Shushan nersisyan

չարդուկածՍ վերնաշապիկԴ

Ես մի փոքր, մի քիչ ավելի շատ, քան այդ մի փոքրը, շտապեցի քո հարցում: Դու դեռ չէիր ասել, որ սիրում ես, իսկ ես արդեն որոշել էի, թե որ վերնաշապիկդ եմ առավոտյան արդուկելու:

Դու ինձ ոչինչ չէիր ասել, իսկ ես արդեն որոշել էի, թե առավոտյան մեզնից ով պիտի շուտ արթնանա, որ մյուսին արթնացնի. իհարկե՝ ես (ինձ ասել էին, որ համերաշխ ընտանիքներում կինն է ամուսնուն արթնացնում), կամ դու, բայց գիտես՝ դա արդեն էական չէ, մենք դեռ կհասցնեինք որոշել, թե երբ ենք արթնանալու (դու պիտի անընդհատ ասեիր, որ զարթուցիչի կարիք կա, իսկ ես խոստանալու էի, որ դրա կարիքը դու առհասարակ երբեք չես զգալու, ես մտածում էի, որ կողքիդ կա՛մ կորցնելու եմ քունս, կա՛մ երբեք չեմ արթնանալու), բայց մեր պատմությունն այդքան չերկարեց, որ բանը հասներ միասին արթնանալուն:

Ես կարծում էի, որ առավոտյան նախաճաշին երկու ձվից ձվածեղը քեզ կգոհացնի, իսկ մինչև ընթրիք հաստատ ավելի լավ բան կհասցնեի մտածել: Դու բանը համատեղ նախաճաշերի էլ չհասցրիր, իսկ ես արդեն մտածում էի՝ ինչ ենք ուտելու ընթրիքին (ես մի փոքր, մի քիչ ավելի շատ, քան այդ մի փոքրը, շտապում էի քո հարցում):

Ես կարծում էի, որ մեր սենյակում պատուհանի մոտ քնելու հերթ չենք սահմանի, ինձ թվացել էր՝ լավ գիտես, որ ինձ համար դա էական չէ, որովհետև կարևորն ընդհանուր սենյակն է, բայց դու չէիր ասել, որ մենք նույնիսկ ընդհանուր տանիք չենք ունենալու:

Խոստովանեմ, որ նույնիսկ երեխաների անուններ էի հասցրել մտածել (այնպես, թռուցիկ), չնայած՝ գիտեի, որ երեխաներիդ անուններն ինքդ ես որոշելու, բայց դու չէիր ասել, որ ուզում ես ինձ նման աղջիկ ունենալ, դու բանը երեխաների չհասցրիր:
Ես ընտանեկան վեճեր ու հաշտության ճանապարհներ էի հորինել, դե որովհետև ինձ ասել էին, որ բոլոր ընտանիքներում վեճեր լինում են, բայց դու բանը ընտանիքի էլ չհասցրիր:

Դու բոլոր հարցերում բանը չհասցրիր գլխավորներին, իսկ ես բոլոր պարագաներում մի փոքր, մի քիչ ավելի շատ, քան այդ մի փոքրը, շտապեցի քո հարցում:

Ամեն ինչ սկսվելու էր վերնաշապիկդ արդուկելուց. եթե ես մի անգամ առավոտյան արդուկեի վերնաշապիկդ, հետո մենք պիտի համատեղ ընթրիքներ ունենայինք, ընդհանուր տանիք, բնականաբար, նաև ընդհանուր սենյակ, երեխաներ, ընտանեկան վեճեր ու հաշտություններ (դե, որովհետև չկան ընտանիքներ, որտեղ վեճեր չլինեն), համատեղ հոգսեր, խնդիրներ, դրանք տղամարդավարի հաղթահարելու համարձակություն, մի քանի անգամ ծաղիկներ, կենցաղային իրեր, իմ սիրելի ծաղկավոր թեյնիկը (ծննդյանս օրվա համար կարող էիր մտածել):

Քեզ տեսնելուս առաջին վայրկյանից ընտանիք էի հորինում, բայց դու ինձնից խոհեմ գտնվեցիր, բանը չհասցրիր քո վերնաշապիկներն արդուկելուն, որ հորինածս ընտանիքն իրականություն չդառնա, որովհետև լավ գիտեիր, որ այդտեղից ետդարձեր չկան (ինձ համար, համենայնդեպս):