susanna mikoyan

Չափահաս կյանք մտնելու մտորումներից

Բազմազանության գաղափարը ինձ գրավել է դեռևս մանկուց։

Երբ ինձ հարցնում էին, թե որն է իմ ամենասիրած գույնը, դժվարանում էի պատասխանել, քանի որ սիրում էի տարբեր գույների համակցությունը։ Իսկ երբ գնացի դպրոց, մենք անցնում էինք տարբեր առարկաներ, և ծնողներս խորհուրդ էին տալիս, որ յուրաքանչյուր առարկայից գոնե գաղափար ունենամ, քանի որ դա ինձ կտա լայն աշխարհայացք։ Մասնագիտություն ընտրելու պահին մեծ դժվարության առաջ էի կանգնած, քանի որ ուզում էի կա՛մ դառնալ իրավաբան, կա՛մ արվեստի ոլորտում լինել։ Այդ երկվությունը շատ է ինձ տանջել, բայց ի վերջո եկա եզրահանգման, որ ինձ լիարժեք զգալու համար պետք են և՛ արվեստը, և՛ գիտությունը։ Իմ կենցաղային-խոհանոցային տաղանդը սահմանափակվում է մրգեր ձևավորելով, որը ես սիրում եմ, քանի որ այդ մրգերի գույները միասնաբար այնքան հաճելի են ինձ թվում, որ ես մոռանում եմ ուտել դրանք։ Ուսումնասիրելով մարդկային պատմությունը՝ հասկացա, որ այս մի աշխարհում ապրում են չափազանց տարբեր-տարբեր աշխարհայացքներով մարդիկ և հասարակություններ, և աշխարհում չկա մի ճիշտ և մի սխալ։ Ու դա գիտակցելով ես ունեցա մի մեծ ցանկություն՝ շփվել բոլոր մարդկանց հետ։ Չնայած՝ հաշվարկներս հուշում են, որ հարյուր տարվա կտրվածքով մեկ վայրկյան յուրաքանչյուրի հետ խոսելու դեպքում մոտավոր երեք միլիարդի հետ կկարողանամ շփվել, ես հույսս լիովին չեմ կորցրել:

Ես միշտ փորձել եմ գեղեցիկը փնտրել։ Եվ հասկացա, որ այդ գեղեցիկը բազմազանությունն է, բայց փաստորեն դրան մի բառ է պակասում՝ ներդաշնակությունը։ Այդ բառերը երկար ժամանակ չեմ իմացել և չեմ կարողացել բացատրել այն, ինչ համարում եմ աշխարհի ամենագեղեցիկ երևույթները։ Ամենապարզ օրինակը՝ նույնիսկ չարն առանց բարու, և բարին առանց չարի չեն կարող լինել։ Կյանքում գոյություն ունեն շատ տարբեր, նույնիսկ ծայրահեղ երևույթներ. չպետք է ոչ մեկը բացառել, այլ բալանսավորել։ Համենայնդեպս, կփորձեմ այդպես չափահաս կյանքում։