vahe stepanyan

Ուրբաթ երեկո

Ուրբաթ երեկո: Ժամը վեցն անց «ահագին րոպե» կարմիր կամ դեղին ավտոբուսը (համապատասխանաբար` Մուկուչ կամ Մաթոս ձյան ՝ մեր ավտոբուսի «ուստեքը», էլի ) մոտենում է մեր խաչմերուկին:

Մի 50 մետր հլը կա կանգառին, բայց քանի որ մեր ավտոբուսի արգելակման համակարգերը «Խրուշչովն ա փոխել» վերջին անգամ, նախօրոք ՝ դե, մի 50 մետր, էլի, «տորմուզի պեդալը կաչայտելով ենք մոտենում կանգառին» (ով չհասկացավ, ասեք` կասեմ): Մի կերպ կանգնեց: Ես էլ մի կերպ իջա: Հետս տուն քայլող մարդ չկար: Դե որ չկար, էլ ինչի՞ եմ քայլում: Հենա կվազեմ, էլի:

Մտա միջանցք: Երկու քայլ առաջ գնացի: Հետո երկու քայլ հետ եկա: Մի բոթասս հանեցի ու շպրտեցի մի կողմ, մյուսը` մի ու նորից գնացի առաջ: Հավատացեք, առավոտ 9-ից սոված տնից դուրս եկած 7 ժամի նստած, 4 ժամ էլ պարապմունքի նստածի համար ամեն քայլը գերկամային է: Դրա համար էլ ես չհասա մինչև հյուրասենյակ ու ընկա միջանցքի բազմոցին:
-Մի բան տվեք ուտեմ,- իմիջիայլոց ասացի միջանցքի պատին ու գրպանիցս հանեցի հեռախոսս: Մտա Ֆեյսբուք, տեսնեմ` ինչ կա -չկա: Աչքս ընկավ 17-ի երեխեքից մեկի նյութին (չեմ հիշում` ում): Մտա 17 ու տեսա, որ «Ի՞նչն է ինձ հուզում» խորագրի տակ է: Հեհ: Տեսնես` ի՞նչն է երեխեքին հուզում: Մոռացա, որ մտել եմ նյութ կարդամ: Սեղմեցի ու մտա «Ի՞նչն է ինձ հուզում»:
Վերջիվերջո իմ հասակակիցներն են, հետաքրքիր է, չէ՞, թե ինչը կարող է նրանց ստիպել վերցնել գրիչը ու գրել, որ տվյալ բանը իրեն հուզում է: Մի քանի նյութ արագ կարդացի: Կարդալը որն ա` աչքի տակով անցկացրի։ Հետո էլի մի քանիսը։ Ու սենց ահագին-ահագին կարդացի: Պարզ ա։ Ես թեթև «ստատիստիկա» ունեմ հիմա։

Ուրեմն, էսպես. 30 %-ին «ահավոր հուզում ա» , որ հիմիկվա ջահելությունը սաղ օրը համակարգիչների ու հեռախոսների մեջ ա։ Մդա: Մտածեցի մի քիչ։ Կա նման երևույթ (երևույթ, ոչ թե` պրոբլեմ): Բայց։ Բայց ախր հեչ չի հուզում, է։ Ուզում են` թող մտնեն, էլի։ Ու էդ հեչ կապ չունի, որ էդ «ուզողներից» մեկն էլ ես եմ։

Անցանք, լավ։ Հաջորդ 30%-ին տանջում ա էն, որ իրենց բնակավայրում` «բլա-բլա …» (բլա-բլան իրենից ենթադրում ա տարբեր ենթակառուցվածքային, սոցիալական, մշակութային, սպորտային ու նման խնդիրներ): Բան չունեմ ասելու, կարևոր ա։

Բայց դե ո՞ւմ եմ խաբում։ Հետաքրքիր չի։ Չէ, կներեք ավելի ճիշտ, չի հուզում (ամեն ինչը գրում եմ իմ անձի համար, հետո չասեք` «սաղի անունից մի խոսա»): Էնտեղ մնաց մի 40 % բան։ Ուղղակի կասեմ` դպրոց ու էլի մի 20 % «հեչի պես» կթռնի։

-Միջանցքո՞ւմ դնեմ հացդ, թե՞ ստեղ,- խոհանոցից մամայի ձայնն եկավ։

-Հա,- էլի միջանցքի պատին ասացի։

-Ի՞նչը` հա, ստեղ եմ դնում։

-Ըհը…

Դպրոցական «հուզիչներին» արդեն սովորել եմ. երևի հենց դա լինի պատճառը, որ ընդհանրապես չեն հուզում ինձ։ Էնտեղ մնաց 20% ։ Հարցեր, որոնք ինձ էլ են հուզում։ Էդ էն հարցերն են, որոնց լուծումը կարող ենք տալ, իրոք, տալ։ Եվ ոչ վերցնել ու միանալ էն հազար հոգուն, ովքեր «կպած քլնգում են» կարևորը, բայց «քլնգման» առարկան դա ոչ թե իրենց հուզող մի բան է, այլ բան, որից կարելի ա մի լավ բողոքել։ Դրա համար ինձ ներկա դրությամբ ավելի հուզում ա «մանդարինը «ակուռատնի» մաքրելը». էն իրա վրայի սպիտակ թելերով-բանով։ Կամ «մեծ կարևորություն խնդիր ա» , որ երբ առավոտ ատամներդ լվանում ես ու հետո դպրոց գնալուց մի բան (այստեղ կարող է լինել ձեր սիրելի քաղցրավենիքը) ես ուտում , «մի բանն» անպայման «Քոլգեյթի» համ ա ստանում։ Հասկացա՞ք` ինչ էի ուզում ասել։

Ինձ էնքան էլ հետաքրքիր չի խնդիրը։ Թե ինչ են անում խնդիրը լուծելու համար, այ դրա մեջ ա հետաքրքրությունը։

-Արի հացդ կեր` սառավ։

-Եկա, հեսա։

Ի՞նչ ասեմ։ Գուցե գրեմ, թե ինչն է ի՞նձ հուզում։

Չէ, տենց բաները երևի մենակ ինձ են հուզում։ Գնամ հաց ուտեմ։

Խմբագրության կողմից. Գնա հացդ կեր… Էն, որ սովամահ ու հալից ընկած գալիս ես ու առաջինը «17»-ի նյութերն ես կարդում, արդեն ամեն ինչ ասում է: