ella mnacakanyan yerevan

Ուսանողական բողոքներ

Երևի ցանկացած դիմորդի ծանոթ է այն երջանիկ պահը, երբ վերջապես հանձնում ես վերջին քննությունդ (ընդ որում, կապ չունի՝ լավ, թե վատ) և մտնում տուն ազատության այնպիսի զգացումով, ասես ողջ կյանքիդ ընթացքում ուսերիցդ կախված մի ծանր բեռից ես ազատվել: Հաղթահարում ես շտեմարաններդ իսպառ այրելու երկու տարվա անհագ ցանկությունդ՝ մտածելով, թե սա վերջն էր, այլևս նման դժոխքում չես հայտնվի, բայց… Բայց քեզ համար շատ անսպասելիորեն պարզվում է, որ հունիսից ընդամենը երկու ամիս հետո գալիս է սեպտեմբերը, և երկու աներևակայելի կարճատև ամիսներին հաջորդում է մի նոր՝ ավելի ծանր դժոխք: Դե՜, հա՜, երևի հասկացաք, որ խոսքը համալսարանում հայտնվելու մասին է: Բայց բողոքս ոչ թե համալսարանին կամ բուն կրթությանն է վերաբերում, այլ այն եղանակին, որի միջոցով «կազմակերպվում» է կրթական պրոցեսը: Իսկ դա, սիրելի՛ ընթերցող, ինքնակազմակերպումն է:

Չէ՜, անկեղծ, ինչպե՞ս եք պատկերացնում՝ ո՞նց պիտի ինքնակազմակերպվի շուրջ 80 ուսանողներից կազմված կուրսը, որտեղ ոչ ոք ոչ ոքի գրեթե չի ճանաչում: Ես ասում եմ՝ ուսանող, դուք հասկացեք՝ երեկվա աշակերտ, որը սովոր է, որ իրեն պիտի ուղղորդեն, ցույց տան, սովորեցնեն, որն առաջին անգամ է համալսարանում ու բացարձակապես գլուխ չի հանում համալսարանական կյանքից: Աշակերտ, ով ուներ 30 հոգանոց դասարան, դասղեկ ու ավագ, հիմա չունի ո՛չ լսարան, ո՛չ կուրսղեկ, ո՛չ ավագ: Ի՞նչ անել: Այո՛, փորձեցինք ինքնակազմակերպվել:
Համալսարանական առաջին շաբաթն այն աստիճան խառն ու փնտրտուքների մեջ է անցնում, որ թվում է՝ դասի գնալուդ օրվանից ոչ թե մեկ շաբաթ է անցել, այլ մեկ ամբողջ տարի: Հիմա արդեն մեկ ամիս է անցել այն օրվանից, ինչ սկսել ենք համալսարան գնալ, բայց, փառք Աստծո, ամբողջ մեկ տարվա զգացողությունը չի կրկնապատկվել: Բայց, դե այնպես չէ, որ նվազել է: Դեռ կայուն է: Միայն հուսանք, որ մեր ստացած կրթությունը ու դրա դերը մեր կյանքում կարդարացնեն մեր բոլոր սպասելիքները ու կստիպեն մի օր խոստովանել, որ չէ՜, զուր էինք այսքան բողոքում: