Anahit Badalyan

(Չ)կայացած թռիչքներ

Կյանքի բոլոր նոր փուլերի միջով անցնելիս մենք նախ էդ փուլերն անցկացնում ենք մեր միջով։ Ինչ-որ ճանապարհ անցնելուց առաջ մի քանի անգամ պատկերացնում ենք մեզ այդ ճանապարհին ու դրա վերջում անգամ։ Փորձում ենք հասկանալ՝ որտեղ ենք առավել ոգևորված լինելու, երբ ենք հոգնելու ու փորձում ենք հաշվարկել հավանականությունը՝ երբևէ հետ կանգնելու։ Ու երբ իսկապես ճանապարհին ենք, հասկանում ենք՝ արժեր անցնել էդ փուլով ևս՝ զգալու համար միայն, որ ապրելը պատկերացնելուց լավ է, ու որ միտքն ինչքան էլ ի վիճակի լինի պատկերելու պատահելիքը, սրտով զգալն է ապրելը․․․

Վերջին ամիսներին միտքս անընդհատ փորձում էր կտրել-անցնել անանցելի թվացող հեռուներն ու պատկերել գալիք սեպտեմբերը, որ պիտի լիքը լիներ այնպես․․․

Դիմորդի կարգավիճակը դուռս թակել էր դեռ 2019-ի հոկտեմբերից։ ԱՄՆ-ում գտնվող համալսարաններ դիմելու համար դիմումների գործընթացը սկսվում է աշնանից, ու ավարտվում է գարնանը՝ համալսարանների կողմից որոշումների թողարկմամբ։ Դժվար ժամանակներ էին՝ լիքը դասերով, պորտֆոլիոյի անդադար վերանայմամբ, ուսուցիչների երաշխավորագրերի հավաքագրմամբ ու օրվա վերջում հոգնածությունից մինչև վերջին բջիջը սպառված՝ առանց հասկանալու համակարգչի դիմաց քնով անցնելով։ Բայց լավ ժամանակներ էին։ Կարոտում եմ․․․

Մինչ հասակակիցներս խառնիխուռն քննությունների արդյունքում վերջին ամիսներին դիմում-ընդունվում էին համալսարան, ես սպասում էի նոր թռիչքների, որ կիսամյակս սկսեմ էնտեղ, որտեղ երազում էի, ու որտեղ հասնելու համար չխնայված ջանքեր կան այնքա՜ն․․․ Օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում…

Ես կողջունեմ Ռիչմոնդի համալսարանին՝ ապագա 4 տարիների իմ տանը, 2021-ի ձմռանից։ Դե, որովհետև ինքնաթիռներն էլ են մեկ-մեկ հոգնում թռչելուց ու ուզում են հանգստանալ մի քիչ․․․

Դեռ մարտից արդեն ընդունելությանս նամակը ստացել էի, ու աշխարհում պատահող-չպատահող ոչինչ ինձ չէր կարող համոզել, թե լավը չէ 2020-ը․․․ Ու չի համոզել․․․

Էնքան մանկուց եմ պատկերացրել համալսարան ընդունվելս, հետո ուսանող դառնալս, հետո ավարտելս։ Դեռ երրորդ դասարանից մտքումս պտտվել են ամենահնարավոր ու անհնար մասնագիտությունները։ Մինչև երրորդ դասարանը վստահ էի՝ երգչուհի կդառնամ, հետո մտածեցի՝ չէ, ատամնաբույժ դառնամ, կլինիկա կբացեմ։ Ինչքան էլ որ առանց վարանելու ու վախենալու ատամնաբուժարան էի գնում, երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ չէ, սիրելիս, բժշկությունը քոնը չէ․․․ Բոլոր-բոլոր գերազանցիկների նման կյանքի մի փուլում ես էլ էի վստահ, որ ուսուցչուհի եմ դառնալու։ Դա այն ժամանակ էր, երբ դեռ երկու պոչիկներով էի գնում դպրոց, ու երբ բոյս գրատախտակի կեսին հազիվ էր համարժեք։ Կյանքիս մի սիրուն շրջանում ի վերջո ուսուցիչ եղա, բայց դա թող մնա որպես սիրելի զբաղմունք, ոչ մասնագիտություն։

Եթե 12 տարեկանում հարցնեին՝ կյանքում ինչում եմ ամենաշատը վստահ, կասեի՝ նրանում, որ մի քանի տարի անց ես եմ լուրերը հաղորդելու հեռուստացույցով։ Կյանքիս երեք-չորս սիրունագույն տարիներին էս մտքով քնում-արթնանում էի։ Սեփական հաղորդում ու ալիք բացեցի, որոնք հիմա նայելիս ծիծաղում եմ էնպես, որ ստամոքսիս հաջողվում է ցավել։ Ծիծաղում եմ ու ինչ-որ պահերի նախանձում էն ժամանակվա ինձ, որ էնքան վստահ էր՝ եթե մի բան ուզում է, ուրեմն աշխարհում ոչինչ ու ոչ ոք չի կարող խանգարել։ Չէր կարող խանգարել և այն, որ առանց բարձրախոսի, թվային տեսախցիկով ստիպված էի ստանձնել լրագրողի, օպերատորի ու մոնտաժողի դերը։ Չէր կարող խանգարել և այն, որ մարդիկ մեկ-մեկ (շա՜տ հաճախ) տարօրինակ հայացքով էին նայում, երբ մոտենում էի ու հարցնում՝ ներեցեք, ի՞նչ կարծիք ունեք Կապանում կազմակերպվող մանկապատանեկան միջոցառումների վերաբերյալ։

Մանկապատանեկան միջոցառումների մասին ռեպորտաժները ինձ մինչ օրս կարոտել են տալիս առավոտից երեկո քաղաքով մեկ նոր հոդվածի համար աջուձախ վազող Անահիտին։ Նրան, ով չնայած մեծացել է ու 12-ի փոխարեն հիմա 18 տարեկան է արդեն, բայց որոշել, պայքարել ու ընդունվել է էնտեղ, որտեղ իսկապես ուզում էր։ Եվ նրան, ով հոգու խորքում դեռ շա՜տ տարիներ առաջ գիտեր՝ տնտեսագետ պիտի դառնար, ու էդպես էլ լինում է։

Հասակակիցներս էստեղ կսկսեն օնլայն սովորել։ Ես էլ օնլայն դասընթացներ կանեմ եկող կիսամյակի ընթացքում։ Բայց ամենասիրուն ուսանողական կյանքը պաշտոնապես կսկսվի հունվարից։ Կսկսվի։ Անպայման։

Իսկ մինչ այդ մնում է չտխրել չկայացած թռիչքների համար։ Գուցե պետք էր տեսնել Կապանի տերևաթափը երկու տարի անց։ Ու գուցե պետք էր էլի մի անգամ նոր տարուն երազանք պահել հենց մեր տան տոնածառի առաջին խաղալիքը կախելիս։

Ու գուցե էստեղ ևս չկայացած թռիչքներ կան՝ երկար ու խրթին մի քիչ, բայց և այնպես՝ միշտ դեպի վեր տանող․․․