ella mnacakanyan yerevan

Չիրագործված երազանքիս ճանապարհին

«Mesdames, Messieurs…»:
Այս բառերով էր սկսվում այն նամակը, որը փշրեց իմ երազանքը հենց այն պահին, երբ թվում էր՝ արդեն այդքա՜ն մոտ էի դրա իրագործմանը: Չէ՛, ավելի ճիշտ՝ երազանքս չկոտրվեց (երազանքները միայն ներսից են կոտրվում, չէ՞), այլ այն հույսը, որը դրդել էր մտովի արդեն դասավորել ճամպրուկս, ընտրել զգեստներս, որոշել, թե Փարիզի կամ Մարսելի որ անկյունում ինչպես եմ լուսանկարվելու ու թե ինչքա՜ն եմ հասցնելու կարոտել մերոնց այդ ընթացքում:

Ը՜, մի քիչ խառն եմ խոսում, չէ՞: Լավ, ուրեմն, եկե՛ք ամեն ինչ պատմեմ սկզբից:
Մարտի սկզբին «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիա»-ն և «Ֆրանսիական միջազգային կենտրոններ Լեո ակումբ»-ը կազմակերպել էին մրցույթ, որին կարող էին մասնակցել 18-25 տարեկան ուսանողները, և որի հաղթողն ամռանը մեկնելու էր Ֆրանսիա՝ երեքշաբաթյա շրջայցի: Ես, իհարկե, դեռ 18 չկամ, բայց քանի որ ներսիս 17-ամյա հրեշտակները (կամ գուցե սատանաները) ինձ հանգիստ չէին տալիս ու անընդհատ «բզբզում էին», որոշեցի ես էլ մասնակցել մրցույթին՝ տարիքային շեմից բացառության կարգով: Ու չնայած թերահավատ էի նրանում, որ 46 մասնակիցներից հենց ես կհայտնվեմ հաջորդ փուլ անցած յոթնյակի մեջ, բայց մրցույթի գրավոր փուլից 2 օր հետո ստացա դա ավետող մի նամակ, որն, ի դեպ, սկսվում էր «Madame Mnatsakanyan»-ով: Մադա՞մ: Էդ ե՞րբ եմ հասցրել ամուսնանալ: Ահագին ծիծաղեցի «մադամ»-ի վրա։ Դե՜, անսովոր էր այդպես լսել ազգանունս, բայց ա՜խ, այդ ֆրանսիական քաղաքավարությունը…
Իսկ բանավոր փուլի մասին ավելի լավ է՝ չխոսեմ, որովհետև բոլորովին չեմ հիշում՝ ինչ եմ ասել դրա ընթացքում: Անկեղծ: Միայն հիշում եմ, որ պիտի համոզեի մի ֆրանսիացու տոնել իր ծննդյան տարեդարձը, իսկ ինքն էլ էնքա՜ն համառ էր իր որոշման մեջ: Բայց, ի վերջո, համոզեցի, ասաց՝ կտոնի: Միայն չհասկացա, թե ինչու չկարողացա նաև համոզել, որ ծննդյան օրը տոնելուց բացի հենց ի՛նձ ուղարկեն Ֆրանսիան տեսնելու: Փաստորեն, չհասա երազանքիս, երբ արդեն չափազանց մոտ էի դրան, և ընդամենը մի քայլ էր մնացել հաղթահարելու, բայց… Միշտ կա մի «բայց»։ Ինչևէ, ես չհաղթեցի, բայց ես ամենակրտսերն էի մասնակիցներից, և ուրեմն ես ամենաշատ ժամանակն ունեմ «կրկին փորձելու»: Ու քանի որ իմ երազանքը չի ստացվել կոտրել (երազանքները ներսից են միայն կոտրվում), կոտրել են միայն հույսս, ես անկասկած նորից եմ բռնելու երազանքս իրագործելու ճանապարհը՝ հավատով, որ վերջին քայլն, ի վերջո, կկարողանամ հաղթահարել: