Anushik Mkrtchyan

Ուրեմն էս ապարանցին…

Բոլորն էլ լսած կլինեն, որ բազմաթիվ անեկդոտներ, հումորներ վերագրում են ապարանցիներին: Ու երբեմն այդ հումորներն այնքան տհաճ ձևով են մեզ ներկայացնում, ասես ապարանցիները մտածելու ունակ չեն: Ես բնիկ ապարանցի չեմ: Ապարանի գյուղերից մեկում եմ ապրում: Նախնիներս էլ Ապարանից չեն եղել: Եղել են Ալաշկերտից, Մանազկերտից: Մի խոսքով՝ այդ տեղերից են գաղթել ու եկել Ապարանի Արագած գյուղ: Բայց ես ինձ կիսով չափ ապարանցի եմ համարում: Հիմնականում հումորն անելուց հետո էլ ասում են, թե բա՝ լավ, լուրջ մի ընդունիր, կատակ ա, ես լիքը ապարանցի ծանոթներ ունեմ: Հումոր անողը կարո՞ղ է «ուրեմն էս ապարանցին» փոխել «ուրեմն մի մարդ»-ով: Թե՞ էդպես հումորը ծիծաղելի չի լինի: Տատիկն ասում է, որ երբ սովորում էր, և ապարանցիների մասին իր ներկայությամբ վատ էին արտահայտվում, դրանից իրեն վատ էր զգում: Ասում է՝ դասախոսը եկել ու ասել էր, որ պիտի հպարտանա, որ ապարանցի է, չէ՞ որ ապարանցիները թուրքերին չթողեցին, որ անցնեն սահմանը, և արեցին դա առանց զենքի:

Գիտե՞ք՝ ինչն է «աղբյուր» հանդիսացել էդ հումորների: Կհետաքրքրի: Ասում են՝ մի կին ավտոբուսի մեջ մի ժամ ճամփա է գնացել, ու էդ մի ժամն էլ ուսից ծանր պարկը չի իջեցրել: Այդ կինը եղել է Ապարանի գյուղերից մեկում բնակվող կին:

Ինչևէ: Հումորներ շատ ենք լսում ապարանցիների մասին: Երբեմն ծիծաղում, երբեմն՝ բարկանում: Պետք է ուղղակի հումոր անողը հասկանա, որ ինքը, լինելով այլ քաղաքի, գյուղի բնակիչ, իրավունք չունի այլ վայրերում ապրող մարդկանց ծաղրելու: Դա այդքան էլ ճիշտ չէ: Ու ի դեպ, ապարանցիների նման հյուրասեր մարդկանց ոչ մի տեղ չեք հանդիպի:

Հ. Գ․ Ուրեմն կիսով չափ ապարանցին ավարտում է նյութը՝ ասելով, որ էդ ապարանցի կինը ավտոբոսում պարկը իջեցնում է: Իսկ էդ պատմությունը հորինողի երևակայությունը սահմաններ չունի:

Հա, մեկ էլ, այսօր ապրիլի մեկն է, Հումորի օրը, մաղթում եմ բոլորիդ բարի հումորներ: