nare Tigranyan

Ուսուցիչները

Ես ուսուցիչների զարմից եմ. մայրս, տատիկս ու նրա մայրը՝ մեծ տատիկս, ուսուցիչներ են, պապիկս նույնպես ուսուցիչ է եղել, աշխատել է նաև որպես տնօրեն: Ուսուցչի աշխատանքը, այո՛, դժվար է, բայց այնքա՜ն հետաքրքիր է, այնպե՜ս գրավիչ: Նախկին ուսուցիչ մեծ տատիկս արդեն բոլորել է իր կյանքի 93-րդ տարին, սակայն միայն տեսնել է պետք, թե նա ինչպես է արտասանում Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Նույնիսկ հիշում է դեպքեր իր ուսանողական տարիներից: Երբեմն-երբեմն նրան են այցելում իր նախկին աշակերտները, իրենց՝ արդեն տարիքն առած և կյանքի վերջաբանին կանգնած ուսուցչին տեսնելու:

Մի փոքր խոսեմ ուսուցիչ-պապիկիս մասին: Նրան տեսել եմ, երբ ընդամենը 4-5 տարեկան էի կամ ավելի փոքր: Ես հպարտություն եմ ապրում, երբ տարբեր առիթներով բարձր գնահատանքի խոսքեր եմ լսում ուսուցիչ-պապիկիս վարած աշխարհագրության ինքնամոռաց դասերի մասին: Բժիշկ հայրիկս նույնպես նրա աշակերտներից է եղել և ամեն անգամ մեծարանքով է խոսում պապիկիս և իր մյուս ուսուցիչների մասին, որոնցից խորը գիտելիքներ է ստացել (դպրոցը ոսկե մեդալով է ավարտել):

Ամիսներ առաջ մի խոսակցություն լսեցի: Տատիկս էր պատմում մայրիկիս: Տատիկս ուսուցիչներին նվիրված ասմունքի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին բազմաթիվ տաղանդաշատ երեխաներ: Միջոցառումը սկսելուց րոպեներ առաջ տատիկիս է մոտեցել միջոցառմանը մասնակցող երեխաներից մեկի մայրը և ասել.

-Դահլիճում կան այնպիսի ուսուցիչներ, որոնք արժանի չեն իմ երեխայի հնչեցրած գովեստի և շնորհակալական խոսքերին:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան մեծ է եղել ծնողի հիասթափությունը:

Ես շատ ուրախ եմ, որ չեմ հանդիպել այնպիսի ուսուցիչների, որոնք արժանի չեն գովեստի խոսքերի և հուսամ՝ չեմ էլ հանդիպի: