Roza Amirjanyan

Չարտասանված խոսքեր

Երբ ամառային արձակուրդներն էին մոտենում, հայրս միշտ ասում էր.
-Գյուղ պետք է գնաս` տատիկի մոտ։
Հաճախ էի հորս ասածը անտեսում, մերժում։ Երբ անցավ մի քանի տարի, արդեն ես ինքս էի որոշում, որ պետք է գնամ գյուղ՝ տատիկին օգնելու։ Սկսեցի սիրել գյուղը, սիրել ամեն ինչ կապված գյուղի կենցաղի, ապրելաձևի հետ։
Տատս ուներ երեք տղա: Երազանքն էր աղջիկ թոռ ունենալը։ Ես վեցերորդն եմ: Տատիցս հաճախ էի հարցնում.
-Տատ, ինձ սիրո՞ւմ ես:
Ու միշտ լսում էի նույն պատասխանը: Ու այդ պատասխանը միշտ լինում էր բացասական։ Ամեն անգամ լսելուց շատ էի կոտրվում, նեղանում էի, բայց ամենից շատ ես էի տատիս մոտ գնում, քիչ թե շատ օգնում։
Երբ նա հիվանդացավ, մի պահ կանգ առան կյանքիս ընթացքի սլաքները: Այո, կանգ առան։ Հիվանդությունը խորացավ։ Երբ տատիս հիվանդանոց տարան, ես էլի տատիս կողքին էի՝ արցունքով լի աչքերով, թախիծով լի սրտով ու կոտրված հոգով։ Այնքան ցավոտ էր տեսնել նրան կոտրված, երբ ժամանակին նրա նման քաջ ու առողջ ոչ ոք չկար։
Երբ հիվանդանոց հասանք, ոչ մի բժիշկ չկար, մոտ մեկ ժամ սպասում էինք բժշկին։ Եկավ բժիշկը։ Հետազոտելուց հետո կանչեցին տղաներին։ Ես գիտակցում էի` ինչ֊որ բան այն չէ: Մի պահ դռան կողքով անցնելուց լսեցի, թե ինչպես էին ասում.
-Մեկ ամիս է մնացել ապրելու։
Ես սկսեցի աղոթել, որովհետև ամեն բան Աստծո ձեռքերում էր, Աստված լսեց աղոթքս։
Մեկ ամիսը դարձավ յոթ ամիս։ Հիվանդանոցից երբ տուն եկանք, անմիջապես սենյակ մտա ու սկսեցի արտասվել, որովհետև հասկացա՝ տատիցս թանկ ես ոչ ոք չունեմ, ամեն բան կտայի, միայն կողքիս լիներ…
Սիրտս կտոր-կտոր էր լինում, երբ տեսնում էի, թե ոնց էր տանջվում հիվանդության պատճառով։ Տատս այն մարդկանցից էր, ով շատ խնդիրների միջով է անցել։ Նա սիրված էր բոլոր գյուղացիների կողմից։
Դպրոցում էի, երբ զանգեցին ու ասացին, որ կատարվել է սարսափելին: Չէի կարողանում հանգստանալ, չէի կարողանում ներել ինձ, որ տատիս կողքին չէի։
Այդպես էլ կարոտ մնացի տատիս ջերմությանն ու սիրուն։ Կարոտ մնացի այն նախադասությանը, այն արտահայտությանը, որ գոնե մեկ անգամ ուզում էի լսել…