Չէ՞ որ դու Սեյրանն ես

Եկեք առանց երկար-բարակ նախաբանի պարզապես ձեզ պատմեմ Սեյրանի մասին։ Սեյրանին ճանաչում եմ արդեն չորս տարի՝ 17.am-ի` Հայաստանի պատանի թղթակիցների մեդիա ճամբարից։ Այն ժամանակ դեռ չգիտեի՝ ինչ բան է խմբային աշխատանքը, իսկ նա կոլեկտիվի ոգին էր. միշտ պատրաստակամ նոր գործի ձեռնամուխ լինելու կամ կողքինին օգնելու, կազմակերպչական աշխատանքներով զբաղվելու կամ որպես ուշադիր դիտորդ՝ երբեմն-երբեմն միջամտելու։

Նա այն մարդկանցից է, որոնց ուզում ես լսել, լսել… Որովհետև այնքան լայն մտահորիզոն ունի, որ ամեն հետաքրքրությունների տեր մարդ էլ կարող է գտնել այն, ինչ փնտրում է, կամ այն, ինչ հենց նոր է բացահայտում։ Միտքը կարող է վերածել գաղափարի ու ծրագրի, իսկ իր ծրագրերը կյանքի են կոչվում անմիջապես. հենց որոշեց հարցազրույց վերցնել մեկի հետ, րոպեներ հետո նրա համաձայնությունը ստացած, կազմ-պատրաստ, ճկուն հարցերի տեղատարափով ներկա կլինի պայմանավորված վայրում։

Հիշում եմ, որ շատ լավ պատմություն գիտի։ Պատմության մասին նրա զրույցներն ու բանավեճերը լսելով, ես ոչ միայն խոր ակնածանքով էի լցվում Սեյրանի հանդեպ, այլև նոր կերպարներ ու հերոսներ էի բացահայտում ինձ համար, նոր ուսումնասիրությունների թեմաներ ու հարթություններ սկսում փնտրել։

Արդեն չորս տարի ես ինձ համար բացահայտել եմ այս ուժեղ մարդուն, ով մի հայացքով կարող է մարդուն դաստիարակել, մի մեղմ ժպիտով վստահություն ներշնչել։

Երեկ իմացա, որ մարտում տանկիստները, որոնց թվում էր նաև Սեյրանը, շրջափակման մեջ են հայտնվել, ու Սեյրանը վիրավորում է ստացել։

Այսօրվա հաղթանակ կերտողները մեր ընկերներն են, հասակակիցները, եղբայրները։

Սեյրա՛ն, որքան էլ վերքդ ծանր լինի ու հիշողության սպիները՝ տանջող, պետք է հավատալ, որ կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է և ամեն նոր հնարավորություն իր մեջ հույս ու ակնկալիքներ ունի։ Հավատա, որ քեզ ճանաչողն ու չճանաչողը, մի պահ խորը շունչ քաշելով, իր մտքում քեզ շուտափույթ ապաքինում է ցանկանում։ Իսկ միտքը ուժ ունի, և ինքդ էլ ուժ ունես այնքան, որպեսզի բոլոր խոչընդոտները հօդս ցնդեցնես։ Չէ՞ որ դու Սեյրանն ես։ Չէ՞ որ դու հաղթող ես քո էությամբ։

Էլի ժպտա, շատ ժպտա քո մեղմ ու խոսուն ժպիտով, որովհետև դու արդեն հաղթել ես, մենք արդեն հաղթել ենք…  Ու շուտ ապաքինվիր, ընկերս, բարեկամս, մարտիկս…

Քո բոլոր ընկերները քեզ հետ են: