Ու մենք խղճացինք Ռադիոն, Ռադիոն, որ պիտի անտեր մնա

Մենք ուսանողներ ենք, ուսանողին վայել սովորական կարգավիճակով. ուտում ենք` ինչ պատահի ու փնտրում պատճենահանման մատչելի տեղեր, մի քիչ էլ լրագրությամբ ենք զբաղվում։ Մենք մի տասը հոգի կլինենք, երբ դասի գանք-չգանք, չորեքշաբթի միշտ գալիս ենք, գալիս ենք, որ գնանք Ռադիոտուն: Էնտեղ մեզ միշտ մի կտոր շոկոլադ անպայման կհասնի, հետո նոր՝ նյութեր, քննարկումներ, խորհուրդներ ու վերջում էլի շոկոլադ, որ հանկարծ չդառնանանք։

Ռադիոյում մեր «հովանավորը» մեր դասախոսն է՝ պրն. Մարկ Գրիգորյանը կամ գրեթե միշտ, Մարկը (թող մեզ ների մեր սիրելի դասախոսը, ուղղակի եզակիներին սովորաբար անունով են դիմում)։

Այդ օրը մենք էլի Ռադիո գնացինք: Տխուր էինք, բայց ավելի շատ ջղային։ Բան չհարցրեցինք. ուզում էինք՝  նա սկսի, բայց ինչ-որ նյութ միացրեց,  «ինչ-որ», որովհետև չէինք լսում, ավելի շուտ ուրիշ բան էինք ուզում լսել, բայց չէինք հարցնում, որովհետև հաստատ գիտեինք՝ չէինք հասցնելու ավարտել խոսքը: Ու հերիք էր՝ մեկը փլվեր, մնացածները սկսելու էին քթները սվսվացնել ու լացել, ու այդ մեկը փլվեց։

Մենք ակտիվ քննարկում էինք,  տարբերակներ առաջարկում, բայց հետո նրա ընդամենը մի՝ «արժանապատվություն» բառից հետո համրացանք ու լուռ շարունակեցինք անձեռոցիկներ փոխանցել։

Գիտե՞ք, ախր, մենք հո մեր դասախոսի համա՞ր տխուր չէինք, ինչի՞ մասին է խոսքը: Դասախոսն ինքն իր համար տխուր չէր: Մենք Ռադիոյի համար էինք մտածում, որ հազիվ երիտասարդները սկսում էին լսել, ինքն էր սկսում երիտասարդանալ,  ու հիմա ո՞նց պիտի բացատրենք, որ դեմ են թարմությանը ու նորին փշերով են դիմավորում, չգիտեմ, երևի քիչ են շոկոլադ ուտում։

Հետո մենք թողեցինք Ռադիոտունը Ալեք Մանուկյան փողոցում ու դուրս եկանք Թումանյան փողոց: Էդպես տխուր էլ կգնայինք, եթե սահադաշտում երկու հոգի մեջքի վրա հավեսով չփռվեին: Մի քիչ հռհռացինք, հետո նորից հիշեցինք կատարվածը ու… Կարդա վերնագիրը: