Չի՛ կարելի, այ ձեր ցավը տանիմ, մեղք ենք

Արձագանքում եմ Մարինե Ղահրամանյանի «Համակարգչային կախվածությունը հիվանդություն է» և Նարեկ Բաբայանի «Հավերժ հակամարտություն» հոդվածներին:

Համակարգիչն ու առհասարակ համացանցը վատ բան չեն, եթե իհարկե դրանից օգտվելու տարրական կանոնները գիտենք: Այսօր կարելի է  ասել, որ մեր առօրյան տարբեր կողմերով կապված է համակարգչի հետ: Այ, էսպիսի մի օրինակ. Ես, լինելով «Մանանա» կենտրոնի պատանի թղթակից, չէի կարող որևէ նյութ ուղարկել 17.am կայքին, եթե չլիներ համակարգիչը, չէի տեղեկանա մյուս թղթակիցների նյութերին: Ես ապրում եմ Շիրակի մարզի Բանդիվան գյուղում, շատ հեռու մայրաքաղաքից, սակայն համացանցի օգնությամբ միանում եմ իմ հասակակիցների քննարկումներին, տեղեկանում, թե իրենք ինչպես և ինչով են ապրում: Մենք մի քանի վայրկյանում որոնում ու գտնում ենք մեզ հետաքրքրող ցանկացած նյութ:
Բայց ի վերջո, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Ու համակարգչից էլ պետք է չափավոր օգտվել, պետք չէ դարձնել համացանցը մոլորակ, Одноклассники-ը, Facebook-ը` երկիր, մեր անունով բացված էջն էլ բնակարան: Չի՛ կարելի, այ Ձեր ցավը տանիմ, մեղք ենք: