Ուտե՞լ, թե՞ չուտել

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Հնչեց տասնհինգ րոպեանոց դասամիջոցի զանգը, և դասարանը համարյա ամբողջությամբ դատարկվեց: Երեխաներից մի քանիսը զբոսնում էին, ոմանք ինչ-որ ուսուցչուհու փնտրում, բայց նրանցից շատերը գնացին բուֆետ:
…Բուֆետ, այդ բառը ոչ միշտ նույն նշանակությունը ունի: Չէ՞ որ բուֆետի ոչ բոլոր ուտելիքներն են թարմ: Ասեմ ավելին, մեր բուֆետում կան շատ փոքր խաչապուրիներ, որոնք 100-150 դրամ են, այնինչ խանութներում դրանց մի ամբողջական տուփը, որտեղ կան մոտավորապես տասներեք խաչապուրի, մոտ 550 դրամ է: Իսկ ամենափոքր չափսի «կիթկաթ» ու «սնիկերս» շոկոլադները մոտ 250 դրամ են. և ես կարող եմ այսպես շարունակ թվարկել:
Մեր բուֆետում կան նաև նարնջագույն կասկածելի մինի պիցաներ, որոնք մեր դասարանցիներից շատերը հավանում են: Լավ հերիք է սնունդի մասին, թեկուզ այն շատ ծավալուն քննարկման արժանի թեմա է:
Կոնկրետ ես բուֆետ գնալ չեմ սիրում և միշտ ուտելիքս վերցնում եմ տնից: Կամ էլ բուֆետը չհավանողների հետ դպրոցի կողքի փուռից եմ գնում իմ այդ օրվա նախաճաշը, սակայն փռում էլ շատ հաճախ ուտելիքը հիվանդությունների պատճառ է դառնում: Եթե ինձ բուֆետը պետք է, որը շատ հազվադեպ է լինում, անմիջապես դպրոց մտնելուց հետո գնում եմ բուֆետ և տեսնում միայնակ կանգնած բուֆետի աշխատողին, բարևում և առանց հերթի և լարվածության գնում այն, ինչ ինձ անհրաժեշտ է:
Բայց երեխաներից շատերը, մանավանդ ուշացողները, այդ մասին չեն մտածում և լարվածություն են ստեղծում տասնհինգ րոպեանոց դասամիջոցի ժամանակ:
Բուֆետի ընդհանուր տեսքը լավ է: Կան նաև ութ-իններորդ դասարանի աշակերտներ, ովքեր հերթապահություն են անում բուֆետում և հետևում են բուֆետի կանոնների պահպանմանը:
Բուֆետը նաև շատ ժամանակ կարող է կռվի վայր դառնալ կամ բամբասանքների ու նորանոր լուրերի աղբյուր:
Երկար դասամիջոցին բուֆետը շատ փոքր է թվում, չէ՞ որ այն լի է սոված երեխաների շարքով:
-Մարիամ տոտա՛, ես թեմատիկի եմ, մի հատ բուլկի կտա՞ք:
Իսկ այդ խոսքերի հետ խառնվում են տասնյակ այդպիսի արտահայտություններ:
-Մարիամ տոտա՛, տետր ունե՞ք:
-Մարիամ տոտա՛, մի հատ կրուասան, լավ էլի:
Տասնհինգ րոպե անց, խեղճ բուֆետի աշխատողը մաքրում է իր քրտինքը և ուրախանում, որ զանգը հնչել է: