չնկարված ու քեզնով չհիացած օրերս, գրկելու եմ քո գրկից եկած զինվորներին ու հոտն եմ առնելու քո, շունչդ եմ զգալու, վանքիդ «Տեր ողորմեա»-ն եմ լսելու։ Հաղթանակի ոգով, հաղթանակը ամուր բռնած, բայց պարտված, իրենց ձեռքերն եմ համբուրելու։ Ծնկելու եմ, աղոթեմ ու զգամ, որ քո վանքում եմ, զգալու եմ, որ իմն ես, որ ապրեմ։

Համբուրում եմ վանքիդ պատերը, գրկում եմ ամեն մի քարդ, փարվում եմ  բնությանդ։ Տե՛ս ինձ, զգա՛ ինձ ու ձա՛յն տուր, կանչի՛ր ինձ, ու ես կգամ։ Կթողնեմ տունս, կթողնեմ նրան, ում տեսա մի օր ու սիրեցի, կթողնեմ ամենաթանկը ու կգամ, որովհետև քեզնից թանկ էլ ոչինչ չմնաց։

Հայրենիքս, տունս, ես, երազանքներս չքացան: Հասկացա, որ դատարկ բաների մասին եմ երազել։ Հիմա ապրում եմ, որ մի օր գիրկդ գամ, որ եղբայրներիս կարոտն առնեմ, իրենց ոտնահետքերն ամենից երանելի ճանապարհին են մնացել, որ կենդանանան ու ինձ հետ քայլեն։

Ու գիտե՞ս ինչու. ես հասկացա, որ պարտական եմ, բայց ինքս էլ չգիտեմ, թե ում։ Ես պարտական եմ Նրան, նրան ում  չեմ ճանաչում ու նրան, ում հետ մի ամբողջ կյանք ապրեցի։ Ես պարտական եմ այն անջնջելի սպիով և կաղացող ոտքով երիտասարդին, ում հետ մետրոյի ամբոխի մեջ ենք։ Ես պարտական եմ այն փոքրիկ խանութի վաճառողուհուն, այն պատկառելի տարիքով և աչքերի խորը թախիծով կնոջը, ում որդին ետ չեկավ պատերազմից։ Բոլորս մնացինք պատերազմի դաշտում, մեր մարմինները ետ եկան, հոգիները, պատերազմում խաղաղություն փնտրող ու ապրելու իրավունքը շալակած, մնացին այնտեղ՝ ամպերից վերև, որտեղ աղավնիներն են ճախրում ու մարտնչում են արծիվները։

Փոխվեցին ուսանողի օրագրի գալիք բոլոր տողերը, և ուսանողն ինքն էլ փոխվեց ու գուցե փոխվեց ընդմիշտ…